«Հրապարակ» թերթը գրում է. «Ամերիկյան դոլարը տարօրինակ խաղեր է տալիս: Մե՛կ ցնցումների մեջ է ընկնում, մե՛կ կրկին արժեւորվում: Ռուս-ուկրաինական պատերազմի առաջին օրերին դոլարի կուրսը թռավ՝ դառնալով 525 դրամ, ապա, ապրիլի 4-ից սկսած, սկսեց կայունանալ: Այդ օրը ՀՀ բանկերը 486 դրամով էին վաճառում դոլարը: Սակայն հետագա օրերին դրամը սկսեց աստիճանաբար արժեւորվել, դոլարի փոխարժեքն օրական 1-4 դրամով նվազում էր: Մայիսի 2-ին դոլարի առքի ամենաբարձր փոխարժեքը բանկերում 446.00 դրամ էր, իսկ վաճառքի ամենացածր փոխարժեքը՝ 453.00 դրամ: Հետագա օրերին դոլարի չնչին արժեւորում եղավ՝ 1,5-4 դրամով, երեկ՝ մայիսի 5-ին, ամերիկյան կանաչը սկսեց նոր վերելք: Մեկ օրում բարձրացավ 14 դրամով: ՀՀ բանկերի կողմից սահմանված ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեքը 465.00 դրամ էր, իսկ վաճառքի ամենացածր փոխարժեքը՝ 469 դրամ: Վերջին տարիներին կուրսը տատանվում էր 480-500 դրամի միջակայքում: Այս տատանումներին անմիջապես արձագանքեց շուկան:
Երեւանյան որոշ սուպերմարկետներ մայիսի 4-ին զեղչեր հայտարարեցին: Ողջ օրվա ընթացքում Նորքի զանգվածի «Զովքը» եւ դրա հետեւից նաեւ MG ցանցը 50 տոկոսով իջեցրին վաճառվող ողջ տեսականու գինը՝ վաճառելով ներսի ողջ ապրանքը: Այս խանութների առաջ հերթեր գոյացան:
Փոխարժեքի փոփոխության տարբեր բացատրություններ կան: ԿԲ-ն դա պայմանավորում է ՌԴ-ից ժամանածների՝ այստեղ ծախսվող փողերով հյուրերի ներհոսքն ավելացրել է արտարժույթի առաջարկը մեր շուկայում: Էկոնոմիկայի նախարարության տվյալներով, մարտի սկզբից մոտ 100 հազար ռուսաստանցի է եկել Հայաստան, որոնք բանկերում հաշիվներ են բացում, ընկերություններ գրանցում, ակտիվներ են բերում, վճարվում են դոլարով:
«Միջազգային այցելուների զգալի ներհոսքն արտացոլվում է ծառայությունների ճյուղի բարձր աճում եւ ընդլայնում ամբողջական պահանջարկը: Դա նպաստում է Հայաստանի Հանրապետության արտաքին հաշվեկշռության բարելավմանը եւ արժութային շուկայում դրամի արժեւորմանը»,- երեքշաբթի հաշվետու ելույթի ժամանակ հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Սարգսյանը: Տնտեսագետ Սուրեն Պարսյանը կարծում է, որ դոլարի արժեւորումն ունի ներքին պատճառ. «Մարտի 15-ին Կենտրոնական բանկը 1,25 տոկոսով բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ դրանով թանկացնելով դրամը, ու դոլարը սրա արդյունքում արժեզրկվեց:
Բացի դա, ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված՝ ռուսական բանկերն ու ընկերությունները պատժամիջոցների տակ ընկան, եւ մենք, օրինակ, տարեկան 1 մլրդ դոլարի չափով փող էինք փոխանցում էներգակիրների համար, բայց Ռուսաստանի քաղաքականության արդյունքում էլ դոլար չենք փոխանցում, ռուբլի ենք փոխանցում: Էն ժամանակ «Գազպրոմ Արմենիան», օրինակ, ամսվա կտրվածքով 40 մլն դոլար բանկից առնում էր, փոխանցում էր ՌԴ, հիմա ռուբլի է առնում, փոխանցում ՌԴ: Այսինքն՝ պահանջարկը մեր ներքին շուկայում նվազել է:
Սրա արդյունքում օրվա կտրվածքով մոտ 10 միլիոնի դոլարային ավելցուկ ունենք»: Դոլարի մեր ընդհանուր շրջանառությունը հաշվի առնելով, որը կազմում էր մինչեւ 30-40 մլն դոլար, 10 միլիոնի ավելցուկը լուրջ թիվ է: Ինչո՞ւ ԿԲ-ն չմիջամտեց նման կտրուկ արժեզրկմանը: «Դա չարվեց դիտավորյալ,- պատասխանում է Պարսյանը,- քանի որ նպատակ ուներ, որ դոլարն արժեզրկվի, եւ դա թույլ կտար ներկրվող ապրանքների գները նվազեցնել: ԿԲ-ն դրանով էր հետաքրքրված»: Բայց գները չիջան, չէ՞:
Ըստ Պարսյանի՝ ստացվեց մի իրավիճակ, որից տուժեց արտահանողը: «Մոտ 15 տոկոս եկամուտը, դրամական արտահայտությամբ, կորցրին: Դրսի փողով ապրող ընտանիքների կենսամակարդակը, որոնց դոլար էին ուղարկում, նվազեց դարձյալ 15 տոկոսով»:
Սուրեն Պարսյանը եւս մի պատճառ է նշում, որն ազդում է դոլարի կուրսի վերջին օրերի վերելքի վրա՝ քաղաքական անկայունությունը: «Սովորաբար քաղաքական անկայունության պայմաններում օտարերկրյա ներդրողները, նաեւ տեղացիները, իրենց գումարը վերածում են դոլարի, եւ պահանջարկը շուկայում մեծացավ: Նրանք, ովքեր ավելցուկ ունեին ու հանում էին վաճառքի, հիմա պահում են դոլարը: Հիմա դոլար վաճառողներ չկան, գնորդներն են շատացել»,- ասում է նա:
Ի դեպ, Իսպանիայից ժամանած մեր հայրենակիցներից մեկը պատմեց, որ արտարժույթի տատանումներ ու անհասկանալի պահվածք նկատվում են նաեւ Եվրոպայում․ այնտեղ էլ եվրոն է խիստ արժեզրկվել՝ հավասարվելով դոլարին։ Եվ, առհասարակ, եվրոպական երկրներում թանկացումներ են, եւ դժգոհություններ են կուտակվում, մարդիկ համարում են, որ իրենք ամերիկյան քաղաքականության զոհերն են եւ տուժում են ԱՄՆ-ի գլոբալիստական նկրտումների պատճառով։ Տուժում են ե՛ւ կենսամակարդակի առումով, ե՛ւ ռուսական հսկայական շուկան կորցնելով, ե՛ւ նորանոր վտանգների հետ առերեսվելով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը