04 03 2022

Զելենսկու այդ ո՞ր քայլն է Հակոբ Արշակյանը համարում «բարեկամական»



ՔՊ-ական պատգամավորները, հատկապես հակառուսական դիրքորոշում ունեցողները, որ այս ընթացքում հազիվ են լեզուն ատամների արանքը սեղմում, որպիսզի ընթացքում Զելինսկուն բացահայտ չպաշտպանեն, հիշաչարությամբ իրենց օրագրերում գրի են առնում ընդդիմության բոլոր ելույթները այդ թեմայով։ Գուցե նրանից է, որ նույն կետից է թե՛ ուկրաինական այսօրվա իշխանության ու թե՛ Հայաստանի իշխանության մեկնարկը։

ԱԺ մարտի 1-ի նիստի ժամանակ հյատարարությունների ժամին ելույթ է ունենում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը և ասում է, թե «Ինչ է լինում, երբ իշխանությունը զավթում է քաղաքական ծաղրածուն»։

Պատգամավորն ասում է․

«Ուկրաինայի օրինակը հերթական անգամ ցույց է տալիս, թե ինչ ճակատագրի են արժանանում ժողովուրդն ու պետությունը, երբ իշխանության են գալիս պոպուլիստ, անգրագետ, անհայրենիք մարդիկ։ Փողոցից իշխանական ղեկին հայտնվածը պատուհաս է դառնում այն ժողովրդի գլխին, որին պատմական պատահականությունն ու թյուրիմացությունը խոստացել էր ծառայել։ Ուկրաինան դասեր չքաղեց Վրաստանից, Հայաստանը՝ Ուկրաինայից։ Վերջինս հիմա կրկին վայելում է պոպուլիզմի, անգրագիտության ու անհեռատեսության դառը պտուղները։ Մեր ժողովուրդը շատ բարձր գին է վճարել՝ իշխանությունը փողոցից եկած պատահական մարդկանց վստահելով։ Ու որպեսզի վերջնահաշիվը պետության կորուստը չլինի, մենք պետք է ապաշխարենք։ Ապաշխարենք՝ քաղաքական մեղավորներից ձերբազատվելով»։

Արդեն հաջորդ օրը, երբ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում սկանդալ սարքեց, որ հարցուպատասխանը տապալի (և հաջողեց), Հակոբ Արշակյանը հանկարծ սկսեց հիշել Արեգնազ Մանուկյանի ելույթը, թե․ «Պարոն Օհանյան, ձեր ընկերներին կոռեկտության կոչ արեք, երբ գալիս են այս ամբիոնի մոտից բարեկամ ընկերների ղեկավարներին ու ձեր երկրի ղեկավարներին անպատկառ խոսքերով բան են անում, փորձում են անարգել։»։

Այդ պահին խոսքը չէր գնում ո՛չ Ուկրաինայից, ո՛չ Զելինսկուց, բայց դե Հակոբ Արշակյանին խոսելու առիթ էր պետք։ Հարց է առաջանում, այդ ի՞նչն էր այդպես վիրավորել հակառուս Արշակյանին, ինչի՞ց էր նեղվել: Այն, որ Զելենսկին պոպուլիստ է, ոչ կոմպետենտ, դա փաստ է, նա դերասան է, պրոդյուսեր, ոչ մի կապ չի ունեցել և չունի պետական կառավարման հետ:

Կամ ինչպե՞ս է ԱԺ փոխնախագահը Վլադմիր Զելենսկուն համարում բարեկամ, չէ՞ որ վերջին 44 օրյա պատերազմի հետքերն այնքան թարմ են, իսկ թե ինչպես էր իրեն այդ ժամանակ դրսևորում Ուկրաինայի նախագահ «բարեկամ» Զելենսկին, բոլորս ենք հիշում: Ի դեպ, խոսքը չի գնում ուկրաինացի ժողովրդի մասին, այլ հենց Վլադիմիր Զելենսկու:

Պատերազմի օրերին Զելենսկին միայն կոչով չբավարարվեց, նա իր պաշտոնական ելույթի ժամանակ ակհայտորեն աջակցեց Ադրբեջանին: «Վերջին երկու տարիներին Կիևի և Բաքվի միջև զարգացել են «շատ լուրջ, ամուր» հարաբերություններ, և որ Ուկրաինան սատարում է Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»,-հայտարարեց նա:

Հետաքրքիր է՝ այս հայտարարության հատկապես ո՞ր մասն է Հակոբ Արշակյանի համար բարեկամական: Կամ, երբ Ուկրաինայի իշխող «Ժողովրդի ծառա»(Զելենսկու կուսակցությունը) կուսակցության անդամ, պատգամավոր Լյուդմիլա Մարչենկոն հայտարարել էր, որ Ուկրաինան պատրաստ է ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին, դրա հատկապես ո՞ր մասն էր բարեկամական:

Մեկ այլ փաստ ևս: Պատերազմի թեժ օրերին, երբ հայ զինվորները զոհվում էին թուրքական բայրաքթարների հարվածներից, Վլադիմիր Զելենսկին Թուրքիայի նախագահին պարգևատրում էր Յարոսլավ Իմաստունի 1-ին աստիճանի շքանշանով:

Բարեկամ պետության ղեկավարը, օրինակ, կպարգևատրե՞ր Էրդողանին 44-յա պատերազմի ժամանակ, երբ Էրդողանը Բայրաքթարներ էր ուղարկում մեր զինվորների գլխներին: Կամ, առհասարակ, կարո՞ղ է Հակոբ Աշակյանը ցույց տալ մի քայլ, դիրքորոշում, որով Զելինսկու ղեկավարած պետությունը պաշտպանում է հայկական շահ, չի՛ կարող։ Կարո՞ղ է, օրինակ, Արշակյանը ասել, ի՞նչպիսին է իր վերաբերմունքը երբ Կիևի կենտրոնական փողոցներում, մինչ հիմա գովազդներ են տեղադրված, որտեղ գրված է «Карабах це Азербайджан» և ուկրաինական ու ադրբեջանական դրոշներն են պատկերված։ Եթե սա է, բարեկամությունը, Արշակյանի պատկերացմամբ, միգուցե նա էլ այդ կարծիքին, ինչպիսին Ադրբեջանի և Ուկրաինա պետությունների կարծիքն է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ