23 09 2022

Ռուս մոդերատորը խայթել է Քերոբյանին․ «Հրապարակ»

Ռուս մոդերատորը խայթել է Քերոբյանին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 19-ին Երևանում անցկացվել է «Ռուս-հայկական բիզնես երկխոսություն-2022» գործարար համաժողովը: Մասնակցել են պաշտոնյաներ Ռուսաստանից և Հայաստանից, ինչպես նաև գործարարներ 2 երկրներից։ Բարձր ներկայացուցչական կազմ է ներկա եղել՝ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյան, մասնակցել են նաև ոլորտային նախարարներ և փոխնախարարներ։ Հայկական կողմից ներկա է եղել էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և ոչ միայն։ Նաև՝ ոչ մեծ թվով գործարարներ։

Մեզ ասացին, որ միջոցառման մոդերատոր Պրիմակովը, ով Россотрудничество-ի ղեկավարն է, ֆորումի բացման ու փակման ժամանակ խայթոցներ է ուղղել, որոնք ակնհայտ քաղաքական ենթատեքստ են պարունակել։ Նախ, միջոցառման բացման ժամանակ հեգնել է` «մեր թարգմանչի հետ ամեն ինչ նորմալ է՝ ոչ մի խնդիր չկա»։

Դրանով ռուս մոդերատորն ակնարկել է Նենսի Փելոսիի այցի ժամանակ թարգմանության հետ կապված խնդիրները։ Իսկ միջոցառման վերջում խայթել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, թե ինքը «հույս ունի, որ չեն դադարեցնի իրենց հետ համագործակցությունը և դուրս չեն գա այս ձևաչափից»՝ հավանաբար, ակնարկելով ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին խոսակցությունները։

Դրանից Քերոբյանն անակնկալի է եկել և արձագանքել է, թե «շատ տարօրինակ հարց է տալիս» Պրիմակովը, և սկսել է երկար-բարակ բացատրել, որ իրենց կողմից նման մտադրություն չկա»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ