30 04 2022

Ուշագրավ զարգացումներ են սպասվում Դավիթ Տոնոյանի և մյուսների գործով․ «Փաստ»

Ուշագրավ զարգացումներ են սպասվում Դավիթ Տոնոյանի և մյուսների գործով․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երկուշաբթի՝ մայիսի 2-ին, տեղի է ունենալու ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և մյուսների գործով դատական հերթական նիստը, ինչը կարող է բավականին բեկումնային լինել։ Բանն այն է, որ Տոնոյանի հետ նույն գործով անցնող մի շարք առանցքային դերակատարներ տարբեր խափանման միջոցներով հայտնվել են ազատության մեջ, մինչդեռ Տոնոյանի նկատմամբ ընտրվել է խտրական մոտեցում, և նա մնում է կալանավորված։

«Փաստ» թերթի տեղեկություններով, ընդդիմադիր ուժերի պայքարի սրացման ֆոնին իշխանությունները մտադիր են առաջիկա օրերին մեղքի բարդման նոր շոու բեմադրել ու, ըստ այդմ, «կոռուպցիոներների» և «պատերազմի մեղավորների» նոր, աղմկոտ ձերբակալություններ կազմակերպել։ Ավելին, մեր աղբյուրների փոխանցմամբ, Փաշինյանը հրահանգել է բեկանել ազատ արձակման մի քանի վճիռներ և դրանք կայացնողների նկատմամբ սանկցիաներ կիրառել։ Մենք տեղեկություններ ունենք, որ առաջիկայում կակտիվանա նաև 44- օրյա պատերազմի խորհրդարանական քննիչ հանձնաժողովը։ Փորձ է արվելու մեծ աղմուկով շրջանառել անորակ զենքի մատակարարման և «նախկինների» պատճառով պատերազմը տանուլ տալու թեզերը։ 

Այս ողջ «սցենարի» շրջանակներում, մեր տեղեկություններով, իշխանությունները մտադիր են ոչ միայն ազատ չարձակել Դավիթ Տոնոյանին, այլև մեծացնել «մեղավորների» շրջանակը։ Հիշեցնենք, որ այս գործով անցնում են պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը, ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը, Հայաստանին զենք մատակարարող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո) և այլն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ