08 07 2021

Խնդրի լուծումը ֆիզկուլտուրնիկների, թարգմանիչների ու կոկորդիլոսաբույծի փեսայի մոտ է

Խնդրի լուծումը ֆիզկուլտուրնիկների, թարգմանիչների ու կոկորդիլոսաբույծի փեսայի մոտ է

Կառավարության ճամարտակությունների շղթայում

Ոռոգման համակարգում առաջացած ճգնաժամը չի լուծվում, չի լուծվելու և առաջիկա տարիներին գնալով խորանալու է: Միտքս հիմնավորելու համար ներկայացնեմ վերջին փուլում իրադարձությունների զարգացման ընթացքն այս ոլորտում:  Արմավիրի ու Գյումրու գյուղացիների հրապարակային դժգոհություններից հետո «կառավարությունն անդրադարձավ հիմնախնդրին»: Փաշինյանը դիմելով գյուղացուն հայտարարեց, որ  «Այլևս ավանդական ոռոգման ճանապարհով գյուղատնտեսություն զարգացնել հնարավոր չէ, պետք է մտածել կաթիլային ոռոգման անցնելու մասին»: Էկոնոմիկայի նախարար Քերոբյանն էլ  մանրամասնեց. «Ստեղծված իրավիճակում հիմնական խնդիրը կապված է նրա հետ, որ անջրդի հողատարածություններում ջրելու կարիք է առաջացել, ինչը վտանգել է անջրդի հողատարածությունների բերքը։ Պայմանավորվել ենք, որ պետք է սկսենք ջրային ռեֆորմը, համակարգն այնպես փոխենք, որ անցնենք նոր, արդյունավետ համակարգի»:

Վարչապետի ու նախարարի ելույթներից հասկացվեց, որ կառավարությունն անտեղյակ է ոլորտի խնդիրներին:  2018թ.-ին Փաշինյանի լոզունգն էր. «Ինչպես էլեկտրաէներգիայի առումով է, անջատիչի միացնելով լույս ես ունենում,  նույնկերպ կլինի ոռոգման համակարգում, կմիացնես ու ջուրը կգա»:

Հեղափոխությունից մեկ տարի անց, հարցումով դիմել եմ ջրտնտպետկոմին առ այն, թե ոռոգման համակարգերն ուսումնասիրվել են, ունե՞ն ամբողջ համակարգում տիրող իրավիճակի ընդհանուր  պատկերը, ինչի հիման վրա պետք է սկսեն բարեփոխումները: Կոմիտեի նախագահի  անունից պատասխանել են, որ դա կլինի 2020թ.-ին, քանի որ 2020թ.-ի  բյուջեով է գումար  հատկացվել  այդ աշխատանքները իրականացման համար: Անցած տարեվերջին Արարատյան դաշտի ավելի քան 20 գյուղերի գյուղապետերից հետաքրքրվել եմ և պարզել, որ և ոչ մեկում ներտնտեսային ցանցերի ուսումնասիրություն չի իրականացվել: Նման իրավիճակում, ընդամենը գյուղացիների բողոքները մեղմելու նպատակով, չունենալով  համակարգում տիրող իրավիճակի փաստաթղթային պատկերը, իրավիճակին վերաբերող որևէ ուսումնասիրություն, հանրապետության վարչապետը հայտարարում է հերթական ոլորտում հերթական հեղափոխություն սկսելու մասին: Նույն ընթացքում էկոնոմիկայի նախարարն էլ, որ ի պաշտոնե նաև գյուղնախարար է, հայտարարում է, որ խնդիրը առաջացել է նաև այն պատճառով, որ «ֆերմերներն ըստ էության սխալ տեղեկատվություն են փոխանցում ջրային կոմիտեին, և մի բույսի փոխարեն ցանում են այլ բույս, որի ջրի պահանջարկն այլ է»: Ցավալի է, որ նախարարն անգամ տեղյակ չէ, որ Հայաստանում նման պրակտիկա չկա, որ ֆերմերը նախապես ջրային տնտեսությանը տեղյակ պահի, թե ինչ մշակաբույս է պատրաստվում աճեցնել: Մինչդեռ մայիսի կեսերից կառավարությանը պարզ էր, որ երաշտային դրսևորումներ են  սկվում և այդ պարագայում Քերոբյանի գերատեսչությունն ուղղակի պարտավոր էր ֆերմերներին ներկայացնելով  իրավիճակը առաջարկել մշակել ավելի «չորադիմացկուն» մշակաբույսեր: Չի արվել, չնայած որ   պարտավոր էին դա անելու: Փոխարենը,  իրենց գործելաոճին համապատասխան, փորձում են իրավիճակի մեղքը բարդել այս անգամ էլ գյուղացիների վրա: Մյուս կողմից էլ նախարարը «բացատրում է», թե խնդիր է առաջացել անջրդի հողերում սաստիկ շոգերի պատճառով:  Դա այն դեպքում, երբ Արմավիրի մարզում անջրդի հողեր չկան:  

Կառավարությունն անգամ սիրողական մակարդակով հարցը չի ուսումնասիրել

Գանք կաթիլային ոռոգմանը, ինչը հանպատրաստից փորձում է կյանքի կոչել ՀՀ կառավարությունը՝ հետագա ճգնաժամերից խուսափելու նպատակով: Աշխարհում կիրառվում են ոռոգման աերոզոլային, ներհողային, անձրևացման, ակոսային, կաթիլային ոռոգման ձևերը, ելնելով նպատակահարմարությունից: Մեզանում, ամենամատչելին ու էժանը՝ ակոսային ոռոգումը: Սովետական տարիներին նաև շատ քիչ անձրևացումը: 1977թ.-ին ուսումնասիրվել և քննարկվել է ռոգման կաթիլային տարբերակի ներդրման հնարավորությունը: Եզրակացությունը եղել է հետևյալը. խիստ հեռանկարային է ջրի խնայողության, բույսերի սնուցման ու ջրային ռեժիմի կանոնավորման առումով, բայց պայմանավորված մի շարք գործոններով, այդ թվում թանկությամբ, նպատակահարմար չէ ոռոգման այդ համակարգին անցնելը:  

Վաղուց  գիտությունը հասել է նրան, որ տեխնոլոգիների կիրառմամբ բույսի արմատը պահանջարկն ունենալուն պես անմիջապես կաթոցից է ջուրը վերցնում և ոչ հողից:  Բայց դա՝ զարգացած աշխարհում և ոչ մեզանում:

Ինչ վերաբերում է Հայաստանում կաթիլային ոռոգման մասսայական ներդրմանը․ սրա իրականացման երկու սցենար կա: Առաջին. պետք է  ջուրը դաշտերին մատակարարվի փակ, ներսում մեծ ճնշում ունեցող խողովակներով, համապատասխան մի քանի աստիճան ֆիլտրերի (սրանք բավականին թանկ հաճույք են) առկայությամբ, քանի որ ջրի 60-70% կորուստը լինում է ամենից առաջ բաց կիսախողովակների, սրանց քայքայվածության ,գոլորշիացման, գողության, հողային հուների, թափթփված շահագործման արդյունքում:  Բնականաբար փակ համակարգով ջուրը հողին հասցնելը  պետք է անի պետությունը: Հասկանալու համար թե դա ինչ կնստի պետության վրա նշեմ, որ հանրապետության ոռոգման ցանցը մայր, առաջին, երկրոդ կարգի ջրատարներով, գյուղերի ներտնտեսային ցանցերով կազմում է շուրջ 23 հազար կմ: Ամենամեղմ հաշվարկներով, միայն Արարատյան դաշտում այս համակարգի անցկացումը կարժենա  միլիարդավոր դոլարներ: Չնայած դրան,  ավելի քան 15 տարի առաջ Մոլդովան ամբողջ երկրի գյուղատնտեսական հողհանդակներում անցկացրեց կաթիլային ոռոգում, որի մեկ հա-ն արժեցավ 3.5-4  հազար եվրո:

Մյուս տարբերակը. ջուրը  եղած համակարգով, բաց կիսախողովակներով մատակարարելն է և գյուղացին իր միջոցներով պետք է ջրավազան կառուցի կամ կիսախողովակից պոմպով վերցնի ու ֆիլտրելով համակարգի միջոցով մղի դեպի բույսը: Այս դեպքում արդեն պետք է հանրապետության դաշտերը էլեկտրաֆիկացվեն, որովհետև առանց էլեկտրական հոսանքի դա անելը պարզապես հնարավոր չէ: Դա նույնպես միլիոնավոր դոլարների ծախս է և պարզ չէ  պետությունն է անելու, թե՞ գյուղացին: Հնարավոր է նաև, որ գյուղացին բենզինով կամ դիզվառելիքով աշխատող շարժիչների միջոցով ջուրը վերցնի ջրատարից ու նույն կաթիլային տարբերակով մղի դեպի բույսը: Բայց այս դեպքում էլ միայն վառելիքի վրա կատարվող ծախսն այնքան կլինի, որ գյուղացու մոտ որևէ շահագրգռվածություն չի մնա, քանի որ  պետությունը կաթիլային ոռոգում ներդնելու դեպքում գյուղացուն երեք տարով ազատում է ոռոգման ջրի վարձից, որ միջին հաշվով տարեկան մեկ հա-ի համար կազմում է 80 հազար դրամ, մինչդեռ տարեկան միջինում 50-60 հազար դրամ գյուղացին կտա վառելիքին: Մյուս կողմից էլ սա խնդրի համակարգային լուծում չի հանդիսանա, իր բազմաթիվ բացասական կողմերով: 

Գյուղոլորտում ևս ամեն ինչ գլխիվայր շուռ է եկել

Այդքանից զատ.  եթե վերոնշյալն ամբողջությամբ անտեսենք, ընդունելով, որ կաթիլայինի ներդրման համար այդ խնդիրները չկան, իդեալական իրավիճակ է:  Կաթիլներով ոչ մի կերպ հնարավոր չէ հագեցնել շուրջ 40 հազար հա-ի վրա մշակվող մեր բազմամյա տնկարկները, ծառերն ու խաղողի այգիները (1977թ.-ին այս եղանակից հրաժարվելու հիմնական պատճառներից մեկն էլ դա էր): Կաթիլային ոռոգումը համապատասխանում է թզուկաճ ծառերի պահանջներին: ԻԻՀ-ում խաղողի այգիներում կա և կաթիլային ոռոգում և ակոսային: Բացատրում են, որ այգիները ոռոգվում են հիմնականում ակոսայինով, բայց դրան զուգահեռ կիրառում են նաև կաթիլայինը, հողում բույսին անհրաժեշտ մինիմալ քանակությամբ խոնավություն պահելու նպատակով:  

Աշխարհում կաթիլային ոռոգումը կիրառվում է բարձրարժեք, լուրջ եկամուտ ապահովող   կուլտուրաների մշակության համար: Մեզանում, այս ոլորտում ևս իրականացված հեղափոխական քաղաքականության արդյունքում ամեն ինչ գլխիվայր շուռ է եկել ու այսօր առվույտը, դաշտի խոտն ու մոլախոտը ամենաեկամտաբեր կուլտուրաներն են: Սրա դեպքում ամենաչնչին ներդրումով ստացվում է գրեթե նույն եկամուտը, ինչ որ լոլիկի կամ սմբուկի խիստ աշխատատար մշակության դեպքում: Հարց է առաջանում, այս պարագայում որ մշակաբույսերի համար պետք է կիրառվի կաթիլային ոռոգումը:

Նորից անդրադառնալով փաշինյանի հայտարարությանը. մասնագետները նշում են, որ եթե նույնիսկ պետության և մասնավորի ֆինանսական միջոցները թույլ տան ու որոշվի, որ ամբողջ հանրապետությունում կամ նրա մի հատվածում անցնում ենք կաթիլային ոռոգման, ապա սրա միայն նախագծանախահաշվարկային աշխատանքները կտևեն մի քանի տարի: Այսքանը թերևս բավարար է հասկանալու համար, որ Փաշինյանի հայտարարությունը ոռոգման համակարգում ևս հեղափոխություն իրականացնելու մասին, իրականության հետ բացարձակապես որևէ աղերս չունեցող հերթական մանիպուլյացիան էր, իրենից հիասթափվել սկսող գյուղացիներին «առժամանակ հանգստացնելով միտումով»:

Համակարգում խնդիրներն ու լուծումները բոլորովին այլ հաթությունում են, այնտեղ, որտեղ ֆիզկուլտուրնիկներն են, թարգմանիչները,  կոկորդիլոսաբույծների փեսաները: Բայց դա արդեն «հեղափոխության ենթակա չէ»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ