10 11 2022

Բնական տնտեսական աճը 14 տոկոս ուռճացված է․ «Փաստ»

Բնական տնտեսական աճը 14 տոկոս ուռճացված է․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Գործող իշխանություններն ամենօրյա ռեժիմով շեշտում են, թե իրենք հասել են տնտեսական ակտիվության ցուցանիշի՝ մոտ 14 տոկոսի: Ավելին, ըստ փորձագետների, 2023-ի բյուջեն պլանավորում են այս տարվա «դրական միտումների» հիման վրա: Տնտեսագետ Կարեն Ադոնցը, սակայն, նշում է, որ մեզ մոտ բնական և արհեստական տնտեսական աճ կա: «Բնական աճը պայմանավորված է մեր տնտեսության կառուցվածքով, շուկաների ընդհանուր զարգացմամբ:

Այդ բնական աճը կազմում է մոտ 2-3 տոկոս, որի մեջ նաև գյուղատնտեսության վերամշակված արտադրանքի արտահանումն է, որի պահանջարկն աշխարհում աճում է: Բնական աճի մեջ կա նաև ծառայությունների ոլորտի զարգացման, շինարարության ակտիվության գործոնը: Իսկ երբ պարտք ենք վերցնում, մտցնում շրջանառության մեջ, ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված ունենում ենք մարդկային հոսքեր ու ստանում ենք տնտեսական աճ, դա արդեն արհեստական, իրավիճակային տնտեսական ակտիվություն է, որը որևէ առնչություն չունի բնական աճի հետ»,-«Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետը:

Նրա կարծիքով, այդ բնական՝ 2-3 տոկոս ՏԱՑ-ն ավելացնելու համար պետք է նոր ոլորտներ զարգացնել, փոխել տնտեսության կառուցվածքը, այն համալրել նոր ոլորտներով, որպեսզի նոր ոլորտներն այդ աճը շարունակական դարձնեն. «Միայն այդ դեպքում կարող է բնական 2-3 տոկոս աճը ավելանալ, իսկ այն, ինչ արհեստական է, կարող է անկում ապրել: Այս փուլում ևս իրավիճակով, պահանջարկով պայմանավորված աճ ունենք, որն անխուսափելիորեն դանդաղելու է, եթե այդ իրավիճակային գործոնները խաղից դուրս գան: 14 տոկոսն արհեստական, ուռճացված աճ է, հիմքում որևէ փոփոխություն, որևէ նոր ոլորտի զարգացման նախադրյալ չի ստեղծվում:

Մենք տնտեսական բում չունենք, ինչից կարելի լինի ոգևորվել: Հետագայում տնտեսական աճ ունենալու, բյուջեն իրատեսական միտումների վրա պլանավորելու համար պարտավոր ենք փոխել ու համալրել տնտեսության կառուցվածքը, բայց այդ ուղղությամբ ոչինչ չի իրականացվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ