01 04 2022

Ինչո՞ւ Ավինյանի համար «շաբաթն ուրբաթից շուտ եկավ». «Իրավունք»

Ինչո՞ւ Ավինյանի համար «շաբաթն ուրբաթից շուտ եկավ». «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող, ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը երեկ հայտարարեց կուսակցության վարչության որոշման մասին, որ Երեւան քաղաքի առաջիկա ՏԻՄ ընտրություններում կուսակցության ցուցակը գլխավորելու է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Այսինքն` նա լինելու է Երեւանի քաղաքապետի ՔՊ-ի թեկնածուն: Թե ինչով էր պայմանավորված նման շտապողականությունը, երբ Երեւանի ավագանու հաջորդ ընտրությունները պետք է տեղի ունենան 2023 թվականի սեպտեմբերին, իշխանական կուլիսներում տարբեր շշուկներ են պտտվում: 

Մեզ հասած խոսակցությունների համաձայն` ՔՊ-ականները մտմտում են Երեւանում ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորության մասին, քանի որ ոգեւորված են Վեդիի խոշորացված համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներից եւ իրենց հաղթանակից: Իսկ գահավիժող վարկանիշի ֆոնին` գալիք տարին բավական ուշ է, Երեւանում էլ հաջողության հասնելու համար:

Սակայն, նույն ՔՊ-ական շրջանակներից ոմանք այլ խնդիր են տեսնում Տիգրան Ավինյանի անունը, որպես թեկնածու, այսքան վաղ հանրայնացնելու վերաբերյալ: Նրանց տարօրինակ է թվում, որ այս կարեւոր լուրը հայտնել է ոչ թե անձամբ Նիկոլ Փաշինյանը, այլ Վահագն Ալեքսանյանը:

Նման «սենսացիոն» լուրը նախկին լրագրող Փաշինյան Նիկոլը, դժվար թե, զիջեր Ալեքսանյան Վահագին: Ուստի` կամ փորձում են ինչ-որ մի փուլում «քցել» Տիգրան Ավինյանին, կամ զուտ հանրային տրամադրություններն են ստուգում ինչ-ինչ այլ հեռահար նպատակներով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ