«Ջրային կոմիտեում նոր ղեկավար են նշանակել, որը, շրջանառվող լուրերի համաձայն, ընդամենը թարգամանիչ է եղել։ Շարունակում են ոլորտային նշանակումներն այնպես անել, որ մարդը կիլոմետրերով հեռու լինի բնագավառից։ Այստեղ ի՞նչ է կատարվել՝ կնոջ ֆիգուրը փոխարինել են տղամարդու ֆիգուրով, դրանով սայլը տեղից չի շարժվի։ Միշտ բարձրաձայնել եմ, որ ոռոգման համակարգը լուրջ բարեփոխումների կարիք ունի։ Մենք այդ ծրագիրը մշակած ունենք, կարող ենք մեկ ամսում կյանքի կոչել»,- 168.am-ի հետ զրույցում նշել է «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավար Հրաչ Բերբերյանը՝ անդրադառնալով ոռոգման համակարգում առկա խնդիրներին։
Նրա խոսքով՝ գյուղատնտեսության ապահովագրության համակարգից են խոսում, սակայն չեն հասկանում, որ այն ծառայելու է ոչ թե գյուղացուն, այլ հէկ-երին։
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե կմտնեն «Ջրօգտագործողների միության» ղեկավարների տները, տեսնելու համար՝ ինչպես են ապրում, ինչ մեքենա են վարում, որ գյուղացիներին ջուր չեն տալիս, Հրաչ Բերբերյանն ասել է՝ շատ ճիշտ կանեն, եթե հետևողական աշխատանքներ տանեն։
«Բա թող գնան, տեսնեն՝ ինչու գյուղացին ջուր չունի. չունի, որովհետև «ջրապետերը» ժամը 1-ից հետո օբյեկտներում նստած գյուղացիների փողերով քեֆ են անում։ Չնայած պետք է ասեմ, որ դրանով էլ խնդիրը չի լուծվի, քանի որ հեղափոխական տրամադրությամբ ոչինչ չեն փոխի, բայց կան տնտեսական լծակներ, որին կարող են օրենքի ուժ տալ, որից հետո գյուղացուն թալանողներն իրենց տեղերում «վեր կընկնեն»։ Օրինակ՝ Շիրակի մարզում ոռոգումը կարտոֆիլի համար՝ 1 հեկտարի դեպքում պետք է լինի 10-11 հազար դրամ, բայց իրականում գանձվում է 16 հազար դրամ։ Սա խուլիգանություն է, որի դեմը պետք է առնել։ Թող տնտեսական լծակներն օգտագործեն ու այս թալանչությունը վերացնեն, դրանից հետո ամեն ինչ իր տեղում կհայտնվի։ Թե չէ տներով ման գալով՝ ի՞նչ, կհանեն կնոջ ոսկեղենը, ադամանդները, հետո՞»,- շեշտել է Հրաչ Բերբերյանը։
Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ այսօր ո՛չ Ազգային ժողովում, ո՛չ Կառավարությունում չի տեսնում այն մարդուն, որը գյուղատնտեսությունից ինչ-որ բան է հասկանում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը