21 06 2022

Հանձնարարված է «ծածկադմփոց» անել․ «Փաստ»

Հանձնարարված է «ծածկադմփոց» անել․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Կիրակի երեկոյան կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում, որի հետևանքով 7 մարդ է տուժել և հոսպիտալացվել. երեկ պարզվեց, որ նրանցից 3-ը մահացել են: Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, գործադրվել է որսորդական հրացան։

ԶԼՄ-ները գրեցին, որ միջադեպը տեղի է ունեցել քաղաքական հողի վրա, ինչի հետևանքով իշխանության կողմնակիցները (այդ թվում՝ իշխանության ներկայացուցիչների ազգականները) դիմել են նման քայլի։ Իշխանությունները շտապեցին հերքել «քաղաքական ենթատեքստն» ու իրենց կապը նշյալի հետ, իսկ ոստիկանությունը հաղորդագրության մեջ հատուկ շեշտեց, որ միջադեպը որևէ քաղաքական շարժառիթ չունի, և այն տեղի է ունեցել բացառապես կենցաղային հողի վրա։ Սակայն, ինչպես ասում են, մախաթը պարկում չես թաքցնի, և մասնավորաբար Ապարանում նշում են, որ իրականում հենց քաղաքական հողի վրա է եղել ողբերգական միջադեպը:

Այս ամենի հետ կապված՝ «Փաստ» թերթին մի շարք նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորաբար, մեր աղբյուրի փոխանցմամբ, միջադեպից հետո Նիկոլ Փաշինյանը շտապ հավաք է կազմակերպել Սևանի կառավարական ամառանոցում, որին մասնակցել են ոչ միայն ոստիկանապետն ու իրավապահ համակարգի մյուս պատասխանատուները, այլև «Քաղաքացիական պայմանագրի» մի շարք առանցքային ներկայացուցիչներ։ Հանդիպումը տևել է մինչև ուշ գիշեր. այդ ընթացքում Փաշինյանի անվտանգության աշխատակիցները առանձնակի ուժեղացված հսկողություն են իրականացրել Սևան-Երևան մայրուղու վրա։ Թերթի տեղեկություններով, Փաշինյանն առաջին հերթին հանձնարարել է միջադեպը չտիրաժավորել և ավելորդ անգամ թեման «ռասկրուտկա» չանել։

Ավելին, նա հատուկ ընդգծել է, որ ոչ ոք մեկնաբանություններ չտա, իսկ իրավապահները շեշտեն միջադեպի ապաքաղաքական լինելը։ Ի դեպ, հավելենք, որ բազմաթիվ օգտատերեր երեկ հիշեցնում էին Փաշինյանի՝ դեռևս 2018-ին արված այն միտքը, թե «ոչ մեկը ՀՀ-ում չի կարող զենքով հարց լուծել, ես թույլ չեմ տա, որ որևէ մեկը «սիրո և հանդուրժողականության» հեղափոխությունից հետո կանգնի և ասի, որ զենքով հարց ենք լուծում. լկտիությամբ ու բեսպրեդելով ՀՀ-ում հարց չի լուծվելու»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ