26 08 2021

Ինչպե՞ս հետպատերազմական, աղքատ երկրում դառնալ օլիգարխ

Ինչպե՞ս հետպատերազմական, աղքատ երկրում դառնալ օլիգարխ

 

Ազգային ժողովի օլիգարխ պաատգամավոր, բնականաբար՝ ՔՊ-ական Խաչատուր Սուքիասյանը օգոստոսի 25-ին խորհրդարանի ամբիոնից ելույթ ունենալով՝ դիմեց «Հայաստան» խմբակցության անդամ, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, թե․ «Պարոն Գևորգյան դուք կյանքում բիզնես արե՞լ եք։ Բիզնես չի արել, մի քանի հարյուր միլիոն դոլարի տեր է։ Մեկդ չի հարցնում՝ որտեղի՞ց իրեն դա։ Միայն Կենտրոնում 57 հատ սեփականության իրավունք ունի։ Չորս եղբայրներով՝ իմ ծնողի հետ տասնյակ տարիներ չեն քնել, աշխատել ենք, չենք կարողացել ստեղծել։ Ինձանից խելացի մա՞րդ է, ուժեղ տղա՞ է»։

Արմեն Գևորգյանի մասին հայտարարությանն արձագանքեց նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ նշելով․ «Ցանկանում եմ տեղեկացնել, որ հիշյալ անձնավորության հայտարարությունները բացարձակ սուտ են և զրպարտիչ։ Թե Արմեն Գևորգյանը եւ թե վերջինիս փաստաբանական թիմը բազմիցս հրապարակային հերքել է այդ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվությունը։ Անգամ եթե տվյալ անձնավորությունը նման հայտարարություն անելիս հիմք է ընդունել ՀՀ ՀՔԾ կողմից ամիսներ առաջ տարածված հաղորդագրությունը, ապա հարկ եմ համարում նշել, որ նույնիսկ այդ հաղորդագրությունում որևէ ձևով հիշատակված չէ 100 000 000 ԱՄՆ դոլարի առկայության մասին, հետևաբար ակնհայտ է, որ  այդ պատգամավորի կողմից փորձ է կատարվում  մանիպուլացնել հանրային կարծիքն: Բացի այդ նշված անձն իր քաղաքական թիմին բնորոշ ձևով ուղղակի ստի ու կեղծիքի տարածման հերթական դրսևորումն է իրականացնում:

Ի վերջո զարմանալի է, թե ինչպես է գործարարը  չի տիրապետում հասարակ հաշվարկային կուլտուրային։ Վստահեցնում ենք նման ձևի ու բովանդակության հայտարարություններն առաջացնելու են իրավական հետևանքներ»:

Մարդը, փաստորեն ԱԺ ամբիոնից ելույթ է ունենում ու հղում է անում սուտ ինֆորմացիաների։ Իհարկե՝ դատելով, թե որ խմբակցությունն է ներկայացնում, դա միանգամայն հասկանալի է․ Նիկոլ Փաշինյանն էլ է յուրաքանչյուր ելույթի ժամանակ ստեր տարածում․ եթե Փաշինյանը ստում է, ինչի՞ նրանից հետ մնա սիրելի օլիգարխը։

Արմեն Գևորգյանի մասին Խաչատուր Սուքիասյանի հայտնած թվերը հերքվեցին, իսկ ահա Խաչատուր Սուքիասյանի մասին բազմաթիվ թվեր են պտտվում ու՝ շատ վաղուց։

Ասում է․ «․․․Տասնյակ տարիներ չեն քնել, աշխատել ենք, չենք կարողացել ստեղծել» արտահայտությանը, ապա սա խիստ ուշագրավ է։ Հետաքրքիր է, թե ինչ չեն կարողացել ստեղծել։ Երևանի կենտրոնում որ բիզնեսի վրա մատը դնում ես, ասում են՝ «Գռզոյինն է»։ Ավելին, օրենքից ու օրինականությունից խոսող օլիգարխը «ստեղծել է» այնպիսի ժամանակներում, երբ բոլորը կորցնում էին։

Խաչատուր Սուքիասյանի աշխատանքային կենսագրությունը սկսում է 1978 թվականից, որից սկսած՝ մարդը 12 տարի բանվոր է եղել։ Դժվար թե նրանք այդ ժամանակ բիզնեսներ դրած լինեին, ու ինքը ուրիշ տեղ բանվոր աշխատեր, հետո՝ փականակագործ։ Գործարանի տնօրեն է դարձել պատերազմի տարիներին, այդ ընթացքում 3 տարի էլ աշխատել է նախարարությունում վարչության պետ։ Այսինքն՝ մարդիկ սկսել են հարստանալ պատերազմի ժամանակ կամ դրանից անմիջապես հետո։

Հիմա հարց․ ո՞նց է լինում, որ պատերազմական ու հետպատերազմական երկրում, աղքատ երկրում, որտեղ տնտեսություննը փլուզվում է օր-օրի, երկրաշարժի ծանր հետևանքները կան, մարդիկ օգնություններով են ապրում, լոբի ու կաթի փոշի ստանում դրսից, որ ուտեն-ապրեն, ու այդ ժամանակ դուք դառնում եք օլիգարխ։ Երբ մարդիկ լոբի էին օգնություն ստանում ու դրանով ապրում, նրանցից մեկը կարո՞ղ էր դառնալ օլիգարխ։

Երևի կարող էր դառնալ․ ու ֆեյսբուքյան օգտատեր Մարգարիտ Սարգսյանը, օրինակ, գրել է, թե ինչպես․ նա տեղադրել է Խաչատուր Սուքիասյանին պատկանող՝ Երևանի Աբովյան ու Արամի փողոցների խաչմերուկներում գտնվող Սիլ Պազազայի լուսանկարն ու գրել, որ շենքը սեփականաշնորհվել է 6000 դրամով։   

Ի դեպ, ԱԺ կայքում տեղադրված նրա կենսագրականում գրված է, թե Ինֆորմատիկայի միջազգային ակադեմիայի թղթակից անդամ է։ «Վիքիեպեդիա» օնլայն հանրագիտարանում այդ կառույցի մասին գրված է․ «Կազմակերպությունը սուր քննադատության է ենթարկվում գիտական հանրության մի շարք ներկայացուցիչների կողմից ՝ կեղծ գիտության և դիպլոմների առևտրի քարոզչության համար»։ Էս ակադեմիան հայտնի է նրանով, որ ըստ շրջանառվող լուրերի, 10 հազար դոլարով դիպլոմ է տալիս։

Սա հպանցիկ անդրադարձ է պարոն Սուքիասյանի կենսագրությանը, որը ստիպեց կատարել խորհրդարանի ամբիոնից նրա՝ «տիեզերական արդարի» մասին ելույթը։ Բայց կարծում ենք, իսկապես տեղին է հետաքնննություն անցկացնելու, թե ետպատերազմյան երկրում, որի տնտեսությունը քայքայված էր, ինչպես ձևավորվեցին մեծահարուստները։ Որտեղից ու ոնց նրանք առաջացան։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ