05 08 2021

Մի՛ «բարեխոսեք» բազմաչարչար ժողովրդի համար... դուք այդքան չկաք

Մի՛ «բարեխոսեք» բազմաչարչար ժողովրդի համար... դուք այդքան չկաք

Ով չի ալարում՝ ժողովրդից է խոսում: Իսկ մեզանում խոսքի պահով չեն ալարում շատերը, եթե ոչ՝ գրեթե բոլորը: Դե, իսկ խորհրդարան կոչվող ժողովարանում ու «իշխանության միջանցքներում» չեն ալարում ընդհանրապես: Խոսելու պահով: Մի՛միայն խոսելու: Թշնամին կամ թշնամիները գործում են, իսկ սրանք, ասել լուսահոգի ու գործունյա տատիս, բոշի կնանոց պես սաղ օրը լկռահաչի են տալիս:

Հա, բազմաչարչար ժողովրդի մասին: Բացահայտ ու լայնածավալ կեղծիքներով վերարտադրված փաշինյանական անտանելի ռեժիմի ներկայացուցիչները բավականին հաճախ ասում են, թե՝ «մեզ ընտրել է ժողովուրդը», «մենք ժողովրդի կողմից ընտրված իշխանություն ենք» և այլ ցնդաբանություններ:

Բայց միայն խորհրդարան կոչվող ժողովարանում չէ, որ դրանք այդ կերպ դրսևորվում են: Ահավասիկ, անձամբ Նիկոլին մատուցած ծառայությունների համար պաշտպանության նախարար նշանակված, ժամանակին բանակից վտարված (բայց ցավալիորեն՝ տրիբունալի առաջ չկանգնեցված), ըստ մամուլի հրապարակումների՝ ազնվագույն ու բյուրեղյա մաքրության կերպարով ներկայացող, բացարձակապես ոչ մի բիզնես կապակցություն չունեցող, ըստ այնմ՝ ամենևին չկոռումպացված, մի խոսքով՝ լուսաճաճանչ Արշակ Կարապետյանը նույնպես փայլատակել է: Մասնավորապես, նախօրեին, ողջունելով իր սրտի վարչապետին, քծնանքի ու շողոքորթության միջնադարական, ասիական դրսևորումներով, ասել է. «...թույլ տվեք բոլորիս անունից՝ սկսած զինվորից, վերջացրած նախարարից, շնորհավորել Ձեզ վարչապետի պաշտոնը երկրորդ անգամ ստանձնելու և մեր ժողովրդից ստացած մանդատի կապակցությամբ»:

Այո, սա ուղղակի գլուխգործոց ողջույն է, թեպետ ողջույնի թիրախը, նույն ինքը՝ «ողջունվածը» ամենահստակ ողջույնին արժանացել է Սյունիքում, կոնկրետ՝ Մեղրիում: Այնպես որ՝ ողջո՛ւյն:

Երկրորդը՝ էլ ո՞ւմ, եթե ոչ Նիկոլին պետք է ողջունեն՝ «զինվորից սկսած», անպաշտպանության նորանշանակով վերջացրած: Հենց նրան, ում մեղքով կործանման եզրին է հասցվել ու ջախջախվել է Հայոց բանակը: Մեղք, որի համար նա դեռ ենթակա է ամենախիստ դատ-դատաստանի, իսկ պատմության մեջ արդեն դաջված է դարավոր նզովքով: Էլ ո՞ւմ պիտի ողջունեին, եթե ոչ ավելի քան 5 հազար զինվորների ու սպաների զոհվելու ուղղակի ու անձամբ պատասխանատվության ենթակա սուբյեկտին, մոտ 10 հազար զինվորների ու սպաների վիրավորվելու և հաշմվելու մեղավորի՛ն: «Եռաբլուրը» եռապատկած ու բոլոր բնակավայրերում «Եռաբլուրներ» ձևավորած կապիտուլյանտի՛ն պետք է ողջունեն: Արցախը թշնամուն հանձնած ու Հայաստանը կտոր-կտոր թուրքին նվիրողի՛ն պետք է «ողջունեն», բա էլ ո՞ւմ:

Բայց վերադառնանք բազմաչարչար ժողովրդին: Անպաշտպանության նորանշանակ Արշակը ասում է՝ «...ժողովրդից ստացած մանդատի կապակցությամբ»:

Կներեք, բայց դա ոչ միայն սուտ է, այլև կեղծ դատողություն է:

Հարց է ծագում. ո՞վ է «ժողովուրդը»: Բնականաբար, տողերիս հեղինակը ու իմ հետ, առնվազն մի 400 հազար մարդ նույնպես ժողովուրդն է, ավելի ճիշտ՝ ժողովրդի մի որոշակի մասը, առնվազն մի 25-30 տոկոսը: Ես, նույնիսկ գնդակահարության պատի տակ, տո՛ անգամ էն աշխարհում, Նիկոլի նման փորձանքին մանդատ չէի տա:

Ու ոչ մի մանդատ չեմ տվել: Ինչպես առնվազն 400 հազար ՀՀ քաղաքացիներ դրան մանդատ չեն տվել: Ըստ Մուչուկյանի ու մյուսների «նկարած» թվերի, Նիկոլին մանդատ տվել է մի 666 հազար անձ: Նրանք, ի դեպ, նույնպես ժողովուրդ են համարվում, չմոռանանք: Ու առհասարակ, ժողովուրդը թե՛ Նիկոլի չխոստացած «ապագայի» համար, թե՛ Նիկոլի դեմ քվեարկածներն են, ավելի՛ն, դասալիքի նման՝ քվեարկության ընդհանրապես չգնացածներն էլ են: Բոլո՛րը:

Ու հիմա, սրանք, որ ասում են «մեզ ժողովուրդն է ընտրել»...:

Արա՛, ձեզ միգուցե ընտրել էլ են, բայց դա ամբողջ ժողովրդի կեսի կեսն է, մի փոքր ավելի՝ կեսի 53 տոկոսը: Էն էլ, ինքներդ էլ գիտեք, թե ինչ խարդախություններով է այդ թիվը նկարվել:

Որ այդպես լիքը բերան ասում եք՝ «ժողովուրդն» է ընտրել, հիշեք, որ գոնե կեսն է ընտրել: Էդպես չի լինում, էլի, որ նրանք, ովքեր ապուշացած ձեզ են ընտրել ու հիմա, հատկապես Երասխում ու Գեղարքունիքի արևելյան մասում ուղղակիորեն վայելում են իրենց կատարած ընտրության «քաղցր» պտուղները, ահա այդ բոլորը, ուրեմն՝ «ժողովուրդ» են, իսկ մյուսները՝ հայ մնացած հայերը, որ ձեզ չեն ընտրել, ուրեմն՝ «ժողովուրդ» չեն:

Ու առհասարակ, քիչ տվեք «ժողովրդի» անունը: Նախ, դուք ի՞նչ կապ ունեք հայ ժողովրդի հետ, որ մի հատ էլ շարունակ հոլովում եք: Երկրորդը, ձեր թշվառ գոյությունը պահպանելու շահերից էլ է բխում, որ ժողովրդի անունը քիչ տաք: Մեկ էլ տեսար՝ էդ «ժողովուրդը» թավշյա նարկոթմբիրից դուրս եկավ: Ու էդ ժամանակ ձեզ ոչ մի Մուչուկյան, ոչ մի Ջհանգիրյան ու նույնիսկ ոչ մի օլիգարխ չի փրկի, ուզում եք՝ քրֆելը տուգանքի տակ դրեք, ուզում եք՝ շնչելը:

Մի՛ «բարեխոսեք» բազմաչարչար ժողովրդի համար, դուք այդքան չկա՛ք:

 

Արմեն Հակոբյան  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ