23 06 2022

ԱՄՆ դեսպանի արձագանքը աղմկահարույց ձայնագրությանը. «Հրապարակ»

ԱՄՆ դեսպանի արձագանքը աղմկահարույց ձայնագրությանը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին հարցում էինք ուղարկել՝ խնդրելով գնահատական տալ ԲԴԽ նախագահի ԺՊ Գագիկ Ջհանգիրյանի եւ լիազորությունները կասեցված ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի՝ 2021 թ․ փետրվարի 20-ին տեղի ունեցած խոսակցությանը, որը հրապարակվեց հունիսի 20-ին։ Հարցրել էինք՝ արդյոք դրանում առկա՞ է ԲԴԽ գործող նախագահ Գագիկ Ջհանգիրյանի կողմից արդարադատությանը միջամտելու, քաղաքական հրահանգ իրականացնելու եւ շանտաժով կամ այլ մեթոդներով Վարդազարյանին ԲԴԽ նախագահի պաշտոնից հրաժարական պարտադրելու, ինչպես նաեւ դատավորին ու ԲԴԽ նախագահին ոչ հարիր վարքագիծ։ Որքանո՞վ է ԲԴԽ նախագահի ԺՊ Գագիկ Ջհանգիրյանի վարքը տեղավորվում այն ժողովրդավարական արժեքների շրջանակում, որոնց աջակցում են ԱՄՆ-ն եւ անձամբ հարգելի դեսպանը։ Դեսպանատնից մեր հարցերին տվել են ընդհանրական ու անհասցե պատասխաններ։

«Մենք ուշադրությամբ հետեւում ենք գործով ի հայտ եկող մանրամասներին։ Ինչպես նախկինում ասել ենք, մենք աջակցում ու խրախուսում ենք շարունակական ժողովրդավարական բարեփոխումներին Հայաստանում։ Ժողովրդավարության հիմնաքարերը ներառում են իրավունքի գերակայությունը, դատական անկախությունը եւ հանրային պաշտոնյաներից հաշվետվողականություն պահանջելու քաղաքացիների իրավունքը։ Մենք պատրաստ ենք շարունակել մեր աջակցությունը Հայաստանի ժողովրդի պահանջով իրականացվող դատական բարեփոխումներին, որտեղ որոշ առաջընթաց եղել է, սակայն անելիք դեռեւս շատ կա»,- գրել են դեսպանատնից։

Մենք տիկին դեսպանին այլ հարցեր էլ էինք ուղղել՝ կապված Հայաստանում ժողովրդավարական արժեքների գրանցած հետընթացի հետ, սակայն դեսպանատունը նախընտրել է բոլոր հարցերին նման ֆորմալ եւ ոչինչ չասող պատասխան ուղարկել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ