12 10 2021

Համակողմանի ճգնաժամը ոչ միայն հաղթահարված չէ, այլև շարունակ խորանում է

Համակողմանի ճգնաժամը ոչ միայն հաղթահարված չէ, այլև շարունակ խորանում է

Երկրի ներքաղաքական վիճակին անդրադառնալով՝ պետք է առաջին հերթին ընդգծել հիմնականը. 2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն բովանդակությամբ հայտարարությամբ ձևավորված ու դրան հաջորդող խայտառակ բացահայտումներով լրացված քաղաքական ճգնաժամը ոչ միայն չի հանգուցալուծվել, այլև շարունակաբար խորանում է: Այդ ճգնաժամը, եթե կուզեք՝ կոնֆլիկտը առավել ևս չհանգուցալուծվեց հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններով: Բացատրությունը շատ պարզ է՝ այդ խայտառակ ընտրական միջոցառմամբ, զանազան մանիպուլյատիվ հնարքների զանգվածային կիրառմամբ, ժողովրդի կամարտահայտության նենգափոխմամբ վերարտադրվեց Նիկոլ Փաշինյանի գլխավորած այն իշխանաթիմը, որն էլ հենց Արցախի կործանման ու Հայաստանը կործանումային ընթացքի մեջ նետելու գլխավոր պատասխանատուն է, որքան էլ որ անպատասխանատու այն լինի:

Սկզբունքորեն, այդքանով կարելի է վերջակետ դնել: Հաջորդող մեկնաբանությունները, վերլուծությունները, որ կողմից էլ որ խնդրին մոտենաս, հանգում են այն բանին, որ քաղաքական, իսկ հիմա արդեն նաև համակողմանի ճգնաժամի հաղթահարման նախադրյալ կարող է լինել Նիկոլ Փաշինյանին ու նրա ձախավեր «քայլաթիմին» քաղաքական ասպարեզից ու պետական կառավարման մեքենայի ղեկանիվից հեռացնելը: Չի կարող ազգն ու պետությունը նման աղետի ու ողբերգության մեջ նետած «թիմը» լուծել որևէ խնդիր, առավել ևս՝ նիկոլական խմբոնն անկարող է պաշտպանել հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության և Արցախի մնացորդների շահերը, զբաղվել անվտանգության ու պաշտպանության խնդիրներով:

Սա կախված չէ այն բանից, թե քանի տասնյակ կամ քանի հարյուր հոգի է բողոքի ակցիաների մասնակցում, այսպես ասած՝ փողոց ելնում կամ չի ելնում: Սա կախված չէ նաև այն բանից, թե քանի տասնյակ, եթե ոչ՝ արդեն 100 հազար մարդ է այս 1 տարվա մեջ փախել Հայաստանից և է՛լ քանի հարյուր հազարավորներ են նստած արտափախի ճամպրուկների վրա: Ի վերջո, որևէ նորմալ, ինքնահարգանք ունեցող հայ մարդ չի կամենա մեկ օր ավել ապրել «Նիկոլի Հայաստանում»:

Արտաքուստ, երբ նայում ես, օրինակ, մայրաքաղաքի կամ, առավել ևս՝ գավառական քաղաքների անցուդարձին, ամեն ինչ կարծես հանիստ-հանգի՜ստ է: Այսպես ասած՝ կյանքը ուրախ, ապրուստը ձրի: Արտաքին տպավորությունն այն է, որ այս հասարակությանը մի քանի հազար` իր զինվորականներն էին խանգարում, որ վայելեին կյանքը, ուստի հիմա, երբ «Եռաբլուրը» Նիկոլ Փաշինյանի շնորհիվ եռապատիկ ընդլայնվել է, ուրախ են ու երջանիկ: Սակայն դա, այնուամենայնիվ, խաբուսիկ ու սխալ տպավորություն է:

Իրականում ներկայիս Հայաստանում ցանկացած հարց, նույնիսկ բավականին «անմեղ թվացող» առողջապահական խնդիր, ինչպիսին է ասենք՝ մարդուն իր կամքին հակառակ, ստիպողաբար պատվաստելը, կարող է լինել այն «կայծը», որից կբռնկվի Նիկոլին ու նրա թիմին իշխանությունից հեռացնելու բոցը:

Չենք խոսում դեռ այլ հարցերի մասին. սոցիալ-տնտեսական վիճակն ահավոր է, բնակչության եկամուտները գործնականում նվազել են և չեն հասցնում հոգեվարքի մեջ գտնվող տնտեսության պայմաններում աճող գների ետևից, իրավականի մասին ընդհանրապես ավելորդ է խոսել, քանզի ժամանակակից Հայաստանը կարելի է համարել անիրավության, իրավազրկման ու իշխանական սանձարձակ կամայականությունների էտալոնային նմուշ: Խայտառակ վիճակ է նաև բարոյահոգեբանական առումով, քանի որ հասարակության մի զգալի մասը ոչ միայն չի դադարել իշխող վերնախավին Հայաստանի շահերին հակառակ գործող ռեժիմ համարել, այլև սրանց ամեն մի քայլի հետ ավելի է համոզվում իր բնորոշման հարցում: Ավելին, օրինաչափորեն խորանում են ներքին ատելությունն ու թշնամանքը: Սա միանգամայն բնական է, հաշվի առնելով այն, որ օրվա իշխող ռեժիմը ինքն է ցանել ատելության ու ներքին թշնամանքի այդ սերմերը և հիմա ստանում է և դեռ ստանալու է այն, ինչին արժանի է: Վերջին հաշվով՝ քամի ցանողը միշտ էլ փոթորիկ է ստանում: Հարցն այն է, թե երբ:

Իրավիճակն այնպիսին է, որ բռնկումը կարող է լինել ցանկացած պահի, ցանկացած հարցից, որը պարտադիր չէ, որ անպայման լինի համազգային հետաքրքրության կամ զուտ քաղաքական հարց: Չնայած, նման պայմաններում քաղաքական է դառնում ցանկացած խնդիր: Մյուս խնդիրն այն է նաև, որ հասարակության մեջ նկատելի են նաև ընդհանուր անտարբերության, անհաղորդության, ապատիայի անկումնային և  Հայաստանից հեռանալու, փախչելու տրամադրություններ:  

Ի դեպ, հիմա մի տեսակ «թրենդային» է դարձել քլնգել խորհրդարանական ընդդիմությանը: Դա յուրօրինակ ծառայությունների մատուցում է գերազանցապես իր իշխանական պաշտոննները, իր վարչապետական աթոռը պահելու նպատակ հետապնդող օրվա իշխող ռեժիմին: Նման պայմաններում, երբ որևէ ուժ քաղգործունեության կամ դերակատարման հայտ է ներկայացնում և սկսում է ընդդիմությանը քլնգելուց, այն անկասկած, ծառայություն է մատուցում իշխող ռեժիմին: Կապ չունի՝ վճարովի հիմունքներո՞վ, պայմանավորվածությա՞մբ, թե՞ կարճամտորեն:

Նման խորապատկերում, կարծում ենք, էական է «Հայաստան» դաշինքի առաջնորդ, նախագահ Ռոբերտ Քոչարյանի շեշտադրումը, որ պայքարը շարունակվում է, և այդ պայքարի նշանակետը կամ հիմնական խնդիրը Նիկոլ Փաշինյանի գլխավորած ռեժիմն իշխանությունից հեռացնելն է:

Ըստ որում, եթե առանձին դիտարկենք «փողոցային պայքարի» գործիքը, ապա ներկա պայմաններում այն կարող է արդյունավետ լինել, եթե անգամ մի քանի տասնյակ հազար մարդ ոտքի ելնի:

Ի վերջո, առկա համակողմանի ճգնաժամը հանգուցալուծվելու է: Եվ հանգուցալուծումն անխուսափելիորեն լինելու է գործող ռեժիմի հեռացումը և վաստակած պատասխանատվությանը ենթարկելը:

Արմեն Հակոբյան   

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ