02 07 2022

Նիկոլի «կոմպրոմատը» Աննայի վրա․ «Հրապարակ»

Նիկոլի «կոմպրոմատը» Աննայի վրա․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Նիկոլ Փաշինյանը երբ որևէ մեկին պաշտոն է տալիս ընդամենը մտածել է պետք՝ ինչպե՞ս է բռնել նոր զոհին։ Նա իր բոլոր պաշտոնյաների հետ կապված ունի «կոմպրոմատներ»։ Այսինքն տիրապետում է տվյալ պաշտոնյայի , մարդու հեղինակության, վարկանիշի անկմանը բերող տեղեկությունների։ Այսինքն մինչև պաշտոն տալը տվյալ անձին գցում է սարդոստայնի մեջ և սարդոստայնից դուրս գալու միակ ելքը մնում է ընդունել նրա առաջարկած պաշտոնը, որի տերը լինելու է Նիկոլ Փաշինյանը։ Հենց դա է պատճառը, որ նրա նշանակած պաշտոնյաները չեն կարող դուրս գալ կամ ընդդիմանալ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականներին։ Կատարում են անխոս, ինչպես զոհը կկատարի դահիճի հրամանը։ Վարչապետի մոտիկ շրջապատից իրազեկել են, որ իր նշանակած բոլոր պաշտոնյաների վրա վարչապետը կոմպրոմատ ունի և «չեն կարող պլստալ»։


2019 թվականի սեպտեմբերի 23-ին ՀՀ գլխավոր դատախազությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, ըստ որի` ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա` պարզվել է, որ 2013-2014թթ. ընթացքում Երեւան քաղաքի Ավան վարչական շրջանի պաշտոնատար անձինք, ծառայողական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ձեռնարկել են առերեւույթ ապօրինի ներգործության միջոցներ՝ վարչական շրջանում գործող «Խութ» բարեգործական հիմնադրամին քաղաքացիների կողմից գումարներ տրամադրելու ուղղությամբ: Մասնավորապես, նշված տարիներին Ավան վարչական շրջանի քաղաքաշինության եւ հողոգտագործման բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած անձը նույն վարչական շրջանում անհատական տների շինարարության իրականացման թույլտվություն տրամադրելու համար քաղաքացիներին պարտադրել է գումարներ փոխանցել նաեւ նշված բարեգործական հիմնադրամի հաշվեհամարին եւ ներկայացնել փոխանցումը հավաստող անդորրագիրը: Հակառակ դեպքում նա սպառնացել է չտրամադրել շինարարության իրականացման թույլտվություն: Արդյունքում, տվյալ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետեւանքով քաղաքացիներին պատճառվել է գույքային էական վնաս, ինչպես նաեւ այդ գործողությունների հետեւանքով հեղինակազրկվել է պետության բարի համբավը:

Նախաքննություն իրականացնելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե: Եվ, ահա, իրավապահները պարզել են, որ «Խութ» բարեգործական հիմնադրամի տնօրենը ՀՀ արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանի հայրն է` Կարեն Վարդապետյանը:
Ուրիշ բան պե՞տք է ավելացնել։ Զոհն իր ոտ ու ձեռով հայտնվել է Նիկոլ Փաշինյանի թակարդում։ Այդ ժամանակ Աննա Վարդապետյանը արդարադատության փոխնախարար էր, լուռումունջ հրաժարական տվեց, որպեսզի նրա անունը չշահարկվի, թե օգնում է հորը խուսափելու ենթադրյալ պատասխանատվությունից: Հենց այդ ժամանակ էր Նիկոլ Փաշինյանը իր գլխավոր դատախազը գտել։

Զուտ փաստ եմ ներկայացրել, որոշեք՝ կա՞ կոմպրոմատ։ Աննա Վարդազարյանը կարո՞ղ է ինքնուրույն որոշում կայացնել։ Կայացնելու դեպքում ի՞նչ է սպասվում նրա։
Սոցիալական ցանցում շրջանառվում է, որ Աննան 17 տարեկան հասակում՝ 2003 թվականի սեպտեմբերից մինչեւ 2005 թվականի մայիսը աշխատել որպես Ավան համայնքի ղեկավարի խորհրդական։ Ինչպե՞ս է հաջողացրել։ Այդ հարցն էլ պարզաբանվեց։ Նրա հայրը օգտագործել է իր պաշտոնը՝ 17- ամյա դստերը տեղավորելու այդ պաշտոնում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ