Անեկդոտային բուլբուլյատորի մասին սերնդակիցներս հաստատ կիմանան: Չիմացողների համար. «բուլբուլյատորը» ծակծկված մետաղյա դույլ է, որը ջրով լի տակառի մեջ մտցնելիս բնութագրական ձայներ է արձակում՝ «բուլ-բուլ-բուլ»: Այդքանը:
Մեր իրականությունը ոչ միայն անեկդոտային չէ, այլև եղերաողբերգական է, եթե չասվի՝ օրհասական՝ պարուրված շարունակական մղձավանջով: Եվ այդ շարունակական մղձավանջը ձևավորած, իրագործած ու խորացրած «քաղաքական» խումբը, յուր խմբապետի գլխավորությամբ, շարունակում է համարվել Հայաստանի օրվա իշխանությունը: Անում է բացահայտորեն հայության, Հայաստանի, Արցախի կենսական շահերը տրորտակող, ոտնակոխող հայտարարություններ և, որ ավելի ահավոր է՝ քայլեր և... շարունակում է մնալ իշխանության:
Ասվածի ամենից թարմ նմուշը Նիկոլ Փաշինյանի «ինքնահարցազրույցն» է՝ դրան հաջորդած ափալ-թափալ «ինքնամեկնաբանությամբ» հանդերձ: Եթե խիստ հակիրճ (մարդկանց նյարդերը չեն էլ դիմանում), ապա Նիկոլ Փաշինյանի այդ հարցազրույցն ու հաջորդած «ինքնամեկնաբանությունը» ոչ այլ ինչ են, եթե ոչ Արցախը, Արցախի հայությանը ուրանալու, Արցախից, Արցախի խնդրից, սեփական հայրենիքում ապրել-արարելու հայության իրավունքների պաշտպանությունից հրաժարվելու հռչակագիր:
Դա հենց այն է, ինչի համար Նիկոլ Փաշինյանն ու նրա «քայլաթիմը» 2018-ին Հայաստանում բերվեց իշխանության:
Շատերը համարում են, և միանգամայն հիմնավորված, որ Նիկոլ Փաշինյանը, ի լրումն ամենի, մանիպուլյատոր է՝ մանիպուլյացիաների, խառնախոսության, «կռուտիտների», իրողությունների խեղաթյուրման, նենգափոխման, բացահայտորեն ստելու առումներով հմտացած, այդ «գործում» վարպետացած մեկը: Օրինակներն այնքան շատ են, որ էլ ասելու չի: Թեկուզ ամենից կենցաղային հարթության վրա. սա նա է, որ աչքերը ոլորելով ասում էր, թե «քաղաքացին տուգանքի մատերիալ չի», բայց արդեն երկու տարի է, աջուձախ միայն նորանոր տուգանքներ է, որ սահմանում է: Սա նա է, որ արագաչափեր էր սքոթչում, բայց վերջին 3 տարիներին միայն բազմապատկել է արագաչափերը...
Սա նա է, որ երբ դեռ 2018-ի մայիսին բանիմաց մարդիկ կանխատեսում էին, որ Նիկոլը բերվել է իշանության, որպեսզի Արցախը հանձնի, ինքը «100 օրվա» պաշտոնավարման իր միտինգում կուրծք էր ծեծում և կոկորդ պատռում, թե՝ «էս ի՜նչ եք ասում...», թե՝ ժողովո՜ւրդ, բացառվում է, որ ձեզանից գաղտնի բան պայմանավորվենք, բան որոշենք, այն էլ՝ Արցախի հարցում:
Թե՛ պայմանավորվեց (ոչ միայն հայտնի վերելակում Ալիևի հետ), թե՛ որոշեց, թե՛ հանձնեց, թե՛ ստորագրեց...
Սա նա է, որ Արցախի «Վերածննդի» հրապարակում բղավում էր՝ «Արցախը Հայաստան է և՝ վերջ», իսկ հիմա գործնականում հայտարարում է, որ «Արցախը ադրբեջանական է, և՝ վերջ», այսինքն՝ կրկնում է իր սիրելի «կիրթ ու կառուցողական» թշնամու առաջնորդ Ալիևի ասածները:
Եվ հիմա, նա ինչ-որ բաներ է «բուլբուլացրել» Արցախի վերաբերյալ: Թերևս ինքն էլ շատ լավ հասկանալով, որ այն աստիճանի է հասցրել, որ շատ-շատերը, ֆիզիկական նողկանքով պայմանավորված, ոչ միայն չեն ուզում իր ձայնն իսկ լսել, այլևս իր դուրս տվածները կարդալ անգամ չեն ցանկանում, վրա-վրա, մի բան էլ «մեկնաբանում է», թե՝ ահան, տեսա՜ք, ձայն չեն հանում, ահա՜, տեսեք, թե տարբեր տարիների ինչե՜ր են բանակցել, ինչե՜ր են քննարկել...
Այս ամենը այն աստիճան պրիմիտիվ է ու մակերեսային, այն աստիճան խառնակչական ու մանիպուլյատիվ նաև, որ իսկապես էլ «բուլբուլյատորից» բացի, այլ մտազուգահեռում չի ծագում:
Ու բազմաթիվ ձայների հարուցած ժխորում շնչահեղձ են լինում տրամաբանության, ողջամտության վերջին հատիկները: Մինչդեռ, թվում է, թե այնքան պարզ է ամեն ինչ, մանավանդ՝ «նախկիններին» հասցեագրված նիկոլական պղպջակային («բուլբուլյատորային») մեղադրանքների պահով:
Առաջինը․ ի՞նչ կապ ունի, թե ով ինչ է բանակցել քեզանից առաջ, եթե դու ինքդ ես հայտարարել այդ ամենը «զրոյացնելու» և զրոյական կետից բեանակցություններ վարելու քո որոշման մասին:
Երկրորդ. ոչ այլ ոք, այլ հենց դո՛ւ ես զրոյացրել 2016-ի ապրիլյան պատերազմից հետո ձեռք բերված բանակցային պայմանավորվածությունները (Վիեննա, Սանկտ Պետերբուրգ), որոնց տակ, կարելի է ասել՝ չուզելով, հարկադրված էր եղել ստորագրել քո «կիրթ ու կառուցողական» և սիրելի գործընկեր Ալիևը:
Երրորդ. դու, որ համակողմանի մերժում էիր ու մերժել ես «նախկիններին», գործնականում խոստովանում ես, որ քո այդ «մերժումները» կեղծիք և կեղծավորություն էին, քանի որ հիմա ցույց ես տալիս, որ «նախկինների պայմանավորվածն ես անում» (էլի սուտ է, բայցևայնպես) ու ֆեյսբուքային ամեն ծակուծուկում հայտարարում ես, թե «նախկիններն են արել...»: Եթե ամենը, ինչ կա, «նախկիններն» են արել, դու ո՞վ ես, ո՞ւմ ես պետք և ինչո՞ւ ես կոչվում «ՀՀ ղեկավար»:
Չորրորդ և ամենից պարզ ու կարևոր պահը․ Առհասարակ, քանի՞ գրոշի արժեք ունի այն, որ խնդրի կոնտեքստից կտրելով, 5, 10 կամ 15, 20, 25 տարի առաջվա բանակցային ինչ-ինչ կետեր է հրապարակում Նիկոլ Փաշինյանը: Իր սիրած թվի՝ «0»-ի արժեք: Վերջիվերջո, ո՞րն է խնդիրը, այ՞ն, թե օրինակ, Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, ապա՝ Սերժ Սարգսյանը 1992-2018թթ. միջակայքում ինչ հարցերի շուրջ են ԲԱՆԱԿՑԵԼ:
Ո՛չ, խնդիրն այն է, թե Փաշինյան Նիկոլը 2018-2020 թվերին նախ, ինչե՛ր է գաղտնի ԲԱՆԱԿՑԵԼ, ապա 2020թ. նոյեմբերի 9-ին ի՛նչ պայմաններ է ԸՆԴՈՒՆԵԼ, ինչի՛ տակ է ՍՏՈՐԱԳՐԵԼ, ապա 2020թ. նոյեմբերի 9-ից մինչև օրս ԿՈՆԿՐԵՏ ԻՆՉԵ՛Ր է ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ Հայաստանի ու Արցախի, հայության թշնամիների՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ:
Թե բա՝ «բանակցություններո՜ւմ...»: Բանակցություններում ամենատարբեր հարցեր են քննարկվել, ամենատարբեր առաջարկենր, բայց այդ ամենը գործնականում ոչինչ չի նշանակում, քանի դեռ չկա որևէ համաձայնություն, չկա վերջնական որոշում և ստորագրություն: Սա՛ է հարցը:
Իսկ նա, ով հիմա իր նստավայրն ու մարմնի՝ այդ վայրում դրվող հատվածը փրկելու համար անցյալի բանակցություններից ինչ-ինչ, իր կարծիքով՝ իր ուրացումն արդարացնող պատառիկներ է հրապարակում, կարծես «մոռանում» է, որ ի՛նքը կոնկրետ փաստաթղթերի տակ է ստորագրել, կոնկրետ պայմանների, կոնկրետ կապիտուլյացիայի, կոնկրետ տարածքներ հանձնելու, կոնկրետ հայերի հայրենիքից, տնից-տեղից, ապրուստից, ապուպապի գերեզմանից զրկելու մասին փաստաթղթերի տակ իր ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ է դրել: «Մոռանում» է, որ իշխանությունը զավթելով, հետևողականորեն արել է և անում է ամեն ինչ՝ թշնամու շահերն սպասարկելու, թշնամու հաղթանակն ապահովելու համար: Միտումնավո՞ր է արել, թե՞ հիմարության կանխավարկածով, դա երբևէ լինելիք դատավարությամբ թող պարզեն, եթե ստացվի: Առկա մղձավանջաեղերական հետևանքների պայմաններում «միտումնավո՞ր, թե՞ հիմարաբար»-ի պատասխանը արդեն երկրորդական է:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը