«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ պարզ դարձավ, որ ԱԺ ՔՊ խմբակցության գլխավոր դատախազի թեկնածուն Աննա Վարդապետյանն է, որն այժմ զբաղեցնում է վարչապետի օգնականի պաշտոնը: Հետաքրքիր է, որ նա որեւէ կոչում չունի, որը համապատասխանում է այդ պաշտոնին, այնինչ նախկին բոլոր դատախազներն ունեցել են: Նկատենք՝ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն իրավաբանական գիտությունների թեկնածու է եղել, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական, Աղվան Հովսեփյանը եղել է իրավաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ վաստակավոր իրավաբան, արդարադատության պետական խորհրդական: Նախկին գլխավոր դատախազ Արամ Թամազյանը իրավաբանական գիտությունների դոկտոր, Արդարադատության պետական խորհրդական է: Ասել է թե՝ բոլոր դատախազները կոչումներ են ունեցել, սակայն Աննա Վարդապետյանը չունի, ինչը ենթադրել է տալիս, որ նրան կընտրեն դատախազ ու նոր կոչում կտան:
Մեկ այլ հանգամանք եւս. ՀՀ Սահմանադրության 177-րդ հոդվածի 2-րդ մասը նշում է. «Գլխավոր դատախազ կարող է ընտրվել երեսունհինգ տարին լրացած, միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով եւ մասնագիտական աշխատանքի առնվազն տասը տարվա փորձառությամբ, բարձրագույն կրթությամբ իրավաբանը: Գլխավոր դատախազի համար օրենքով կարող են սահմանվել լրացուցիչ պահանջներ»: Ո՞վ է գնահատել Աննա Վարդապետյանի մասնագիտական որակները, որտե՞ղ են դրսեւորվել դրանք. դատախազի նշանակման համար նրա մասնագիտական որակները պետք է գնահատեն մասնագետները, այլ ոչ թե ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, որը, մասնավորապես, նշել է. «Տիկին Վարդապետյանը թե՛ իր մասնագիտական որակներով, թե՛ իր բարձր բարոյական ու արժեքային հատկանիշներով, նաեւ օրենսդրությամբ սահմանված պահանջներով համապատասխանում է այն կարեւորագույն առաքելությանը, որը պետք է ունենա ապագա ՀՀ գլխավոր դատախազը»:
Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը