18 06 2022

ԱԳՆ-ում «պադավատների» թարմացման կարիք կա․ «Ժողովուրդ»

ԱԳՆ-ում «պադավատների» թարմացման կարիք կա․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մտադիր է թարմացնել իր ավտոպարկը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արտաքին գործերի նախարարությունը դիմել է ՀՀ կառավարություն եւ հայտնել, որ նախարարության պաշտոնատար անձանց ծառայողական ավտոմեքենաները կարիք ունեն փոխարինման, քանի որ մաշվածության արդյունքում դրանց շահագործումը, պահպանումը և ընթացիկ վերանորոգումը դարձել են առավել ծախսատար։ Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԳՆ ավտոմեքենաներից մեկը վթարված է և ենթակա չէ շահագործման։ Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ ԱԳՆ-ն առաջարկել է իրեն ամրացված հինգ միավոր տրանսպորտային միջոցները հետ վերցնել և ամրակցել ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին այլ գերատեսչություններին ամրակցելու կամ օտարման ներկայացնելու նպատակով։ Նշենք, որ ԱԳՆ-ն պահանջում է նաեւ նախարարությունում պահպանել սահմանաքանակը՝ 16 ավտոմեքենա:

Տեղեկացնենք, որ օրեր առաջ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ ՀՀ վարչապետի աշխատակազմն այս տարի խնդիր է դրել թարմացնելու աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների պարկը։ Քննարկվում է ոչ միայն հին ավտոմեքենաներից ազատվելու, այլև էլեկտրական շարժիչով ավտոմեքենաներ գնելու տարբերակը։ «Այսպես ասած, «բալաստներից» փորձում ենք ձերբազատվել, որպեսզի և՛ ծանրաբեռնված չլինենք, և՛ ավելորդ ծախսերը նվազեցնենք»,– ասել է Հարությունյանը: Չի բացառվում, որ մեր պաշտոնյաներին առաջիկայում Երեւանում տեսնենք էլեկտրական շարժիչով մեքենաներով շրջելիս»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ