«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 44-օրյա պատերազմից մոտ մեկ ամիս անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հերթական անգամ ուղերձով հանդես գալով, նշում էր, թե 44 օրվա ընթացքում ինքը մեկ անգամ է միանձնյա որոշում կայացրել, ինչի շնորհիվ պաշտպանական յոթերորդ շրջանն իր տեղում է։ Խոսքը, նշենք, «Եղնիկների» մասին է։
«Ինչ-որ թեզ են շրջանառում, թե պատերազմի երրորդ օրն ինչ-որ որոշում եմ կայացրել, որն աղետալի հետեւանքներ է ունեցել, բայց տասնհինգ օր է՝ էդ որոշումը փնտրում, չենք գտնում, որովհետեւ չկա այդպիսի որոշում։ Հիմա էլ մարտերում ձախողումների համար ուղիղ պատասխանատվություն են դնում ինձ վրա. վարչապետը մա՞րտ է ղեկավարում, վաշտի հրամանատարի կամ գնդի հրամանատարի մակարդակով որոշումնե՞ր է կայացրել։ Վարչապետը մի անգամ է միանձնյա որոշում կայացրել պատերազմի ընթացքում, որի շնորհիվ յոթերորդ ՊՇ-ն իր տեղում է, որովհետեւ ոմանք խուճապի մեջ ուզում էինք 7-րդ ՊՇ-ն էլ հանձնել։ Լավ է՝ գոնե հիմա խոստովանում են՝ պատերազմը հաջող ավարտելու շանս կար»,- ասում էր Փաշինյանը։
Ուղիղ տասն օր անց՝ 2020-ի դեկտեմբերի 16-ին, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցերին, Նիկոլ Փաշինյանը, ըստ երեւույթին մոռանալով օրեր առաջ արած իր հայտարարությունները, լիովին հակառակ պնդումն էր անում, թե ինքը երբեւէ որեւէ մարտական գործողության հրահանգ չի տվել:
«Եվ, իմիջիայլոց, շատ կարեւոր դրվագ, որը կապ ունի Ձեր նախորդ հարցերից մեկի հետ: Եղել է դեպք, երբ կոնկրետ իրադրությունը լուծելու շուրջ եղել է խորհրդակցություն զինվորականների մասնակցությամբ, եւ կարծիքներ լսելով՝ եկել ենք եզրահանգման, որ պետք է այսպիսի գործողություն իրականացնել: Եվ այդ գործողությունն է, որը ճակատագրական նշանակություն պետք է ունենար, բայց այդ գործողությունը հաջողության չի հասել առանցքային ստորաբաժանումներից մեկի կողմից առաջադրանքի կատարման ուղղությամբ գործողություններ չանելու պատճառով: Հիմա պատճառաբանվում է, որ հրամանատարը վիրավորվել է, հետո վարկածներ կան, որ իրականում ոչ թե վիրավորվել է, այլ ինքն իրեն է վիրավորել: Այս հանգամանքները պետք է պարզվեն, բայց որ ես ասեմ՝ այ, գնացե՛ք, այս ինչ գործողությունն այս ինչ ձեւով… Ես քաղաքական խնդիր եմ ձեւակերպել, բայց ես ռազմական գործողությունների մանրամասներին, բնականաբար, չեմ միջամտել՝ նաեւ դրա լիազորությունը չունենալու բերումով, նաեւ պատեհ չհամարելով»,- մանրամասնում էր նա:
Ի՞նչ է ստացվում. երկրի առաջին դեմքը բացառապես տասն օրվա տարբերությամբ բոլորովին իրարամերժ պնդումներ է ներկայացնում՝ հերթական անգամ ապացուցելով, որ խաբել ու մոլորեցրել է հասարակությանը։
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը