«Հրապարակ» թերթը գրում է․ «Հաջորդ տարի՝ 2023 թվականին, առանց այդ էլ բարձր վարձատրություն ստացող պաշտոնյաների եկամուտները շեշտակի կավելանան, քանի որ 2023 թվականից բարձրանալու է բազային աշխատավարձը, որի հիման վրա հաշվարկվում են բոլոր պետական պաշտոնյաների աշխատավարձերը։ Ներկայում պաշտոնյաների աշխատավարձերը հաշվվում են հետեւյալ կերպ․ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության» մասին օրենքը սահմանում է պետական պաշտոնների դրույքաչափերի գործակիցները, որը բազմապատկելով գործող բազային աշխատավարձով՝ ստացվում է տվյալ պաշտոնյայի աշխատավարձի չափը։ Ամենաբարձր գործակիցն ունի հանրապետության նախագահը, նրա պաշտոնի գործակիցը 20 է, իսկ բազային աշխատավարձը՝ 66 հազար 140 դրամ, այսինքն՝ նախագահը ներկայումս ստանում է 1 մլն 323 հազար դրամ։ 2023 թվականին, երբ բազային աշխատավարձը կդառնա 83 հազար 200 դրամ, նախագահի աշխատավարձը կդառնա 1 մլն 664 հազար դրամ, այսինքն՝ կավելանա 340 հազար դրամով։
Վարչապետի վարձատրության պաշտոնային գործակիցը 19-ն է, ներկայում ստանում է 1 մլն 256 հազար 660 դրամ, 2023 թվականի հունվարի 1-ից նրա ամսական աշխատավարձը կկազմի 1 մլն 580 հազար դրամ, այսինքն՝ վարչապետի աշխատավարձը կավելանա 324 հազար դրամով։ Ազգային ժողովի նախագահի ներկայիս աշխատավարձը կազմում է 1 մլն 190 հազար 520 դրամ, հունվարի 1-ից կդառնա 1 մլն 497 հազար 600 դրամ, այսինքն՝ կավելանա 307 հազար դրամով։ Նկատենք, որ սա չի վերաբերում պարգեւավճարներին։
Սահմանադրական դատարանի նախագահն ու Բարձրագույն դատական խորհրդի նախագահը ներկայում ստանում են 1 մլն 58 հազար դրամ, հունվարի 1-ից նրանց աշխատավարձը կդառնա 1 մլն 331 հազար դրամ, այսինքն՝ կավելանա 273 հազար դրամով։ Փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի, Համբարձում Մաթեւոսյանի եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ամսական աշխատավարձը ներկայում կազմում է 1 մլն 25 հազար 170 դրամ, բազային աշխատավարձի բարձրացման պարագայում հունվարի 1-ից նրանք կստանան 1 մլն 289 հազար 600 դրամ՝ 264 հազար դրամով ավելի։ Հունվարի 1-ից կավելանան նաեւ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանի, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի, Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանի աշխատավարձերը․ նրանք ներկայում ստանում են 992 հազար 200 դրամ, նոր տարուց նրանց աշխատավարձերը կավելանան 255 հազար 800 դրամով՝ դառնալով 1 մլն 248 հազար դրամ։
Նույնկերպ կաճեն նաեւ պետական մյուս պաշտոնյաների աշխատավարձերը։ Նրանցից շատերի պաշտոնների համար տարբեր տոկոսային չափերով՝ 30, 50, 100 տոկոս, ամսական հավելավճարներ եւս նախատեսված են, եւ աշխատավարձերի ավելացմանը զուգահեռ կավելանան նաեւ նրանց տրվող ամսական հավելավճարները։ Օրինակ՝ եթե արդարադատության նախարարության նախագիծը, որով գլխավոր դատախազի եւ դատախազների համար 100 տոկոսի չափով ամսական հավելավճար է սահմանվում, նշանակում է՝ գլխավոր դատախազի ամսական եկամուտը կհասնի 2 մլն 500 հազարի»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը