Ովքե՞ր են մեր երկրում ամենաշատը սպասում նոր տարուն։ Եթե ժողովուրդը սպասում է, որովհետև էդպիսի ավանդական սին հույսեր կան, որ հին տարին կմաքրի բոլոր կեղտերը, դժբախտությունները և նոր տարին մաքուր էջից կսկսեն (5 տարի՝ նույն հույսով), ապա նոր տարին իսկական ձմեռ պապիկ է լինելու պետական պաշտոնյաների համար։ Հունվարի 1-ից աշխատավարձերի կտրուկ բարձրացում է սպասում նրանց։ Հակակոռուպցիոն կոմիտեում աշխատավարձին 100 տոկոս հավելում կտրվի, Փաշինյանի նախկին օգնական, հիմա արդեն գլխավոր դատախազը 2,5 մլն կստանա, Կարեն Անդրեասյան ԲԴԽ նախագահը 2 մլն կստանա, ՔՊ ական պաշտոնյաները ընդհանրապես, բարձր կվարձատրվեն։ 2023 թվականի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը սահմանվում է 75․000 դրամ: Բայց բարձրանում է պաշտոնյաների բազային դրույքաչափերը՝ դառնալով 83,200 դրամ։ Դա նշանակում է, որ, օրինակ, Նիկոլ Փաշինյանի աշխատավարձը բարձրանում է շուրջ 250 հազար դրամով։ Նիկոլ Փաշինյանը 2013 թվականին ելույթ էր ունենում ԱԺ ամբիոնից ու բառացի ասում էր՝ չի կարող պաշտոնյայի աշխատավարձը տոկոսային առումով ավելի աճի, քան նվազագույն ստացողինը։ Հիմա իր աշխատավարձը ավելանում է 25 տոկոսով, նվազագույնը՝ 10 տոկոսով։ 2013 թվականի հոկտեմբերին Ազգային ժողովը քննարկում էր պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնելու հարցը, ելույթ ունեցավ ընդդիմություն աշխատող Նիկոլ Փաշինյանը և ասաց․ «Հայաստանում այսօր 1 մլն մարդ աղքատ է ու այդ մարդիկ ամեն օր սպաում են լուրի, թե ինչ կանի քաղաքական էլիտան իրենց աղքատության ճիրաններից ազատելու համար։ Այսօր նրանք կստանան բարի լուրը, որ քաղաքական էլիտան որոշել է բարձրացնել ինքն իր աշխատավարձը, սա ինչ է, եթե ոչ ցինիսզմ աղքատության, արտագաղթի ու հուսահատության ֆոնին»։ Սա ասում էր Փաշինյանը, սրտաճմլիկ ձայնով, 2013 թվականին։
2022 թվականն է։ Էսքան խոսքերն ասած մարդը բարձրացնում է պաշտոնյաների աշխատավարձը կտրուկ ու ինքը հայտարարում է, թե աղքատությունը աճել է, ծայրահեղ աղքատությունը՝ կրկնակի։ Բա վարչապետ Նիկոլ Փաշինյանի արածը ցինիզմ չէ՞, ըստ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի։
Դեպուտատ Նիկոլը հարց էր տալիս՝ ինչո՞ւ է բարձրանում դատախազի աշխատավարձը, էլիտար սպանությունները պարտակելու համա՞ր։ Հիմա ես Նիկոլ Փաշինյանի բառապաշարով հարց եմ տալիս Նիկոլ Փաշինյանին․ գլխավոր դատախազի աշխատավարձը ինչի՞ եք կրկնապատկում՝ Հրաչյա Հարությունյանի, Կուտոյանի, Երևանի նախկին ոստիկանապետի, Հայկ Հարությունյանի, Մանվել Գրիգորյանի, Գուրգեն Եղիազարյանի և էլի շատ ուրիշների կասկածելի մահերը պարտակելու համա՞ր։ Թե՞ բարձրանում է, որ հայոց պատմության ամենից դաժան դավաճանությունը չբացահայտվի։ Կամ, Ալեն Սիմոնյանի աշխատավարձը բարձրանում է, որովհետև բան ու գործը թողած գնացել է Կատար ֆուտբոլ նայելո՞ւ։ Կրթության, գիտության, մշակույթի նախարարի աշխատավարձը բարձրանում է դպրոցներում հայրենասիրական դասընթացները արգելելու համա՞ր, թե՞ որ Հրապարակի շենքերին էնքան մեխ են խփել, որ դարձրել են վթարային։ Սանոսյան Գնելի աշխատավարձը ինչի՞ եք բարձրացնում, նրա համար, որ թուրքը 130 քառակուսի կիլոմետր խրվել է ՔՊ-ի ասած ապագայի մե՞ջ։ Նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատավարձը բարձրանում է 350 հազար դրամով, որ հյուրերին դիմավորելիս «Լուսնի սոնատը» լա՞վ ա նվագում, թե՞ նրա համար, որ մի օրում դուք 30 հատ օրենք եք ընդունել, ինքն էլ ստորագրել ա առանց կարդալու։ Ինչի՞ համար եք հակակոռուպցիոնի Խաչատրյան Սասունի աշխատավարձը բարձրացնում։ Նա էն մարդն է, որ հատուկ ատելություն բորբոքելու համար որտեղ զենք էր գտնում, անպատասխանատու կերպով հայտարարում էր, թե դրանով մարտի 1-ին 10 հոգու սպանել են, իսկ երբ պարզվում էր ստել է, լրագրողներին տեսնելիս փախչում էր։ Նախկին ոստիկան էին կալանավորել, ասում էին հենց ինքն է սպանել, հետո լուռ բաց թողեցին, որովհետև սուտ էր։ Այ էդ մարդը, որ խաբել է բոլորիս, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն է, ձեզ խաբած մարդը պետք է կոռուպցիայի դեմ պայքարի ու աշխատավարձի կրկնապատիկը ստանա։ Սա ցինիզմ չէ՞, Նիկոլ։
Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից ելույթ էր ունենում, ասում էր ես չեմ կարող պաշտոնյայի աշխատավարձը բարձրացնելուն կողմ քվեարկեկմ, որովհետև եթե փողոցում հանդիպեմ իմ 30 տարվա մանկավարժին, ինձ ասի ինչո՞ւ ինձ էնքան թոշակ չեք տալիս, որ հաց ու ջրին հերիքի, չեմ կարողանա պատասխանել։ Մի քանի ամիս առաջ Փաշինյանը վարչապետի կարգավիճակում իր 30 տարվա ուսուցչի պորտը տեղը դրեց, ասաց՝ քննիչների, դատախազների, դատավորների աշխատավարձը բարձրացնում եմ քեզ համար․ բայց քեզ անձամբ էլի հաց ու ջրի փող չեմ տա։ Կարող՞եք ասել, ԲԴԽ նախագահի աշխատավարձ-հավելավճարը ամսական 2 մլն սարքելը ո՞նց ես ժողովրդի համար արել․ որ քո ասած ամենակոռումպացված դատավոր Մնացական Մարտիրոսյանին նշանակել ա հակակոռուպցիոն դատարանի անդամ, դրանից ժողովրդին ի՞նչ։ Սուրեն Պապիկյանի աշխատավարձը բարձրացրել եք, դրանից սպային ի՞նչ օգուտ, եթե սպաներն ահազանգում են, որ իրենց զրկել են պարգևատրումից, աշխատավարձն էլ ասել են՝ կես-կես են տալու և ուշացումով, որովհետև բյուջեում փող չկա։ Սուրենինն էլ ա՞ ուշանում, կես-կեսով լինում, հետաքրքիր է։ Ո՞նց կարող է պաշտպանության նախարարը բարձր աշխատավար ստանալ, եթե իր զինվորականի աաշխատավարձը չեն վճարելու։
Դեմագոգիան նայեք․ ասում ա՝ ես քննիչի աշխատավարձը քեզ համար եմ բարձրացնում, ժողովուրդ, որովհետև քեզ է ծառայում։ 2018 թվականին էլ ուղիղ եթերով նկարում էր մեր փողերով պահվող շքեղ կառավարական դաչան, սաունաները, բիլիարդի սեղան ու ամեն ինչը և ասում էր՝ ժողովուրդ, ես էս շքեղ տան մեջ ապրելու եմ ձեզ համար, որ ձեզ ծառայեմ․ ինքը մինչև հիմա մեզ համար էնտեղ է ապրում, իսկ ժողովուրդը գո՞հ է, իրոք կարծում է, որ իր համար է Նիկոլն ապրում ու աշխատո՞ւմ։ Ասում են՝ մեր պարգևավճարը ձեզ համար ա, բայց անհասկանալի է, թե ինչու են իրենք հարստանում՝ կայֆավատ լինելով, իսկ ժողովուրդը պարտքերի տակ ճռռում, այնպես, ինչպես նախկինում, մի բան էլ՝ ավելի։ Սիմոնյան Ալենը էս տարի երևի 20 երկիր ման ա եկել, քա՞նի երկիր է գնացել ՀՀ միջին վիճակագրական հպարտ քաղաքացին։
Կամ ասում ա՝ մենք բարձր աշխատավարձ ու պարգևավճար ենք տալիս, հավելավճար ենք տալիս, որ կոռուպցիա չանեն․ սա աբսուրդ է, մի հատ աշխատավարձ ես տալիս, մի հատ էլ կաշառք ես տալիս, որ չթալանի՞։ Էդ մարդուն որ ասում եք արի աշխատի ԲԴԽ նախագահ, հակակոռուպցիոնի նախագահ, նախարար, նա չգիտի՞ ուր է գալիս, նա համաձայնում է, չէ՞, գալ աշխատել, բա էլ ի՞նչու շատ վճարել, որ չթալանի։ Այսինքն, եթե չվճարեք, գալիս են որ թալանե՞ն, էս ի՞նչ մոտեցում է։ Առաջ ասում էիք նվիրյալներ ենք, ձրի էլ կաշխատենք, դե բա աշխատեք, մնացած բոլորինը բարձրացրեք, տակը փող մնա, նոր ձերը, բա նվիրյալներ եք, հո նախկինների պես չե՞ք։
Ընդ որում, էս ամենը արվում է Արցախի բլոկադայի ֆոնին, երբ մարդիկ առանց բուժօգնություն ստանալու մահանում են, երբ շուտով ուտելու հաց չի լինի․ էս ամենը արվում է էն ֆոնին, երբ Հայաստանում աղքատությունը կտրուկ մեծացել է, ծայրահեղ աղքատությունը կրկնապատկվել է։ Էն ֆոնին, երբ Նիկոլի պատճառով անտուն են մնացել մի քանի տասնյակ հազար ընտանիք, ու միայն էս բարձրացված աշխատավարձով հազարավոր ընտանիքներիի տուն կտային։ Միայն Նիկոլի աշխատավարձը բարձրանում է էնքան, ինչքանով 5 ընտանիքի նվազագույն աշխատավարձ կտային, բայց ինքը ասում էր՝ չի կարող պաշտոնյայի աշխատավարձը ավելի շատ բարձրանա, քան նպաստը կամ թոշակը։ Ուսուցչին ասում են ատեստավորվի, որ փող ստանաս, բայց իրենք ստանում են բարձր աշխատավարձ ու պարգևավճար՝ անգամ բարձրագույն կրթություն չունենալով։ Մի օր չտեսանք իրենց մեջ ատեստավորում անեին, տեսնեինք էլի, ով ինչի ա ունակ։ Նաև ասեմ, որ նվազագույն աշխատավարձը 75 հազար դրամ սարքելը ոչ մի խնդիր չի լուծելու, որովհետև, ըստ սպառողական զամբյուղի, քաղաքացու նվազագույն կարիքները բավարարելու համար նրան պետք է առնվազն 85 հազար դրամ, էլ չեմ ասում՝ օրեցօր աճող գները։
Կարճ ասած՝ այ սրա համար էլ իրենք անհամբեր սպասում են նոր տարվան, որովհետև ամեն տարի իրենք իրենց են միայն բարեկարգում են։ Այն, ինչ անում է իշխանությունը ժողովրդի հետ, պետության ու բյուջեի հետ, կոչվում է հենց թալան, զաթո՝ օրենքով։ Ինչը կարողանում են՝ հանձնում են, ծախում են ու ճոխ պարգևատրում են իրենց։ ժողովուրդը հեչ, ժողովուրդը էսպիսի՜ բաներ է ներել իրենց։ Երկիր հանձնելը ներեց, թալանելը կների ու կների, մտածում են։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը