«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանը սեպտեմբերի սկզբին համաձայնել է աշխատել՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջպետական հարաբերությունների հաստատման ուղղությամբ ՌԴ-ի կողմից ներկայացված սկզբունքների եւ պարամետրերի հիման վրա, ու պատրաստ է դա վերահաստատել Սոչիում: Երեկ թվիթերյան իր միկրոբլոգում նման գրառում էր արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ստացվում է՝ սեպտեմբերից Հայաստանն աշխատում է ՌԴ-ի հետ, սակայն նույն ՀՀ ղեկավարության եւ տարբեր իշխանական գործիչների կողմից հնչում էին հակառուսական հայտարարություններ, ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչեր:
Դրան զուգահեռ, չնայած սեպտեմբերից բանակցություններ կան, սակայն Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 6-ին նաեւ հանդիպում ունեցավ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ: Այսինքն՝ մի կողմից բանակցում էր Ռուսաստանի հետ, մյուս կողմից ընդունեց արեւմտյան տարբերակը: Մեկ այլ հանգամանք եւս. Նիկոլ Փաշինյանը, իշխանության գալով, դեռ 2018 թվականին հայտարարում էր, թե Արցախյան հարցի բանակցությունների ժամանակ եւ այլ հարցերում եւս միայնակ որոշում երբեւէ չի կայացնի եւ ամեն ինչ կքննարկի հայ ժողովրդի հետ։
Սեպտեմբերից ռուսական կողմի հետ բանակցելն ու այդ մասին չհայտարարելը եւս մեկ անգամ ապացուցում է, որ Նիկոլ Փաշինյանը բանակցում է գաղտնի եւ չի կատարում իր խոստումները, հետեւաբար կրկին խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը