04 11 2021

Իսկ հնարավո՞ր է, որ «կովիդի վիճակը» կտրուկ վատանում է... ներքաղաքական նկատառումներով

Իսկ հնարավո՞ր է, որ «կովիդի վիճակը» կտրուկ վատանում է... ներքաղաքական նկատառումներով

Այնպիսի տպավորություն է, որ շուտով օրենք կամ որոշում կընդունվի առ այն, որ բոլորը տնից կարող են ելնել միայն ամուր փակված (սքոթչած) աչքերով: Եվ, որպեսզի դա այդպես լինի, կարելի է, օրինակ, մի 200 հազար դրամ տուգանք սահմանել բոլոր նրանց նկատմամբ, ովքեր աչքերը կհամարձակվեն չփակել: Չնայած, իրականությունն այնպիսին է, որ շատերը միգուցե հոժարակամ կշրջեին փակ աչքերով, եթե գայթելու և ընկնելու վտանգը չլիներ:

Թե է՛լ ինչ նոր ու ձեռառնողական տուգանքներ կսահմանի «ապագակաապագա» Նիկոլի գլխավորած ռեժիմը, դժվար է ասել: Այսինքն՝ ասել կարելի է, սակայն առանձնապես որևէ ցանկություն չկա ակամայից «գաղափարներ հուշել» մի վարչախմբի, որի ղեկավարն ու մյուս ներկայացուցիչներն առիթը չեն կորցնում ժողովրդի գրպանը մտնելու համար: Սրանք, որ իշխանության եկան արագաչափեր սքոթչելով, վարկերը տոկոսներով հանդերձ ջրելու դատարկախոսական խոստումներով, հիմա հանրությանը վերաբերվում են բացառապես որպես «տուգանքի մատերիալի»:

Դիմակ չես դրե՞լ - տուգա՛նք: Չես պատվաստվե՞լ – ազատել աշխատանքից: Համարձակվել ես դեռ մի բան էլ հայհոյե՞լ – տուգա՛նք:
Փռշտացի՞ր – գնդակահարե՛լ:

Հետաքրքիր է և այն, որ պատվաստումային հիստերիայի բուռշն ալիքների մեջ խորտակվում են միանգամայն տեղին հարցերը: Եթե «covid-19»-ի դեմ պատվաստվելը չի նշանակում, որ չեք վարակվի, ո՞րն է հապա այդ պատվաստվելու իմաստը, աշխատատեղը չկորցնելուց բացի:
Լավ, իսկ ինչո՞վ է պայմանավորված «կովիդային խտրականությունը», այն է՝ պաշտոնյաներին, իշխանավորներին, մի խոսքով՝ չինովնիկացած նիկոլականներին արտոնություններ տալը, իսկ «սիրելի ժողովրդին» տեռորով պատվաստում ու չգիտեմինչ պարտադրելը:

Կամ վերցնենք դիմակային փսիխոզն ու տեռորը: Եթե որևէ մեկը կարծում է, թե 30 դրամանոց բժշկական հասարակ դիմակը պաշտպանում է վարակվելուց, ապա ձմռանը նա կարող է տան ջեռուցումն իրականացնել եկեղեցական մոմով, ըստ որում՝ մեկ հատիկ մոմով: Հավատը մեծ ուժ է, ինչ էլ ասվի:

Վերադառնանք սակայն դիմակային պարտադրանքի կառավարության վերնամասից եկող հիստերիայի նոր ալիքին ու համաճարակային վիճակի վերաբերյալ օրեցօր ուժգնացվող ահաբեկչական քարոզչությանը: Նորից «covid-19»-ից մահանալու դեպքերի աճի ահաբեկող քարոզչություն է իրականացվում: Սա այն դեպքում, երբ արգելված են և չեն իրականացվում այն բոլոր բժշկական ընթացակարգերը, որոնց հիման վրա կարելի է հստակ ասել, թե մարդն իչից է մահացել, մահն ինչի հետևանքով է վրա հասել: Միայն այն ես լսում ամեն ծակուծուկից, որ դեպքերը կտրուկ ավելացել են ու ավելանում են:
Ինչո՞ւ: Ինչի՞ հետ կարող է կապված լինել «համաճաերակային» հերթական բռնկումը: Ավելի ճիշտ՝ նման բռնկման վրա կատաղի քարոզչություն իրականացնելը, սպառողներին ահաբեկելը:
Քանի որ հանրահայտ է, թե ինչ կարգի մանիպուլյատիվ գործելակերպ ունեցող վարչախմբի հետ գործ ունենք, բացառված չէ, որ դա կապված լինի առաջիկա հնարավոր ներքաղաքական ակտիվության, մասնավորապես, ընդդիմության կողմից արդեն իսկ նախազդված հանրահավաքների հետ: Օրինակ, նիկոլական ոստիկանները, անկասկած, հանձնարարություն կստանան բերման ենթարկել  ընդդիմության հանրահավաքի մասնակիցներին, օրինակ, դիմակ չկրելու համար: Չնայած, մինչև այդ դեռ մի քանի օր կա, այնպես որ կարող են անգամ «կարանտին» ու «պարետային ժամ» սահմանել, մեկ հոգուց ավել «մարդկանց կուտակումը» հռչակել «ապօրինի ցույց»… Ի վերջո, այդ բոլոր մայմունությունները արդեն իսկ եղել են, արդեն իսկ փորձարկվել են հասարակության, ավելի ճիշտ, անմռունչ այդ նվաստացուցիչ ծաղրուծանակը տանող բազմության վրա:

Հնարավոր է նաև, որ խնդիրը ոչ միայն սպասվող ցույցերն են, այլև Հայաստանի վերացման նպատակ հետապնդող այս վարչախմբի ու նրա ղեկավար Փաշինյանի կողմից նախատեսված հերթական դավադիր քայլը, օրինակ, ՀՀ ինքնիշխան տարածքը հատվածաբար հայության թշնամիներին՝ թուրքերին նվիրելու վերաբերյալ մի նոր համաձայնության ստորագրումը:

Նիկոլական «ոչնչիզմի» (ոչ մի «իզմ» չունեցող) հետևորդներից սպասելի է ցանկացած ապօրինություն, կամայականություն և վատություն:

 

Արմեն Հակոբյան

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ