Նիկոլ Փաշինյանը, գերազանցապես իր մեղքով կատարված ոճրագործական աղետից ու իր ձեռքով ըստ էության՝ «կապիտուլյացիայի ակտ» (եռակողմ հայտարարություն) ստորագրելուց մեկ տարի անց հարցազրույց է տալիս, այլ ոչ թե հրաժարական: Նրա հարցազրույցներն ավելի շուտ ինքնախոստովանական ցուցմունքներ են, որոնք, ինչ խոսք, որոշ ժամանակ անց պետք է քննչական խմբի կողմից մանրամասն ուսումնասիրվեն: Քննչական խմբի, այլ ոչ թե՝ «գրպանի արտախորհրդարանականներով» լցոնվելիք ու ձևավորվելիք ԱԺ քննիչ հանձնախմբի:
Հարկավ, տիեզերական մասշտաբների ցինիզմ է պետք ունենալ, որպեսզի քո իսկ մեղքով տեղի ունեցած արնաշաղախ աղետի մասին, թեկուզ 1 տարվա հեռավորությունից խոսես այնպես, ասես ոչ թե Հայաստանը, Արցախի հետ միասին, ժողովրդին ու ազգին տարել ես կատաստրոֆիկ պարտության, այլ մի աներևակայելի հաղթանակ և ձեռքբերում ես արձանագրել: Իսկապես, պետության սուբյեկտայնությունը զրոյական կետի հասցրած, երկրի ինքնիշխանությունը գետնած, ժողովրդի կենսագոյությունն ու անվտանգությունը ամենօրյա սպառնալիքների տակ դրած որևէ մեկի ամեն մի բջիջ պետք է ցինիզմով համակված լինի, որպեսզի այդքանից հետո ոչ միայն հարցազրույցներ տա, այլև առհասարակ երևա մարդկանց աչքերին ու իր հակահիգիենիկ ճղճղաձայնով սղոցի մարդկանց լսելիքը: Բայց ցինիզմի հարցում Նիկոլ Փաշինյանի մոտ ամեն ինչ կարգին է:
Նա, ըստ էության, խոստովանեց, որ Հայաստանն ադրբեջանա-թուրքական միջանցքի վերածելու նպատակ է հետապնդել, ինչն էլ իրագործելու համար նրա նշանակած ներկայացուցիչները «աշխատանքային խմբում» թուրքերի գծած երթուղիներին են ծանոթացվել և հլու-հնազանդ գլուխները տմբտմբացրել են, թե համաձայն ենք: Ասենք, Նիկոլի գլխավորած Հայաստանն իրենից ի՞նչ է ներկայացնում, որ մի հատ էլ չհամաձայնեն: Ինչ-որ բանի առարկելու համար դու պետք է սուբյեկտ լինես, այլ ոչ թե օբյեկտ, որին Հայաստանը վերածվել է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
Թե բա՝ «տարածաշրջանում բոլոր կոմունիկացիաների բացում», «...Հորադիզ-Մեղրի-Օրդուբադ...», «Հայաստանը շահագրգռված է կոմունիկացիաների բացմամբ...»:
Կոմունիկացիաների բացման մասին է խոսում մեկը, ով...
Լավ, այսպիսի կենցաղայնացված օրինակով ասենք: Մեկը իր տան դարպասն ու բակը տվել է թշնամաբար տրամադրված հարևաններին: Այդ հարևանները, առանց այդ մեկին հաշվի առնելու, իրենցով են արել նաև նրա խորդանոցն ու ջրամատակարարման հանգույցը: Ավելին՝ հարևանները, նիկոլականներին մատչելի բառամթերքով ասած՝ «շլամբավոյ» են դրել նաև այդ մեկի՝ դեպի խոհանոց ու լոգարան տանող ճանապարհներին: Իսկ ինքը խոսում է... իր ննջասենյակով և հյուրասենյակով, օրվա ցանկացած ժամի այդ նույն հարևանների ազատ անցուդարձն ապահովելու մասին:
Էս է:
Հա, մեկ էլ ինչի՞ց էր խոսում: «Խաղաղության դարաշրջան» բացելուց: «Խաղաղության դարաշրջան»... թուրքերի հետ: Դե, նիկոլականները առուտուր-մառուտուր կանեն, թուրքական լոլիկ-մոլիկ կծախեն, «միջանցքի» ճանապարհային եզրաքարերին թուրքական տրեյլերների շոֆերներին չայ կառաջարկեն ու ոչ միայն չայ...
Այն, որ ասում է, եթե չես կարող դիմադրել, թուլացիր ու հաճույք ստացի, Նիկոլինն է, այսինքն՝ թուրքերի հետ Նիկոլի «խաղաղության դարաշրջանի» բուն էությունը՝ գործողության մեջ: Ի՜նչ ցեղասպանություն, ի՜նչ կոտորած, ի՜նչ 44-օրյա պատերզամ, ի՜նչ Ծածեռնակաբերդ ու Եռաբլուր, ի՜նչ Շուշի ու Կապան, ի՜նչ Հայաստան...
Չէ՜ մի՝ Հայաստան: Նիկոլի պատկերացրած Հայաստանը... «թուրք-ադրբեջանական «պռախադնոյ դվոռ» է ու՝ վե՛րջ»:
Այն, ինչ «քայլիստներն» ու նրանց «արտախորհրդարանական» մանկլավիկները նշում են որպես «խաղաղության դարաշրջան», հենց Հայաստանի թրքացման ու ոչնչացման ծրագիրն է: Կարելի է թրքացման փոխարեն ասել՝ վիլայաթացում: Էությունը նույնն է: Թուրքիան, Ադրբեջանի հետ, շարունակելով իրենց զավթողական ու հայաջինջ քաղաքականությունը, այդ նիկոլական «խաղաղության դարաշրջանի» առաջին իսկ երեք տարում, եթե ոչ՝ եռամսյակում ուղղակիորեն գնելու են Հայաստանը: Մի կողմից՝ լինելու է թուրք-ադրբեջանական կապիտալի ուղղակի կամ միջնորդավորված ներհոսք, մյուս կողմից՝ Հայաստանի վերականգնման անհնարինությանը նպատակաուղղված, արդեն շատ մասով կատարված քայլերի շարունակումթյուն (ադրբեջանական անցակետեր՝ ՀՀ ներքին հաղորդակցության ուղիների վրա, ասենք, Գորիս-Կապան ճանապարհի վրա, Որոտանի մոտ դրվածի տարբերակով):
Կարելի է այլ դիտարկումներ էլ անել Նիկոլի վերջին հարցազրույցի հետ կապված (և կարվեն), բայց այդ հարցազրույցում հիմնականն այն էր, որ Նիկոլ Փաշինյանը դրանով բոլորից լավ ցույց տվեց ու ապացուցեց, թե ինչո՛ւ է կենսականորեն անհրաժեշտ իրենից ու իր «քայլիստական» ռեժիմից օր առաջ, ժամ առաջ ազատվելը:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը