«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ Քննչական կոմիտեն Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանին մեղադրանք առաջադրելուց հետո նրան կրկին հրավիրել է Հատուկ կարևորագույն գործերով վարչություն՝ հարցաքննության: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը պարզել Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանի փաստաբան Արսեն Սարդարյանից, սակայն նա նշեց, որ որևէ բան ասել չի կարող:
Ի դեպ, մեզ հասած լուրերի համաձայն՝ Ջալալ Հարությունյանի գործով ՊԲ ողջ անձնակազմը հարցաքննվել է: Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի Պաշտպանության բանակը ղեկավարած Ջալալ Հարությունյանին երկու դրվագով առաջադրված մեղադրանքներից մեկը Ցորի զորամասի 20 հրետանավորների զոհվելու հանգամանքներին է վերաբերում։
44-օրյա պատերազմի օրերին ծանր վիրավորում ստացած ու այդ պատճառով պաշտոնից ազատված 47-ամյա Ջալալ Հարությունյանին առաջադրված մեղադրանքի մյուս դրվագով՝ հենց նրա գործողությունների հետևանքով են հոկտեմբերի 7-ին՝ հակահարձակման ժամանակ, հայկական ստորաբաժանումները մարդկային մեծաքանակ ուժի ու զինտեխնիկայի կորուստ կրել, պահեստային ստորաբաժանումները դարձել են անմարտունակ, զբաղեցրած կրակային դիրքերն անցել են հակառակորդի հսկողության տակ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը