«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պաշտպանության նախարարությանն ու Ազգային անվտանգության ծառայությանը հարցումներ էր ուղարկել՝ պարզելու, թե ինչ եղավ «հակառակորդի՝ Հայաստան ներթափանցած 1-2 խմբերի» ճակատագիրը:
Այդ մասին, հիշեցնենք, դեռևս սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էր հայտարարել Հանրայինի եթերում: ՀՀ պաշտպանական ու անվտանգային գերատեսչություններին խնդրել էինք հստակեցնել, թե արդյոք հայտնաբերվել ու վնասազերծվել են այդ խմբերը, և եթե այո, ապա որտեղ են այժմ նրանք պահվում:
Վերոնշյալ երկու կառույցները, սակայն, ըստ երևույթին խուսափելով կոնկրետ ու հասցեական արձագանքից, հորդորել են ԱԺ մամուլի քարտուղարի՝ սեպտեմբերի 17-ին ներկայացրած պարզաբանմամբ բավարարվել, որտեղ վերջինս ասում է, թե Ալեն Սիմոնյանը վերաձևակերպել ու լրացրել է ԳՇ պետի ասածները:
Մի կողմ թողնելով, թե ինչ են ասել կամ հայտարարել ԱԺ նախագահն ու այնուհետ նրա մամուլի քարտուղարը՝ արձանագրենք, որ զինված խմբերի ներթափանցման ու դրանից բխող բոլոր տեսակի հետևանքների համար պատասխանատու երկու գերատեսչությունները կա՛մ թերացել են, և այդ զինված խմբերը դեռ ՀՀ-ում են, կա՛մ, ամենայն հավանականությամբ, ԱԺ նախագահի՝ տագնապ առաջացնող հայտարարության մասով կաշկանդված են հասցեական գնահատականներ տալ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը