08 12 2021

Ճիշտ եք անում: Վախեցե՛ք

Ճիշտ եք անում: Վախեցե՛ք

Արդեն երևի բոլորին էլ պարզ է, որ նիկոլական մանդատակիրների կողմից ԱԺ շենքում, ԱԺ փոխնախագահի աշխատասենյակում կազմակերպած խուլիգանությունն ու ծեծկռտուքը ավելին են քան պարզապես «յուղից խելռած», այն է՝ անպատժելիությունից ավելի լկտիացած իշխանականների հերթական դրսևորումը: Տեղի ունեցածն, իհարկե, և՛ բեսպրեդել է, և՛ շնազգիների ընտանիքին պատկանող որոշակի տեսակին բնորոշ ոհմակային վարք, և՛ խուլիգանություն: Բայց դա ամենից առաջ խուլիգանական շեղող մանևր էր, ինչն էլ, եթե ոչ՝ բոլորին, համենայն դեպս՝ շատերին հասկանալի է:

Իսկ այդ ինչի՞ց էին այդպես իրար խառնվել նիկոլական «սևշապիկավորները»: Առաջինն, ինչ անցնում է «ուշադրություն շեղելու» հետ կապված, բնականաբար, ԱԺ նախագահի պաշտոնն զբաղեցնող Նիկոլի ամենից հավատարիմ զինակից Ալեն Սիմոնյանի կողմից գերիների թեմայով արած խայտառակագույն մոտեցումներն ու արտահայտությունները արտացոլող տեսաձայնագրության հանրայնացումն է: Դժվար է ասել, թե այդ սկանդալային տեսաձայնագրության հրապարակումը պայթած մեծ ռումբի էֆեկտ ունեցավ, բայց ամեն դեպքում ավելի սաստիկ հարվածային ալիք ձևավորեց, քան ասենք, նույն Ալեն Սիմոնյանի համար ճոխագույն «պադավատ»-BMW առնելու պատմությունն ու աղմուկը:

Բայց միայն գերիների թեմայով նիկոլական իշխանության իրական դիրքորոշման մերկացումն ու դրա հանրայնացումը չէր այն թեման, որից ուշադրություն շեղելու խնդիր կար: Ըստ որում, դեռ պարզել է պետք, թե հենց գերիների վերաբերյալ նշված տեսաձայնագրությունը կարո՞ղ էր հենց իշխանական շրջանակների կողմից կազմակերպված արտահոսք լինել: Ի վերջո, միգուցե Ալեն Սիմոնյանն արդեն այնքա՞ն էլ «հավատարիմ զինակից» չի ընկալվում և նիկոլական հնարքներով նրա «գլխին սարքելու» ներքին խնդի՞ր կա: Կամ միգուցե հենց այդ տեսաձայնագրության հանրայնացմամբ էլ փորձում էին մեկ այլ բանի՞ց ուշադրություն շեղել, պարզապես լավ չէին հաշվարկել (ինչպես միշտ) այդ խայտառակության պայթյունի ուժգնությունը:

Ի դեպ, հետաքրքիր էր լսել Ալեն Սիմոնյանի այն արտահայտությունները, թե չեն կարող գերիներին վերադարձնելու դիմաց տարածքային զիջումներ անել թշնամուն կամ ընդառաջել թշնամու տարածքային պահանջներին: Ընդհանուր առմամբ, միտքը հասկանալի է: Բայց Ալեն Սիմոնյանը միգուցե խառնակչական այլևայլ մտմտումների միջակայքում իրեն նեղություն տա հիշե՞լ, թե այդ ո՛ւմ, այդ ո՛ր իշխանության, իր անմիջական շեֆ Նիկոլի ո՛ր հայտարարությունների ու գործողությունների հետևանքով է թշնամու ախորժակն այդպես բացվել՝ բուն հայկական տարածքները խժռելու առումով:
Եվ ո՞վ է խոսում «գերների վերադարձ՝ այս կամ այն զիջման դիմաց» անընկալելի ու չարչիական մոտեցումներից: Ալեն Սիմոնյա՞նը, ով ողջունել է իր ներկայացրած իշխանության կողմից ականապատված տարածքների քարտեզները թշնամուն հանձնելու և դրա դիմաց մի քանի գերվածի վերադարձնելու «առուտուրը»: Իսկ ի՞նչ է, ականապատված տարածքների քարտեզները թշնամուն տրամադրելը տարածքներ հանձնե՞լ չէ: Չէ՞ որ այդպիսով նույն թշնամու գործն է հեշտացրել Նիկոլ Փաշինյանը: Չէ՞ որ այդ տարածքներն արագորեն ականազերծելուց հետո, թշնամին այնտեղ հենակետեր է նախապատրաստել՝ նոր տարածքներ զավթելու, հայերին կոտորելու և նոր գերիներ վերցնելու նպատակով:
Հիմնական թեման, որից նիկոլական իշխանությունը, այդ թվում՝ խուլիգանական դրդումներով ու բացահայտ խուլիգանության դիմելով փորձում է ուշադրություն շեղել, կարծում ենք, սահմանազատման ու սահմանագծման հարցերն են և այդ թեմայով Նիկոլ Փաշինյանի կողմից իր «քիրվա» Ալիևին տված ինչ-ինչ խոստումների վերաբերյալ հարցադրումները:
Վերջին հաշվով, ո՞ւմ է հայտնի, թե թշնամու հետ նաև «բանավոր համաձայնության» ընդունակ ու քանիցս դա դրսևորած (էն տխրահռչակ վերելակի դեպքը՝ վկա) Նիկոլ Փաշինյանն է՛լ ինչեր է խոստացել իր սիրելի Ալիևին: Ո՞ւմ է հայտնի, թե ի՞նչ է առհասարակ դրված սեղանին՝ Բրյուսելից առաջ կամ Սոչիից հետո:
Եվ ո՞վ կարող է ասել, թե ինչ կլինի, եթե հասարակությունը կենտրոնանա այդ կարևորագույն հարցերի վրա ու դրանց վերաբերյալ պատասխան պահանջեն:
Հիմա. կա՛մ այդ հեռանկարից են Նիկոլն ու իր ՔՊ-ն այդպես կատաղել, կա՛մ իրարահաջորդ մերկացումներից, կա՛մ դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններում ժողովրդի իրական տրամադրությունները բացահայտ տեսնելուց: Չնայած, հնարավոր է, որ առկա են այդ բոլոր «կամ»-երը, գումարած՝ իշխանությունից զրկվելու և դրա անխուսափելի շարունակության հետ կապված Նիկոլի վախերը կամ ավելի շուտ՝ տենդը:

Ճիշտ եք անում: Վախեցե՛ք:

 

Արմեն Հակոբյան    

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ