Արցախի առաջին ու Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հակիրճ, բովանդակալի, վստահություն ներշնչող «Կհանդիպենք վաղը» գրառմամբ մայիսի 9-ին բոլորիս, ազատամիտ ու հայրենասեր ողջ հայությանը, պետության ու ժողովրդի ապագայով մտահոգ յուրաքանչյուր քաղաքացու հրավիրել է Ազատության հրապարակ` ներկա լինելու ու մասնակցելու իր նշանակած հանրահավաքին։ Արցախ աշխարհի ազատագրական հերոսամարտը սկզբնավորած Պաշտպանության պետական կոմիտեի նախագահի, Արցախի հերոսի, Հայաստանը ՀՀՇ-ական շրջանի համապարփակ ճգնաժամից դուրս բերած, հայկական երկու պետությունների ու հայ ժողովրդի պաշտպանվածությունն ու անվտանգությունը բազմապատկած, երկնիշ տնտեսական աճ արձանագրած, երկրի քաղաքական դեմքն ու ինքնիշխանությունը վերականգնած և ամրապնդած, երբեք որևէ դժվարության դեմ չնահանջած ու ոչ մի խոչընդոտից չերկնչած նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքը լասելու և առկան տոտալ ճգնամային ճահիճից դուրս բերող իրատեսական ծրագրին ծանոթանալու են շտապելու, անշուշտ, շատերը։
Արդեն երեք տարի իր իշխանությունը կորցրած ժողովուրդը այսօր հստակ գիտակցում է, որ խաբեության ու շանտաժի միջոցով իրենից խլված և յուրացված իշխանությունը կարող է վերադարձնել միայն ներկա թավշյա ռեժիմի միակ իրական ու գործնականորեն ունակ այլընտրանքը դարձած Ռոբերտ Քոչարյանի միջոցով։ Ժողովուրդն այլևս համոզվել է, որ ռեպրեսիաների ու ապօրինությունների միջոցով պահվող առկա ազգադավ իշխանությանը կարելի է հեռացնել այն քաղաքական ու գաղափարական դաշինքին իրենց քվեն տալու միջոցով, որը ձևավորվել է նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ։
Մայիսի 9-ի հանրահավաքն ըստ էության այն պատմական ընթացքի սկիզբն է նշանավորելու, որով Ռոբերտ Քոչարյան - ՀՅԴ - «Վերածնվող Հայաստան» դաշինքը վերսկսելու է հայոց պատմության արդի շրջանի նորանոր հաղթանակները կերտելու ժամանակաշրջանը։ Սա հենց այն քաղաքական բացառիկ դաշինքն է, որը թեև ստեղծվել է նախընտրական շրջանում, բայց կոչված չէ` հետապնդել ընտրական նպատակներ, այլ լուծելու է հայոց պետականության ու հայ ժողովրդի առջև հառած հիմնախնդիրները, վերականգնելու է հանրային առողջ կենսապայմանները և նոր նվաճումների է առաջնորդելու երկրի բնակչությանը։
Սա հատկապես հենց այն դաշինքն է, որը ձախողվելու իրավունք չունի, չի կարող իրեն թուլ տալ` հուսախաբ անել ժողովրդին կամ չկատարել իր տված որևէ խոստում։ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը նորանկախ Հայաստանի պատմության մեջ այն բացառիկ, գործնակում` միակ պետական, քաղաքական, տնտեսական, հանրային գործիչն է, ով համոզիչ ու անառարկելի կերպով, առարկայական ու արձանագրված ցուցանիշերով հիմնավորապես ապացուցել է, որ կարող է լուծել շատ-շատերի համար անլուծելի հիմնահարցեր, երկիրը դուրս բերել ոմանց անհույս թվացող ճգնաժամից, ապահովել առաջընթաց անգամ ամենաանբարենպաստ պայմաններում, կառուցողական հարաբերություններ հաստատել նույնիսկ անհաշտ ու ամենադժվարահաճ սուբյեկտների հետ` եթե հենց դա է պահանջում ժողովրդի ու պետության շահը։
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը այն բացառիկ ու աննախադեպ գործիչն է, ով իր նախաձեռնած գործն անում է անսահման նվիրումով, ներդնելով բոլոր ջանքերը ու ընդհանրապես չունենալով այլ ակնկալիքներ, բացի իր առջև դրած նպատակն իրագործելու մղումից։ Նա այն գործիչն է, ով ոչինչ չի անում դուր գալու, իրեն սիրել տալու, որևէ մեկին հաճելի դառնալու համար. թեև նրա մարդկային հատկանիշերը չեն կարող սեր ու հիացմունք չառաջացնել լավն ու բարին տեսնել ու գնահատել կարողացողների մոտ։ Հավատացած եմ, որ հենց այս ամենն է հիմք դարձել, որ առկա դժվարին, օրհասական, ճգնաժամային պայմաններում հենց նրա հետ ու նրա շուրջ են քաղաքական-գաղափարական դաշինք կազմել ՀՅԴ ու «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները։
Հայոց պետությունների ու հայ ժողովրդի նոր ապագան նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ միասին են որոշել կերկել մեր քաղաքական կյանքի, իրականության անշուշտ ամենակայացած, ամենակայուն, հնագույն, դասական կուսակցությունը` Հայ Յեղափոխական Դաշնակցությունը և ամենանորաստեղծ, ամենախոստումնալի, ամենավճռականը տրամադրված կուսակցությունը` «Վերածնվող Հայաստան»-ը։ Եվ սա ինքնին նշանակալի հանգամանք է։ Կուռ կոնսոլիդացիա մարմնավորող եռյակ դաշինքը ակնհայտորեն ունի իր բացառիկ ունակություններն ու կամքն ապացուցած ընդգծված առաջնորդը, անզուգորդելի պատմական փորձառություն ունեցող ու հաղթական փառավոր ուղի անցած ՀՅԴ-ի կազմակերպական ներուժը, մարզային ներկայացուցչություն ապահովող սկզբունքային, գաղափարական, խրոխտ շարքերով համալրված «Վերածնվող Հայաստան» կուսակցության վճռականությունը։
Անհերքելի է, որ այլևս բոլորն են ընդունում ու գիտակցում, իսկ մայիսի 9-ից հետո` բոլորը առավել ևս են համոզվելու, որ Ռոբերտ Քոչարյանի շուրջ կայացած եռյակ դաշինքը դեռ գործող սորոսաթուքական ռեժիմի իրական, անվերապահ ու սկզբունքային այլընտրանքն է։ Խորհրդարանական ու արտախորհրդարանական տարբեր տրամադրություններով, նպատակներով ու նկրտումներով, միտումներով ու ակնկալիքներով, առաջադրանքներով ու պայմանավորվածություններով բազում նոր ու «հին» քաղաքական ուժեր կան հիմա, որ նախընտրական շնչով դուրս են գալիս քաղաքական արենա։
Թեև սրանց թիվը արդեն հասնում է հարյուրի, բայց շատերն են իրենց քաղաքական վարքով, ինչպես և` իշխող վարչախումբը, ցույց տալիս, որ, այո՛, Ռոբերտ Քոչարյան - ՀՅԴ - «Վերածնվող Հայաստան» դաշինքն է ընդունակ փոխել պատմական զարգացումների այսօրյա հունը։ Այո՛. միայն եռյակ դաշինքն է կարող հայ ժողովրդին ազատել թուրքի հպատակը դառնալու օտարի նախագծած հեռանկարից, Հայաստանն ու Արցախը դուրս բերել թուրքական վիլայեթ դառնալու արդեն սկսված ու գործող իշխանության աջակցությամբ իրագործվող ծրագրից։
Հավատացած եմ, որ վաղվա` մայիսի 9-ի հանրահավաքին ներկա, մասնակից յուրաքանչյուրը, նախագահ Ռոբերտ Քոչարյանի ապագայի տեսլականին հաջորդ օրերին ծանոթացող ամեն քաղաքացի անվերապահորեն համոզվելու է, որ այն` ինչ արվելու է այդուհետ, չի՛ արվելու` իշխանություն ունենալու համար։ Սա, այո՛, չի լինելու պայքար իշխանության համար, այլ առողջ, ազգային ուժերը թրքասերներին ու օտարահպատակներին զրկելու են զավթած իշխանությունից, ժողովրդից խլված իշխանությունը ժողովրդին ստրկացնելու գործիք դարձնելու հնարավորությունից։
Գևորգ Հարությունյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը