16 04 2022

Անահիտ Ավանեսյանն ամեն ինչ ասաց, բացի բուն պատասխանից՝ արդյոք դե՞մ է, որ Արցախը ճանաչվի Ադրբեջանի մաս. «Հրապարակ»

Անահիտ Ավանեսյանն ամեն ինչ ասաց, բացի բուն պատասխանից՝ արդյոք դե՞մ է, որ Արցախը ճանաչվի Ադրբեջանի մաս. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Իշխանությունը հստակ չի բացատրում, թե Նիկոլ Փաշինյանն ինչ էր ուզում ասել իր ելույթներով։ Հանրությունը հասկացել է, որ պատրաստվում են հանձնել Արցախը, բայց նրա թիմակիցները չեն խոստովանում, չեն ուզում Փաշինյանի փոխարեն գույժը հաղորդել։ Բայց հակառակն էլ չեն ասում՝ առաջնորդը կպատժի։ Պաշտոնի ու մանդատի գինը Փաշինյանին չհակաճառելն է։ Օրինակ՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ամեն ինչ արեց, որ չպատասխանի մեր հարցին։ Սկզբում քերականական շտկումներ մտցրեց, երբ խուսանավելու տեղ չուներ, հրաժարվեց պատասխանել՝ եթե Արցախը ճանաչվի Ադրբեջանի մաս, իրեն Արցախի ճակատագիրը չի՞ մտահոգում։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ, որի քեռորդին զոհվել է 44-օրյա պատերազմում՝ Շուշիում, ամեն ինչ ասաց, բացի բուն պատասխանից՝ արդյոք դե՞մ է, որ Արցախը ճանաչվի Ադրբեջանի մաս։


«Ես կխնդրեմ՝ Դուք Ձեր մեկնաբանությունները խոսքի վերաբերյալ չհնչեցնեք եւ ուշադիր մեջբերում անեք հենց խոսքից»,- ասաց նա՝ անդրադառնալով այն դիտարկմանը, թե Փաշինյանն Արցախը պատրաստվում է ճանաչել Ադրբեջանի մաս։

- Ես սխալվո՞ւմ եմ։


- Այո։

- Բայց ասում է՝ պետք է իջեցվի Արցախի կարգավիճակի նշաձողը։

- Վարչապետը ներկայացրեց այսօր մեր առջեւ ծառացած մարտահրավերները եւ ներկայացրեց, որ կառավարությունը, իշխանությունը անելու է մաքսիմալը եւ անում է՝ ապահովելու այս իրադրությունում Հայաստանի ազգային շահերի առաջ տանելը։

- Այդ դեպքում Դուք՝ որպես Նիկոլ Փաշինյանի թիմակից, ի՞նչ հասկացաք նրա ելույթից՝ Արցախի ճակատագրի մասով։

- Հասկացա, որ մենք շարունակելու ենք օգտագործել թե՛ անվտանգային, թե՛ դիվանագիտական բոլոր մեր ձեռքում եղած միջոցները՝ ի շահ Արցախի բնակչության եւ Հայաստանի բնակչության։

- Հետեւաբար, կարո՞ղ եք բացառել, որ իշխանություններն Արցախը երբեք չեն ճանաչի Ադրբեջանի մաս։

- Նման հարց ընդհանրապես չի քննարկվել վարչապետի ելույթում, եւ ես իմ մեկնաբանությունները Ձեզ տվեցի։ Այո, Հայաստանի իշխանությունները եւ վարչապետը հստակ շեշտադրումներ արեց, որ առաջնորդվելու է մեր քաղաքացիների անվտանգության, իրենց հողի վրա ապրելու, արարելու, խաղաղության պայմաններում երաշխիքներով։

- Անկախ հանրապետությա՞ն, Հայաստանին միանալո՞ւ կարգավիճակով, թե՞ Ադրբեջանի կազմում, բայց անվտանգ ապրելու երաշխիքով։

- Ես կարծում եմ, սպառիչ տվեցի Ձեր հարցի պատասխանները։ Այսօր մեր առջեւ ծառացած մարտահրավերներին մենք պետք է ամենայն լրջությամբ մոտենանք, անենք մաքսիմալը թե՛ դիվանագիտական, թե՛ անվտանգային, թե՛ տնտեսական առումներով՝ ապահովելու այս երկրում, այս հողում մեր ապրելու իրավունքը։

- Կխնդրեմ անկեղծ պատասխանեք․ Դուք՝ որպես քաղաքացի, դե՞մ եք, որ Արցախը երբեւէ որեւէ կարգավիճակով լինի Ադրբեջանի կազմում։

- Ուրեմն, տեսեք, ես մշտապես, ոչ միայն այսօր, այլ տարիներ ի վեր կողմ եմ եղել տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն, բայց սա չի նշանակում, որ չպետք է պայքարել արցախահայության՝ իր հողում ապրելու, ինքնորոշվելու եւ իր մշակույթին, լեզվին, ինքնությանը հավատարիմ լինելու իրավունքի համար, որը որ հայ ժողովուրդը վերջին տարիներին իրականացրել է, ամբողջ իր ներուժն ուղղել է հենց այդ իրավունքը պաշտպանելուն։

- Հիմա կարո՞ղ եք ասել, որ դեմ եք, որ Արցախը որեւէ կարգավիճակով հայտնվի Ադրբեջանի կազմում։

- Դա իմ դեմ կամ կողմ լինելու հարցը չի։ Նորից եմ կրկնում․ արցախահայության իրավունք՝ իր հողում ապրելու համար, մենք՝ ՀՀ քաղաքացիներս, անում ենք ամեն ինչ։

- Արցախահայությունը դեմ է, Արցախի ԱԺ-ն հայտարարություն է տարածել, որ Արցախը երբեք չպետք է լինի Ադրբեջանի կազմում։ Դուք այս ցանկությունը կիսո՞ւմ եք։

- Ես կարծում եմ՝ Ձեր հարցին պատասխանեցի, ես իմ տեսակետը Ձեզ հստակ, անկեղծ, ազնիվ ներկայացրեցի։

- Տիկին Ավանեսյան, ես ուզում եմ հավատալ, որ Դուք դեմ կլինեք, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում։

- Ես Ձեր հարցին հստակ պատասխանեցի, ներկայացրեցի իմ տեսակետը, հիմա, կարծում եմ, նորից նույն հարցն եք տալիս։

- Շատ լավ։ Ես Ձեր փոխարեն ուզում եմ հավատալ, որ Դուք, ամեն դեպքում, դեմ եք, որ Արցախը հայտնվի Ադրբեջանի կազմում, ուստի, եթե ձեր թիմը որոշի, որ պետք է ճանաչի Արցախն Ադրբեջանի մաս, Դուք կընդդիմանա՞ք դրան։

- Նորից եմ կրկնում՝ Հայաստանը, մենք, ես՝ անձնապես, 44-օրյա պատերազմի ժամանակ իմ բոլոր եղբայրները, ամուսինս եղել են պատերազմի դաշտում, արել են ամեն ինչ, որպեսզի պաշտպանեն արցախահայության՝ այդ հողում ապրելու իրավունքը, եւ եղբայրս էլ Շուշիի մատույցներում զոհվել է՝ եւս պաշտպանելով նրանց այդ իրավունքը։ Եվ այդ հանձնառությունը, որ մենք բոլորս ունենք մեր նահատակների առջեւ՝ անելու հնարավորինս Հայաստանի, արցախահության շահերը պաշտպանելու համար։

- Ես ցավում եմ ինչպես Ձեր եղբոր, այնպես էլ մյուս բոլոր նահատակների համար։ Ուստի, արդյոք բարոյակա՞ն կլինի, որ Ձեր եղբոր ու մյուսների թափած արյունն անիմաստ լինի, պարզվի, որ Արցախը, որի համար նրանք իրենց կյանքն են տվել, հայտնվելու է Ադրբեջանի կազմում։

- Ես Ձեր հարցին պատասխանեցի, կարծում եմ»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ