27 08 2022

Փաշինյանը «լվացել է ձեռքերը» Բերձորի ճանապարհի հարցերից․ «Փաստ»

Փաշինյանը «լվացել է ձեռքերը» Բերձորի ճանապարհի հարցերից․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Այս օրերին հանրային ուշադրության կենտրոնում Բերձորի շուրջ տեղի ունեցող իրադարձություններն են, որոնք վերջին մեկ ամսվա, կարելի է ասել, ամենաառանցքային զարգացումներն էին։ «Փաստ» թերթի տեղեկություններով, դեռևս օգոստոսի սկզբին կառավարությունում թեմայի հետ կապված տեղի է ունեցել փակ խորհրդակցություն, որին մասնակցել են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։

Նիկոլ Փաշինյանն այդ խորհրդակցությանը հրավիրել է նաև իր «մերձակա» նեղ թիմին, որին առավելապես է վստահում (ներկա են եղել նաև ՔՊ խմբակցության մի քանի «ամենահավատարիմները»)։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ ադրբեջանցիները մտադիր են փակել Բերձորով անցնող ճանապարհը, ինչին ի պատասխան Փաշինյանը հայտնել է, որ ինքը նման տեղեկություն չունի։

Հարությունյանը նաև նշել է, թե իրեն ռուսները փոխանցել են, որ Շուշիի հատվածում թուրքական ստորաբաժանումներ կան, որոնք ցանկացած պահի կարող են փակել Բերձորի միջանցքը, այս կապակցությամբ էլ Փաշինյանն ակնարկել է, որ նմանօրինակ բոլոր հարցերը Արցախի իշխանությունները հստակեցնեն ռուս խաղաղապահների հետ՝ ըստ էության «լվանալով ձեռքերը»։

Թերթի՝ կառավարության աղբյուրը փոխանցում է նաև, որ հանդիպումն անցել է բավական լարված, քպականները տարբեր առիթներով Արցախի իշխանություններին ուղղված տարբեր ռեպլիկներ են հնչեցրել, որին ի պատասխան կոշտ արձագանքել է Վիտալի Բալասանյանը՝ հայտարարելով, որ «էս ամեն ինչը սարքեցիք, հիմա էլ գցում եք մեր վրա»։

Հանդիպումից հետո Հարությունյանը վերադարձել է Արցախ և ռուսական խաղաղապահների հետ բանակցություններից հետո կարողացել է Բերձորի ճանապարհի փակման հարցը մեկ ամսով երկարեցնել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ