24 06 2022

Փաշինյանի ընկերն օրենքի խախտմամբ տնօրեն է նշանակվել․ «Հրապարակ»

Փաշինյանի ընկերն օրենքի խախտմամբ տնօրեն է նշանակվել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանի մանկության ընկեր Սարմեն Ամիրյանը նշանակվել է Իջեւանի սպորտդպրոցի տնօրեն: Նա աշխատում էր Իջեւանի Սպարտակ Սարգսյանի անվան թիվ մեկ հիմնական դպրոցում` որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ։ Սա այն դպրոցն է, որտեղ սովորել է Նիկոլ Փաշինյանը:

Մեզ ասացին, որ Ամիրյանը բարձրագույն կրթություն չունի, 2000-ականների կեսերին ընդամենը ինչ-որ տեխնիկում է ավարտել, այն էլ` այժմյան ոստիկանապետ Վահե Ղազարյանի մոր հորդորով, որն այդ տարիներին Իջեւանի թիվ մեկ դպրոցի տնօրենն է եղել:

Շուրջ տասն օր մենք փորձում էինք Իջեւանի քաղաքապետարանից պաշտոնապես ճշտել՝ Սարմեն Ամիրյանն ունի՞ բարձրագույն կրթություն, թե՞ ոչ, եւ եթե չունի՝ ինչպե՞ս է տնօրենի պաշտոնակատար նշանակվել։ Սակայն այդ տասն օրվա ընթացքում այդպես էլ որեւէ հերքող կամ հաստատող պատասխան չստացանք, ինչից կարելի է ենթադրել, որ տնօրենի ԺՊ-ն իսկապես կրթություն չունի, հակառակ դեպքում քաղաքապետարանին ուղղված պարզ հարցին ի պատասխան կարող էին ասել՝ այո, ունի կրթություն, եւ հարցը փակել` նշելով, թե որ բուհն է ավարտել Սարմեն Ամիրյանը:
ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ տեղյակ չէ, թե ով է Սարմեն Ամիրյանը եւ ինչպես է նշանակվել սպորտդպրոցի տնօրենի ԺՊ: Նա մեզ հետ զրույցում նշեց. «Իջեւանի սպորտդպրոցը ՊՈԱԿ է, ունի համայնքային պատկանելություն, ես այդ դպրոցից որեւէ տեղեկություն չունեմ, ես չեմ նշանակել նրան»: Այն հարցին, թե կրթություն չունեցող մարդուն դպրոցի տնօրենի ԺՊ նշանակելն անօրինական չէ՞ արդյոք, մեր զրուցակիցը նշեց. «Այո, այո, տնօրենն էլ, տնօրենի ԺՊ-ն էլ պետք է բարձրագույն կրթություն ունենան: Բարձրագույն կրթությունը նրանց պարագայում պարտադիր է, եթե մարդը չունի կրթություն, չպետք է տնօրեն նշանակել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ