«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 12-ից կմեկնարկի ԱԺ աշնանային նստաշրջանը։ Նախորդ նստաշրջանը ընդդիմադիրների ու լրագրողների համար անցավ աննախադեպ սահմանափակումների ու «բռնաճնշումների» պայմաններում։ ԱԺ ղեկավարությունը դահլիճի մուտքերի մոտ ռապիսկան սարքեր էր տեղադրել, որ ստուգեին պատգամավորներին (հիմնականում՝ ընդդիմադիրներին), որ հետները կտրող-ծակող իրեր դահլիճ չմտցնեն։ Իսկ լրագրողների համար միջանցքներում` ամեն մետրի վրա մի-մի զինվոր էին կանգնեցրել, որ որեւէ լրագրող չանցնի «Լաչինի միջանցքով» կամ չմոտենա իշխանական պատգամավորների աշխատասենյակներին։
Երեկ հետաքրքրվեցինք ԱԺ աշխատակազմից՝ նոր նստաշրջանում սահմանափակումների խստացում կամ թուլացում լինելո՞ւ է։ ԱԺ-ից մեզ ոչ օֆիցիալ ասացին, որ «Լաչինի միջանցքը» մեզ համար բաց կլինի, ասել է թե՝ ԱԺ երկու մասնաշենքերն իրար կապող միջանցքը, որի անունը լրագրողները «Լաչինի միջանցք» են դրել, ազատագրվելու է։ Մնացած սահմանափակումների մասով ԱԺ ղեկավարությունը դեռ որեւէ որոշում չունի՝ կախված է նրանից, թե «ինչքանով իրենց խելոք կպահեն» լրագրողները։ Այսինքն, եթե ՔՊ-ականներին նեղեն ու «թարախ» հարցեր տան, ասենք, Լաչինը հանձնելու մասին, ԱԺ-ն նորից սահմանափակումներ կկիրառեն, որ ապահովվեն ուսապարկերի անդորրն ու մանդատի հանգիստ վայելումը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը