«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահները զբաղվում են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի դեմ ներկայացված հանցագործության մասին հաղորդման դիմումով: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահների ձեռքում կան տվյալներ, որ Ավանեսյանի ընտանիքի հետ կապված «Արմֆարմացիա» ընկերությունը գնումների գործընթացում ուշագրավ ակտիվություն է ցուցաբերել, ինչը շահերի բախում է: Թե ինչ հետեւանքներ կունենա այս քրգործը Անահիտ Ավանեսյանի գործունեության վրա, դժվար է ասել. ամեն դեպքում, մենք կհետեւենք զարգացումներին:
Հիշեցնենք, որ այս տարվա նոյեմբերին անդրադարձել էինք նախարարի մորը պատկանող ընկերությանը: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացել էր, որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մորը՝ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Մարգուշ Վարդանյանին նախկինում պատկանած անշարժ գույքի մասով դատախազությունում երբեք ուսումնասիրություն չի եղել: Խոսքը Երեւանի Պուշկին փողոցում գտնվող «Վիգմոր» կլինիկայի շենքի մասին է, որն, ըստ Ավանեսյանի պնդումների, այժմ իրենց չի պատկանում:
Մյուս կողմից՝ գրել էինք, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ընտանիքում «կռիվ է ընկել», եւ «Արմֆարմացիա»-ն դիմել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողով ու խնդրել Առողջապահության նախարարության նկատմամբ տնտեսական մրցակցության բնագավառում հնարավոր իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցել՝ արգելված պետական օժանդակության եւ պետական մարմինների եւ դրանց պաշտոնատար անձանց հակամրցակցային գործողությունների կամ վարքագծի հատկանիշներով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը