«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Օրվա իշխանության մշակած պլանի համաձայն՝ ըստ երեւույթին, առաջիկայում Հայաստանում գործող երեք խոշոր բուհեր կմիավորվեն՝ ձեւավորելով մեկ ընդհանուր հաստատություն՝ Խաչատուր Աբովյանի անվան կրթական գիտությունների ինստիտուտը: Թեեւ Բրյուսովի անվան օտար լեզուների պետական համալսարանի ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական անձնակազմը միասնական դիրքորոշմամբ դեմ են արտահայտվում, ավելին՝ դասադուլ ու բողոքի ակցիաներ են կազմակերպում՝ ընդդեմ միավորմանը (միավորմանը նաեւ Ֆիզկուլտինստիտուտի ռեկտորն է դեմ արտահայտվում), բայց փորձը ցույց է տալիս, որ եթե իշխանությունը մտքին մի բան է դրել, ապա այն անպայման իրագործելու է:
«Ժողովուրդ» օրաթերթը վերհիշել է՝ ինչպես էր տարիներ առաջ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը խոսում բուհերի ինքնավարությունից ու ազատությունից: Այդ մասին անգամ 2018-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ հրապարակված նախընտրական ծրագրի մեջ է ամրագրված, այն է՝ «Բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները միտված են լինելու հատկապես համալսարանների կրթական ծրագրերի արդիականացմանը եւ բուհերը գիտության ու նորարարության կենտրոն դարձնելուն, որտեղ կկարեւորվի բուհի ինքնավարությունը, ակադեմիական ազատությունները եւ բուհի` հասարակական եւ գիտական արժեք ստեղծելու մանդատը»:
Ի՞նչ է ստացվում. Փաշինյանի իշխանությունը բուհի ինքնավարությունը կամ ազատությունն այն օպտիմալացնելով է պատկերացնում, ու փոխանակ տարիների փորձ ու պատմություն ունեցող հաստատությունները փորձեն արդիականացնել ու միջազգային նորմերին համապատասխանեցնել, որոշում են միանգամից կտրել-միացնել դրանք: Փաշինյանը, բուհերի ինքնավարության մասին հայտարարություններով, փաստորեն, նորից ստել է»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը