06 10 2022

Ադրբեջանի հանցագործ դիմագիծը, միջազգային հանրության երկակի ստանդարտներն ու «գազանավթային» աչքկապոցին․ «Փաստ»

Ադրբեջանի հանցագործ դիմագիծը, միջազգային հանրության երկակի ստանդարտներն ու «գազանավթային» աչքկապոցին․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Ադրբեջանական սոցիալական հարթակներով օրերս տարածված տեսանյութը, որում ադրբեջանցի զինծառայողները կանխամտածված գնդակահարում են հայ ռազմագերիներին, մեծ ռեզոնանս առաջացրեց։ Նախ՝ հայկական կողմը պարզեց, որ տեսանյութը կատարվել է Իշխանասարի դիրքերից մեկում, և հայտարարեց, թե պատրաստվում է այդ դեպքի առնչությամբ հետամուտ լինել միջազգային դատարաններին դիմումներ հղելու և հետաքննություն սկսելու հարցում։ Սակայն անզեն ռազմագերիների սպանության տեսանյութը եզակի դեպք չէ, նմանատիպ արարքների մենք ականատես ենք եղել ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ, այնպես էլ դրանից առաջ։

Ադրբեջան կոչվող պետության բնույթը ամփոփվում է քնած մարդուն կացնով սպանածին հերոսացնելով։ Ուստի, պետք չէ զարմանալ, որ Հայաստանի և Արցախի նկատմամբ այդ երկրի պատերազմական հանցագործությունները շարունակական բնույթ են կրում։ Ընդ որում, այդ հանցագործություններն արտահայտվում են վայրենի, գազանային, բարբարոսական հատուկ գործելակերպով։ Այդ արարքների բնույթի հարցում զուգահեռներ կարելի է տանել նույնիսկ Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների հետ։ Այս տեսանկյունից տեղին կլինի նշել, որ Ադրբեջանը երիթուրքերի ցեղասպան գործելակերպի շարունակողն է։ Այսինքն՝ 100 տարի հետո էլ, ինչպես ասում են, թուրքը մնացել է նույն թուրքը։

Միաժամանակ, Ադրբեջանն իր հանցագործությունները կոծկելու համար ամեն անգամ զեղծարարությունների է դիմում։ Երբ գերիների սպանության տեսանյութը բուռն արձագանքի է արժանանում, հանկարծ Արցախից բռնազավթված տարածքներում հայտնաբերվում են իբր «սպանված ադրբեջանցիների» հերթական զանգվածային գերեզմանները։ Սա առաջին դեպքը չէ, որ Ադրբեջանը հիմնվում է փաստերի խեղաթյուրման և կեղծարարությունների վրա։ Օրինակ՝ ամիսներ առաջ էլ Փառուխի «Կալեն խութ» կոչվող, 9-12-րդ դարերով թվագրվող հայկական գերեզմանոցից դուրս բերված ոսկորները Ադրբեջանը ներկայացնում էր որպես Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ «խոշտանգված» ադրբեջանցիների ոսկորներ։

Բայց մշակութաբանների ու հնագետների նույնիսկ հպանցիկ հայացքն իսկ բավարար էր արձանագրելու, որ տեսանյութում ներկայացվող մարդկային գանգերը հայերին բնորոշ արմենոիդ մարդաբանական տիպի բրախոկեֆալ (կլորագլուխ) կառուցվածք ունեն։ Ադրբեջանական զեղծարարությունները հատկապես լայն թափով դրսևորվում են հայկական մշակութային ժառանգության ոչնչացման պարագայում։ Իսկ հայատյացությունը Բաքուն պետական մակարդակով դարձրել է պաշտոնական քաղաքականության անբաժանելի մաս։ Դրա համար էլ Բաքվում բացված, այսպես կոչված, «ռազմական ավարի պուրակում» հայկական զինվորական տեխնիկայի հետ միասին մանեկենների միջոցով ցուցադրված են հայկական զինված ուժերի ծառայողների կերպարներ, որոնք բոլորն էլ ներկայացված են արժանապատվությունը ոտնահարող, նվաստացուցիչ վիճակում:

Բացի այդ, ցուցադրության են դրվել զոհված հայ զինծառայողների սաղավարտները, որոնց մոտ հրճվանքով լուսանկարվում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որի հայտարարությունները հայ ժողովրդի նկատմամբ ատելություն սերմանելու դասական օրինակներ են։ Իր խոսույթի միջոցով Ալիևը ցույց է տալիս, որ խրախուսում է հայերի նկատմամբ հանցագործությունները, այդ թվում՝ գերիների խոշտանգումը և սպանությունը։ Բայց ուշագրավ է, որ Ալիևի քաղաքականությունը լուրջ միջազգային հակազդեցության չի հանդիպում։ Ճիշտ է՝ տարբեր երկրների դեսպանատներ կամ արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչներ դատապարտեցին գերիների սպանությունը և այն հետաքննելու կոչերով հանդես եկան, բայց, ընդհանուր առմամբ, միջազգային հանրության արձագանքը, ինչպես միշտ, սահմանափակվեց կոչերով, և Ադրբեջանի գործողություններին չի տրվում համարժեք պատասխան։ Միջազգային համայնքի ներկայացուցիչներն ամեն անգամ փորձում են հավասարության նշան դնել ագրեսորի և զոհի միջև, դրա համար էլ Ադրբեջանի առաջ կանաչ լույս է վառվում նոր հանցագործություններ իրականացնելու համար։

Օրինակ՝ եթե նման իրավիճակ լիներ ուկրաինական կամ այլ հակամարտության պարագայում, ապա շատ արագ կբարձրացվեր այդպիսի երկրի ղեկավարին միջազգային դատարանի առաջ կանգնեցնելու և որպես պատերազմական հանցագործ դատելու հարցը։ Բայց Ալիևի պարագայում դա տեղի չի ունենում։ Միջազգային հանրությունը, մասնավորաբար Արևմուտքը նայում է ոչ թե Ադրբեջանում բռնապետական կարգերին ու մարդու իրավունքների զանգվածային խախտումներին, այլ նավթի ու գազի պաշարներին։ Նույնիսկ եվրոպական որոշ պաշտոնյաներ են այս մասին բարձրաձայնում: Ի մասնավորի Եվրոպական խորհրդարանի անդամ Ժոդան Բադելան օրերս ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ հարցադրումների ժամանակ վերջինիս հարցրեց. «Ձեզ համար ո՞րն է կարևոր՝ ադրբեջանական գա՞զը, թե՞ հայկական արյունը»: Այնուհետ Բադելան, շարունակելով իր ելույթը, հայտարարեց. «Իհարկե, ես գիտեմ այս հարցի պատասխանը, քանի որ Եվրահանձնաժողովի նախագահը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Ադրբեջանի նախագահի հետ, որը նախատեսում է կրկնապատկել Ադրբեջանից Եվրոպա գազի ներկրումը։

Մենք օրեր առաջ տեսանք, թե ինչպես են ադրբեջանական զինվորները գնդակահարում հայ զինծառայողներին։ Այս ամենն աչքի առաջ ունենալով՝ մի՞թե Եվրոպան անկարող է կոնկրետ որոշումներ կայացնել և գործողությունների դիմել։ Կամ արդյոք ընդունելի՞ է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի վարքագիծը, որն աջակցում է Ադրբեջանին։ Դրա մասի՞ն ինչ կասեք։ Մեր աչքի առաջ վառվում է Հայաստանը, մինչդեռ մենք այլ կողմ ենք նայում»։ Ճիշտ է, Ժոզեպ Բորելն ասում էր, թե Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցության հուշագիրը կապ չունի. քաղաքական զիջումներ չեն արվելու, բայց և, միևնույն ժամանակ, հավելում էր, թե «մենք ավելին չենք կարող անել, ինչ անում ենք։ Եթե կարող եք՝ հուշեք՝ ի՞նչ կարող ենք անել»:

Ահա, Արևմուտքի նման լղոզված, երկակի ստանդարտներով լեցուն մոտեցումն է նաև պատճառը, որ Ադրբեջանը գնալով ավելի է անպատիժ լկտիանում, որ հարձակվում է ՀՀ ինքնիշխան տարածքի վրա, որ Արցախյան պատերազմից 2 տարի անց էլ դեռևս չի արտահանձնել բոլոր գերիներին։ Իսկ եթե գերիների էլ արտահանձնում է, ապա մաս առ մաս, հատուկ միջնորդության միջոցով և զիջումներ կորզելու նպատակով։ Ադրբեջանը նույնիսկ չի զլանում խախտել այս հարցով առկա պայմանավորվածությունները։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ