Արդեն հինգ օր է՝ մեկնարկել է նախընտրական քարոզարշավը: Այս օրերի ընթացքում մենք իմացանք, որ «ապրում ենք դրախտում, ՀՀ-ն բիզնեսի համար դրախտավայր է, Սինգապուրը մեզ նախանձում է, իսկ մեր երկրում էլ կաթ ու մեղր է հոսում»: Այդ մասին քարոզարշավի ժամանակ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն է ասում: Դրախտի համար էլ, իհարկե իրենց ենք պարտական: Այդպես է ամենը ներկայացվում։
Պատերազմի արհավիրքների, երկրի սոցիալ-տնտեսական խնդիրների մասին, մենք իհարկե չենք լսի այս օրերին այս ուժի հավաքներին: Դրա համար էլ ներկայացնենք, թե «դրախտավայր» Հայաստանում ինչպիսի իրավիճակ է, մասնավորապես տնտեսական առումով, ավելին, ինչ է սպասվում Փաշինյանի մնալու դեպքում:
Աղքատության գրեթե կրկնակի աճ, գործազուրկների թվի ավելացում, գյուղատնտեսության ոլորտի շարունակական անկում, տուրիզմի ոլորտի վերջնական բնաջնջում: Որպես այս ամենի տրամաբանական արդյունք. եկրում գրանցվեց տնտեսական անկում և երեք տարում (2018-2021թթ.) 30%-ով կամ 2մլրդ ԱՄՆ դոլարով ավելացավ պետական պարտքը:
Այս տարվա ապրիլի դրությամբ այն կազմում է 8.77 մլրդ ԱՄՆ դոլար: Պարտքը հասել է համախառն ներքին արդյունքի 70 տոկոսին, որը համարվում է բարձր ռիսկայնություն։
Նախկինում երբևէ Հայաստանը պետական պարտքի այդպիսի բարձր ցուցանիշ չէր ունեցել, ինչպիսին ունի հիմա։ Այս աննախադեպ իրավիճակի համար Փաշինյանի կառավարությունը գտել է նույնքան աննախադեպ լուծում:
Տարեվերջին Փաշինյանը որոշում է ստորագրել, որով նախատեսվում է կառավարության հարկային մուտքերում, վերը նշվածի արդյունքում, առաջացած և խորացող ճեղքվածքը լրացնել նոր պարտք վերցնելով և հարկերը բարձրացնելով:
Ըստ արդեն ստորագրված որոշումի, իջեցվել է շրջանառության հարկի շեմը, ասյինքն երկրի տնտեսության համար այս ճգնաժամային իրավիճակում տնտեսվարողների մի զգալի մաս անցնելու է ԱԱՀ-ով հարկման ռեժիմի և վճարելու է ավելի շատ հարկ քան նախկինում: Դրանք են փոքր և միջին բիզնեսի ձեռնարկությունները։ Այս փոփոխությունը պայմանավորված է Արժույթի միջազգային հիմնադրամի «Պահուստային եռամյա ծրագրի» առաջընթացի 3-րդ գնահատման շրջանակներում հաստատված` Տնտեսական և Ֆինանսական քաղաքականությունների Հուշագրի 13-րդ կետով:
Հիմա փորձենք հասկանալ, թե ո՞ւմ վրա է սա ազդելու, ով է տուժելու այս փոփխությունից:
Այս փոփոխությունը գործելու է 2022 թվականի հունվարից: Ինչպես հասկացանք, տուժելու են բիզնեսը, սպառողները, աշխատողները, մեծ հաշվով՝ հանրությունը, ՀՀ քաղաքացին:
Արժույթի միջազգային հիմնադրամի հետ Փաշինյանի «թեթև ձեռքով» հաստատած այս փաստատղթով Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է վերը ներկայացված և այլ պարտավորություններ, որոնք շարունակելու են աղքատացնել մեր բնակչությանը և բիզնես համայնքին: Փակվող բիզնեսն ու գործազրկությունն էլ ճանապարհ են հարթելու արտագաղթի համար:
Արժույթի միջազգային հիմնադրամն էլ որպես «փոխհատուցում», ավարտել է Պահուստային ծրագրի շրջանակում Հայաստանի առաջընթացի երրորդ գնահատումը և 2020 թվականի դեկտեմբերի 11-ին հաստատել է 25.714 միլիոն փոխառության հատուկ իրավունքների (SDR) կամ մոտ 37մլն ԱՄՆ դոլարի հատկացումը, որը համաձայն «օդում կախված լուրերի» Փաշինյանը ուղղել է իր և միայն իր թիմակիցների պարգևավճարներին:
Ի դեպ, այս առումով, տարեսկզբին անդրադառնալով ստեղծված իրավիճակին Փաշինյանն ասել էր.
«Պարտքից ընդհանրապես եկեք չվախենանք: Ինչի համար ենք այդ վարկը վերցնում, որ մեր գրպանները լցնենք, թե՞ երկրի տնտեսության, ապագայի մեջ ներդնենք, կրթության ոլորտում ներդնենք»:
Այս և այլ թեմաներից, քարոզարշավի ընթացքում իշխանության թեկնածուն, իհարկե չի խոսա, սակայն սա է իրականությունը։
Տաթև Միրզոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը