18 10 2021

Նիկոլին մե՜ծ «ողջույն» Գորիսից ու «կտորմ բարև» Գյումրուց

Նիկոլին մե՜ծ «ողջույն» Գորիսից ու «կտորմ բարև» Գյումրուց

Ներքաղաքական անցուդարձին, մասնավորապես՝ մի շարք խոշոր ու խոշորացված համայնքներում տեղական իշխանության մարմինների ընտրությունների ընթացքին տեղյակ ընթերցողներին լիովին հասկանալի են վերնագրում նշված և Նիկոլ Փաշինյանին ու նրա «քպ»-ներին հասցեագրված թե՛ «ողջույնը», թե՛ «կտորմ բարևը»:

Սկզբունքորեն, ՏԻՄ ընտրությունների հարցում Հայաստանում այնպես չէ, ինչպես ասենք, Ֆրանսիայում կամ, Աստված մի արասցե, Գերմանիայում, որտեղ մունիցիպալ ընտրությունների արդյունքները թույլ են տալիս գրեթե անսխալ հասկանալ ընտրողների տրամադրությունները և փոքր սխալմունքով կանխատեսել համապետական քվեարկությունների արդյունքները: Սակայն մեր երկրի պարագայում էլ ՏԻՄ ընտրությունների արդյունքներից որոշ հետևություններ անել, նույնիսկ այս հակասական, ծվատված և բարոյահոգեբանական առումով կոյուղագծի մեջ գտնվող պայմաններում:

Հայտնի է արդեն, որ անցած կիրակի կայացած ՏԻՄ ընտրություններում Նիկոլ Փաշինյանը պարտվել է մի շարք համայնքներում, մասնավորապես, Գորիսում, Գյումրիում, որոշ վերապահմամբ՝ Մեղրիում (այստեղ հաղթած «Հանրապետությունը», ինչպես հայտնի է, Փաշինյանի «գրպանային» կուսակցություններից է, իսկ Արամ Զ. Սարգսյանն էլ Նիկոլի ջերմեռանդ պաշտպանների ու կողմնակիցների շարքերում է, եթե ավելին չասվի:

Ինչ վերաբերում է Գյումրուն, ապա հանրապետության երկրորդ խոշոր քաղաքում, այո, Նիկոլ Փաշինյանը պարտվել է: Կարճ ասած, գործող իշխանախումբը մերժվեց Գյումրում, որտեղից մի երեք տարի առաջ սկսվեց Նիկոլի քայլարշավը (ոտքը կոտրեր՝ Ջաջուռից այս կողմ չկարողանար գալ), որն էլ հանգեցրեց ներկայիս համընդգրկուն ու կործանումային աղետին:

Այնուամենայնիվ, բարոյահոգեբանական, քաղաքական, մարդկային առումներով ու ազգային նկարագրի, ազգային արժանապատվության և ինքնահարգանքի, ինչպես գյումրեցիներն են սիրում գլուխ գովալով ասել՝ թասիբի տեսանկյունից շատ ավելի հետաքրքրական ու կարևոր նշանակություն ունի Գորիսում արձանագրված պատկերը: Բանն այն է, որ Գորիսի քաղաքապետ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Առուշ Առուշանյանը և նրա թիմը հոկտեմբերի 17-ին ոչ միայն ջախջախիչ հաղթանակ տարան՝ արժանանալով ընտրողների ճնշող մեծամասնության վստահությանը, այլև դա արեցին փաշինյանական իշխանության կողմից դրսևորվող կամայականությունների, հակամարդկային բռնաճնշումների ու քաղաքական հետապնդումների պայմաններում:

Ինչպես հայտնի է, Առուշ Առուշանյանն արդեն մի քանի ամիս է, ինչ կալանավորված է, ի դեպ, ինչպես հայտարարում և ըստ էության ապացուցում են նրա փաստաբաններն ու կողմնակիցները, կալանավորված է միանգամայն ապօրինաբար: Ու, չնայած, Նիկոլի իշխանությունը նպատաային հետապնդումներ ու հարձակումներ է իրականացնում Սյունիքի գրեթե բոլոր համայնքապետերի, առավել նկատելի անձանց դեմ, ինչը շատերը մեկնաբանում էին և մեկնաբանում են որպես Սյունքի հետ կապված նրա մութ «խաղերի» հետ փոխկապակցված երևույթ, կոնկրետ Առուշ Առուշանյանի նկատմամբ «չաքչառեժիմի» կամայականությունները դրսևորվեցին առանձնահատուկ ընդգծված կերպով:

Ավելին, հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրությունների նախօրեին և հենց ընտրությունների օրը Նիկոլ Փաշինյանի ռեժիմը ամենաիսկական ոստիկանական տկեռոր էր իրականացնում Գորիսում և Գորիսի ենթաշրջանի բնակավայրերում:: Դա, մեծ հաշվով, ոստիկանական համազգեստով «քպ»-ականների հարձակում էր՝ գորիսեցիներին ահաբեկելու, վախեցնելու, նրանց ազատ ընտրության կամքը կաշկանդելու նպատակներով: Սակայն նիկոլական ոստիկանա-չաքուջը Գորիսում չանցավ, չաշխատեց: Մարդիկ Գորիսում ոչ միայն պարզապես մերժել են Նիկոլ Փաշինյանին կամ Սյունաց «ողջույն» են հղել նրան, այլ ուղղակիորեն դրսևորել են իրենց կամքը՝ համատարած բռնությունների ու ահաբեկումների պայմաններում ցույց տալով, թե ով՝ ով է:
Իհարկե, նիկոլական «իշխանությունից» սպասելի է ցանկացած անմարդկային ու ցածր արարք, այդ թվում՝ կալանքի տակ գտնվող Առուշ Առուշանյանի նկատմամբ, բայց կարծում ենք, որ եթե ոչ Նիկոլը, ապա գոնե նրա կողքինները, գոնե ինքնապահպանման բնազդից ելնելով, կհասկանան, որ դա իրենց վերջին սխալներից մեկը կլինի: Թերևս այդպես էլ կա, հակառակ դեպքում, նույն Գորիսի ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերաբերյալ քպ-ականները «մուսի-պուսի», «հեզ ու խոնարհ» հայտարարություններ չէին անի:
Կարևորը, որ Գորիսը ու ոչ միայն Գորիսը լավ օրինակ և ոգևորության նոր ազդակ տվեցին՝ «իշխանություն» կոչվող այս կործանարար խայտառակությունից ազատվելու համար:

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ