14 12 2022

Հանրաքվեի մասին սխալ տեղեկություն. Փաշինյանը խաբել է. մաս 154. «Ժողովուրդ»

Հանրաքվեի մասին սխալ տեղեկություն. Փաշինյանը խաբել է. մաս 154. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այս տարվա հունիսի 15-ին Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին խոսել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հանրաքվեի կամ պլեբիսցիտի մասին, ինչպես այն հիշատակվում է բանակցային փաստաթղթերում։

«Սերժ Սարգսյանի թողած բանակցային ժառանգության մեջ չի նշվում, թե հանրաքվեն ԼՂ-ում է տեղի ունենալու։ Ասվում է, որ ԼՂ ամբողջ բնակչությունը մասնակցելու է հանրաքվեին։ Ավելի կոնկրետ ասվում է՝ համաժողովրդական հանրաքվե, որին մասնակցելու է ԼՂ ամբողջ բնակչությունը, այսինքն՝ ԼՂ ամբողջ բնակչությունը նույն ինքը համաժողովրդականը չէ»,- այդ նիստին ասել էր Փաշինյանը։ Այս թեզը Փաշինյանը վերջին շրջանում բավականին ակտիվորեն էր տարածում, սակայն «Փաստերի ստուգման հարթակ»-ը պարզել է, որ Նիկոլ Փաշինյանը մանիպուլացնում է հանրաքվեի հնարավոր արդյունքները՝ ասելով, թե «Լեռնային Ղարաբաղի տարածքի» փոխարեն փաստաթղթերում նշված է եղել «Լեռնային Ղարաբաղի բնակչություն»։

Փաստն այն է, որ Արցախի (ԼՂԻՄ-ի) հայ բնակչությունը բացարձակ մեծամասնություն էր կազմում 1986 թվականի Սովետական Միության անցկացրած մարդահամարով։ Հայերը Արցախում 1986-ին շուրջ 103 հազար էին կամ բնակչության ընդհանուր թվի 85 տոկոսը, ադրբեջանցիները 17 հազար էին կամ միայն 14 տոկոսը։ Համամասնությունը մի փոքր տարբեր է առկա հաջորդ՝ 1989 թվականի տվյալներով. հայ բնակչությունը Լեռնային Ղարաբաղում կրկին բացարձակ մեծամասնություն էր կազմում՝ 76.տոկոս, ադրբեջանցիները՝ 21.5 տոկոս, եւ 1 տոկոսը՝ ռուսներ։

Այսպիսով, իր ելույթով Փաշինյանը փորձում է տպավորություն ստեղծել, թե «համաժողովրդական» արտահայտությունը նախկին իշխանությունները օգտագործել են որպես միայն «հայկական հանրաքվե», եւ թե իրականում դրան պետք է մասնակցեին նաեւ ադրբեջանցիները: Ըստ Մադրիդյան սկզբունքների՝ պլեբիսցիտին ցանկացած պարագայում մասնակցելու էին 1988 թ. համամասնությամբ հայեր եւ ադրբեջանցիներ, ինչը բացարձակ առավելություն էր տալիս հայկական կողմին։ Նիկոլ Փաշինյանի խոսքերը հերթական անգամ իրականությանը չեն համապատասխանում. նա փորձել է մեղադրել ուրիշներին, սակայն կրկին ձախողել է:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ