10 08 2022

Գազի գնի մասին իրարամերժ հայտարարություններ. Փաշինյանը խաբել է. մաս 65. «Ժողովուրդ»

Գազի գնի մասին իրարամերժ հայտարարություններ. Փաշինյանը խաբել է. մաս 65. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Ռուսաստանի կողմից հայերի նկատմամբ տարվող իբրեւ թե անարդար քաղաքականությունը դեռեւս ուլտրաընդդիմադիր պատգամավորի դիրքերից հանդես եկող Նիկոլ Փաշինյանի խոսույթի հիմնական մեխերից մեկն էր: Ընդդիմադիր Փաշինյանը, օրինակ, 2017-ին այն համոզումն ուներ, որ ՌԴ-ի կողմից ՀՀ-ին մատակարարվող գազի գինն անընդհատ բարձրանալու է:

«Գազի գնի բարձրացումը ՀՀ-ին ինքնիշխանությունից զրկելու կամ մեր երկրի ինքնիշխանությունը կաշկանդելու մշտական գործիք է լինելու ՌԴ-ի ձեռքին: Գազի էժան գնի ասեղի վրա ՀՀ-ին նստեցնելն ու վախեցնելը հիբրիդային պատերազմով օկուպացնելու պարզ օրինակ է: 15-20 տարի մեր աչքն են կոխում, թե բա՝ էժան գազը, էժան գազը: Հասկացա՛նք»,- բարձրաձայնում էր ընդդիմադիր պատգամավորը:

Ընդամենը մեկ տարի անց, սակայն, նրա՝ ՌԴ-ի ու ՀՀ-ի հարաբերությունների, ինչպես նաեւ պաշտոնական Մոսկվայի՝ «ՀՀ-ին գազի էժան գնի ասեղի դնելու մասին» պատկերացումները շեշտակի փոխվեցին, ավելին՝ վարչապետ Փաշինյանն անձամբ սկսեց գլուխ գովել, թե Ռուսաստանը պաշտոնական Երեւանին բավականին էժան գնով է գազ վաճառում:
Այսպես, 2018-ի սեպտեմբերի 9-ին, հայտարարում էր, թե Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է հրահանգել, որ գազը Հայաստանին էժան մատակարարվի:

«Դա ինչի՞ համար է արել. որպեսզի Հայաստանի քաղաքացիների համար գազն ավելի մատչելի լինի: Պուտինն ինձ հետ զրույցում նույնիսկ հիշեց, որ նման հրահանգ է տվել Գյումրի կատարած այցից հետո: Շփվելով մարդկանց հետ՝ նա զգացել է, որ գյումրեցիների, ՀՀ քաղաքացիների վիճակն այդքան էլ լավ չէ, ու որոշել է նման քայլով նպաստել մարդկանց սոցիալական վիճակի բարելավմանը»,- իրեն հատուկ գոհունակ ժպիտով հայտարարում էր Փաշինյանը:

Ստացվում է՝ գազի գնի մասին իրարամերժ հայտարարություններով Փաշինյանը հերթական անգամ ստել է:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 10․ 08.22թ համարում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ