«Փաստ» օրաթերթը գրում է․ Երևանում կայացան ՀԱՊԿ արտգործնախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստը, ինչպես նաև կազմակերպության խորհրդի նիստը՝ անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ։ ՀԱՊԿ-ի այս նիստերը խորհրդանշական էին նրանով, որ մի կողմից Հայաստանը նախագահում է կազմակերպությունում, մյուս կողմից էլ օրակարգում էր Երևանին օգնություն տրամադրելու հարցը, քանի որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտված է ադրբեջանական ագրեսիայի արդյունքում։ Այսպիսի իրադարձություններ տեղի են ունենում այն պարագայում, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակավ պարծենում է, թե ՀԱՊԿ-ում իրենք ավելի շատ բարեկամներ ունեն, քան Հայաստանը, դրա համար էլ կազմակերպության երկրներին «Ադրբեջանի հետ բախման տանելու Հայաստանի փորձերը» ձախողվել են:
Նկատի ունենանք, որ իսկապես եղել են դեպքեր, երբ կազմակերպության որոշ անդամներ ուղղակի ադրբեջանական օրակարգով են առաջնորդվել։ Օրինակ՝ 2016 թվականի Ապրիլ յան քառօրյա պատերազմից անմիջապես հետո՝ ապրիլի 8-ին, Երևանում նախատեսվում էր ԵՏՄ անդամ երկրների վարչապետների հավաքը, սակայն հանկարծակի Ղազախստանի նախաձեռնությամբ այն տեղափոխվեց Մոսկվա։ Ճիշտ է՝ ադրբեջանական ագրեսիային արձագանքելու հարցում ՀԱՊԿ-ից դժգոհություն կա, որն իրոք տեղին է, բայց ՀԱՊԿ-ի խորհրդի նիստի անցկացումը Երևանում արդեն իսկ ուղերձ է Ադրբեջանի համար։ Իրականում Բաքուն շատ կուզենար, որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները չժամանեն Երևան, ու նիստը տարբեր պատճառաբանություններով չկայանար։ Ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ Հայաստան ժամանելու նախօրյակին ՌԴ նախագահ Պուտինը հեռախոսազրույց ունեցավ Ալիևի հետ։
Չնայած որ հաղորդագրության մեջ ռուսական կողմն, առանց հավել յալ մանրամասներ հայտնելու, շեշտում էր, թե հեռախոսազրույցում անդրադարձ է եղել նաև հայ-ադրբեջանական սահմանի անվտանգությանը, սակայն պարզ է, որ ՌԴ նախագահը, ըստ երևույթին, Բաքվին հորդորել է զերծ մնալ սադրանքներից և իրավիճակի լարումից։ Բայց հեռախոսազրույցից հետո ադրբեջանական բանակը շարունակեց ինտենսիվորեն կրակել հայկական դիրքերի ուղղությամբ ու նոր սադրանքների դիմել։ Ըստ էության, այդ սադրանքներն ուղղած էին ոչ միայն ՀԱՊԿ-ի, այլև հենց Ռուսաստանի դեմ։ Մեկ անգամ չէ, որ ադրբեջանական իշխանությունները արտահայտել են Արցախում ռուսական խաղաղապահներից ազատվելու իրենց ցանկությունը։ Ադրբեջանական մամուլում հակառուսական տրամադրություններն անընդհատ թափ են հավաքում, իսկ վերջերս էլ Ալիևը անուղղակիորեն բողոքեց, թե Մոսկվայից մարդկանց են գործուղում Արցախ։
Մյուս կողմից էլ՝ Բաքուն ՀԱՊԿ-ի դեմ կրակելու հետ մեկտեղ ՀԱՊԿ որոշ անդամների միջոցով փորձում է ուղղակի խարխլել այդ կազմակերպության գործունեությունը։ Իսկ այդ կազմակերպությունն անգործունակ դարձնելը ուղղված է ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի շահերի դեմ։ Խնդիրն այն է, որ Թուրքիան ցանկանում է իր գլխավորությամբ թյուրքալեզու պետություններին միավորել միասնական ինտեգրացիոն հովանոցի ներքո։ Եվ պատահական չէ, որ այս տարվա հունվարին, երբ ՀԱՊԿ-ը որոշեց խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան, ՀԱՊԿ-ի մեխանիզմների գործարկման որոշմանը զուգահեռ Թուրքիայի գլխավորությամբ Թյուրքալեզու պետությունների կազմակերպության շրջանակներում քննարկում նախաձեռնվեց Ղազախստանին աջակցություն տրամադրելու հարցով։ Պանթուրքական օրակարգն աստիճանաբար առաջ է մղվում։
Նոյեմբերի 11-ին էլ Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում մեկնարկեց Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների ղեկավարների IX գագաթաժողովը, որի ժամանակ քննարկվեցին համատեղ նախաձեռնությունների իրականացումը։ Թուրքիան ռազմական առումով մուտք է գործել Ադրբեջան և ցանկանում է նաև հաստատվել Միջին Ասիայի թյուրքալեզու պետություններում, որոնց մի մասը ՀԱՊԿ-ի անդամ է։ Բայց համաթյուրքական անվտանգային միջազգային կառույցի ծնունդ տալու համար պետք է հարվածել Հայաստանին ու խարխլել ՀԱՊԿ-ը, այդ գործում Բաքուն լուրջ ծառայություն է մատուցում Անկարային։ Այս ամենի կոնտեքստում ուշագրավ է, որ ՀԱՊԿ-ը, եթե նույնիսկ առաջնորդվենք զուտ փորձագիտական եզրակացությունների ասպեկտով, արդեն իսկ ընդունել է ադրբեջանական ագրեսիայի փաստը, ինչի արձանագրումն, ըստ էության առկա էր նաև երևանյան նիստերի ժամանակ:
Սա, բնականաբար, չի կարող չնյարդայնացնել Ադրբեջանին: Բայց, կարծես, ոչ միայն Ադրբեջանին, այլև հայաստանյան որոշ ուժերի: ՀԱՊԿ գագաթաժողովի անցկացումը Երևանում առիթ էր նաև որոշ արևմտամետ շրջանակների համար, որպեսզի ջրեր պղտորեն։ Նրանք փորձեցին «հուժկու» բողոքի ցույցեր կազմակերպել բողոքել ՀԱՊԿ-ի դեմ, Պուտինի դեմ, Ռուսաստանի դեմ, բայց նրանց չհաջողվեց նույնիսկ նորմալ ակցիաներ կազմակերպել։ Ո՛չ մարդաքանակ կար, ո՛չ էլ հասարակության մեջ համապատասխան տրամադրվածություն:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը