12 05 2021

Ներում չի կարող լինել ո՛չ մի դեպքում. բայց պետք է համակողմանի գնահատական

Ներում չի կարող լինել ո՛չ մի դեպքում. բայց պետք է համակողմանի գնահատական

Առաջիկա արտահերթ ընտրությունը թերևս ամենից վատ տարբերակն է՝ Նիկոլ Փաշինյանի և նրա՝ արդեն նախկինացված իշխանության ստեղծած աղետային վիճակից դուրս գալու համար, Բայց կա մի էական հարց, որը հստակ դիրքորոշում է պահանջում բոլոր մասնակիցներից (հասկանալի է՝ բացառությամբ Փաշինյանի ու նրա գրպանային սպասարկուների):

Ավելի ճիշտ, դա ոչ այնքան հարց է, որքան հստակ հասարակական-քաղաքական ու ոչ միայն քաղաքական պահանջ: Խոսքը Նիկոլ Փաշինյանի՝ արդեն նախկինացված իշխանության ինչպես չարաղետ իշխանավարման ու հատկապես՝ պատերազմի ու դրա ծանրագույն հետևանքների վերաբերյալ հիմնավորված ու համակողմանի գնահատական տալու մասին է, համարժեք իրավաքրեական հետևանքներով հանդերձ, բնականաբար: Կարճ ու պարզ ասած՝ թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ նրա կառավարության անդամներն ու խմբակցության անդամները պետք է պատասխան տան ու պատասխանատվության ենթարկվեն: Ներում չի՛ կարող լինել ոչ մի դեպքում, քանզի այն, ինչ արել են նրանք ու արվել նրանց իշխանավարման շրջանում ու հատկապես պատերազմի հետ կապված, աններելի է: Աններելի՛:

Բայց նախ պետք է համակողմանի գնահատական:

Այդ տեսանկյունից, կարևոր է, որ «Հայաստան» քաղաքական դաշինքի համագործակցության «Հռչակագրում» առավել քան հստակ արձանագրված է հետևյալ սկզբունքային դիրքորոշումը. «Մենք համոզված ենք, որ պատերազմից կարելի էր խուսափել, եթե անհեռատես և անպատասխանատու քայլերի հետևանքով բանակցությունները չմտնեին փակուղի։ Պատերազմը, դրան նախորդող ու հաջորդող գործընթացները պետք է քննության առարկա դառնան, ստանան քրեաիրավական և քաղաքական ամբողջական գնահատական»:

Սա իսկապես սկզբունքային հարց է: Ու միանգամայն օրինաչափ է, որ այս փաշինյանական կոյաճահճից երկիրն ու ժողովրդին դուրս գալու իրական հույս և հնարավորություն ընձեռող նախագահ Ռոբերտ Քոչարյան-ՀՅԴ-«Վերածնվող Հայաստան» դեշինքը նաև այդ հարցում է կոնկրետ դիրքորոշում արտահայտում՝ «Հայաստան» դաշինքի «Հռչակագրով»:

Միաժամանակ, ցանկալի է, որ առաջիկայում ընտրարշավի մեջ ներգրավվող մյուս քաղաքական ուժերն ու միավորումները ևս նույնքան հստակ ու ընկալելի ձևակերպեն իրենց վերաբերմունքն ու դիրքորոշումն այս խնդրում: Սա այն դեպքն է, երբ հնարավոր չէ արդյունավետ ընթացք ունենալ՝ առանց տեղի ունեցած և տակավին շարունակվող աղետի՝ ամբողջական քրեաիրավական և քաղաքական գնահատականի: Ուստի բոլոր ուժերը պետք է որ արտահայտվեն՝ առանց խոսքը կտուրը գցելու, առանց մանիպուլյացիաների, ու «սաղ Արտաշես Ա-ն էր մեղավոր...» ու այդ կարգի այլ անհեթեթ խուսանավումների:

Բոլոր ուժերը կարող են արտահայտվել, բացառությամբ Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած խմբոնի: Ու հարցն այստեղ տվյալ անձնավորության ու նրա գլխավորած խմբոնի հանդեպ եղած վերաբերմունքը չէ, ամենևին: Խնդիրն այն է, որ 2020-ի չարաբաստիկ նոյեմբերի 9-ից սկսած, մինչև այս տարվա մայիսի 10-ը թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ իշխանություն եղած «ԻՔ»-ն ունեցել են լիարժեք հնարավորություն՝ կոնկրետ ակտ կատարելու համար, սակայն չեն արել այդ բանը: Մասնավորապես, լիարժեք բնութագրական է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը բացարձակապես ո՛չ մի քայլ, անգամ՝ փորձ չի՛ արել, որպեսզի օրենքով սահմանված ընթացակարգերին համապատասխան՝ քննություն կատարվի ու պատասխան տրվեն սեպտեմբերի 27-ին սկսված և նոյեմբերի 9-ին կապիտուլյացիոն հայտարարությամբ դադարեցված պատերազմին, Հայոց բանակի ահռելի ու ծանրագույն կորուստների, Հայրենիքի մի զգալի մաս թշնամուն հանձնելու փաստերին:  

Լինելով իշխանություն, բացարձակապես ոչինչ չեն արել, որպեսզի, ինչպես պատերազմը, այնպես էլ՝ դրան նախորդած ու հաջորդած գործընթացները քննության առարկա դառնան, ստանան քրեաիրավական և քաղաքական ամբողջական գնահատական:

Այո, ինչ-որ քրեական գործ հարուցված է: Բայց այդ գործը ու դրա քննության ընթացքը փաշինյանական իշխանության կողմից օգտագործվում է իրենց ոչ ձեռնտու, իրենց կեղտերը բացահայտող փաստեր ներկայացնող գործիչներին լռեցնելու, հետապնդելու նպատակով, ինչպես օրինակ, նման փորձեր արվեցին գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի դեմ:

Ավելին, որպես «քննություն» չեն կարող դիտարկվել ինչպես Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ՝ նրա իշխանությունն սպասարկող զանազան նախկին դեպուտատների անհեթեթ, հակատրամաբանական, ինչպես նաև՝ բացահայտ սուտ ու մանիպուլյացիոն հայտարարությունները, զուտ քարոզչական ու պետական և ռազմական այլ գործիչների վարկաբեկելու նպատակով արած ռեպլիկները:

Ավելին, բնութագրական է, որ այս «տարօրինակ պատերազմի» վերաբերյալ խայտառակագույն և աղաղակող սխալների, թերացումների և ուղղակի՝ ծանրագույն հետևանքների հանգեցրած հանցավոր հրամանների, որոշումների փաստերը, դրանց վերաբերյալ հայտարարությունները, վկայություններն ու հրապարակումները թողած, Նիկոլ փաշինյանն ու իր նազիր-վեզիրները 2021-ին դեռ քննում էին... 2016-ի «ապրիլյան պատերազմի» հետ կապված հարցերը:

Նմանապես բնութագրական է, որ հենց Նիկոլ Փաշինյանը, երբ բունկերային թաքստոցից դուրս ելավ, 2020-ի նոյեմբերի 18-ին հայտարարեց հաջորդող կես տարվա ընթացքում իրականացնելիք 15 կետանոց ծրագրի՝  «ճանապարհային քարտեզի» մասին: Այդ 15 կետերն էլ, այնպես չէ, թե՝ կատարվել են: Բայց բնութագրականն այս դեպքում այն է, որ այդ 15 կետերից և ոչ մեկը չէր վերաբերվում Նիկոլ Փաշինյանի վարած «տարօրինակ պատերազմը» համակողմանի քննելուն և կատարվածին թե՛ քրեաիրավական, թե՛ քաղաքական գնահատական տալուն: Հենց միայն այդքանը նրանց զրկում է այս հարցի վերաբերյալ արտահայտվելու իրավունքից, բայց չի ազատում առաջիկայում ցուցմունքներ, այդ թվում՝ ինքնախոստովանական ցուցմունքներ տալու անխուսափելիությունից:

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ