Արմավիրի մարզում նախընտրական քարոզարշավ անող Նիկոլ Փաշինյանը սենսացիոն հայտարարություն է արել։ Անդրադառնալով Սահմանադրական դատարանի՝ Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ որոշմանը, ասել է․ «Սահմանադրական դատարանի որոշումը մի հատ պիտի կարդանք, տեսնենք՝ մեջն ինչ է գրված, որ հետագայի վերաբերյալ կայացնենք որոշումներ»։
Սա Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին 2019թ․ մայիսին ազատ արձակելուց հետո դատարանների դռները Նիկոլի կոչով շրջափակելու, դատավորների վրա բեմից մատ թափ տալու ներկայացման հաջորդ արարն էր։
Նիկոլ Փաշինյանը սրանով բացեիբաց հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանի գործով որոշումները կայացրել է ինքը։ Եթե սա իրավական պետություն է, վարչապետն ո՞վ է, որ որոշում կայացնի քննվող քրեական գործով։ Ի՞նչ է նշանակում՝ «Սահմանադրական դատարանի որոշումը պիտի կարդանք, հետագայի վերաբերյալ կայացնենք որոշումներ»։ Դու ի՞նչ գործ ունես քրեական գործով որոշում կայացնելու հետ։ Ու այս ամենի ֆոնին խոսում էիր այն մասին, որ բուդկայի պես սեփականաշնորհել են սահմանադրական դատարա՞նը։ Ի դեպ, սա հայտարարություն է հանցագործության մասին։
Ընդհանրապես, մարտի 26-ը՝ շաբաթվա վերջին աշխատանքային օրվա ավարտը, սառը ցնցուխ էր շատերի համար։ Եթե իրավական համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, հասարակական ու քաղաքական գործիչներ վերահաստատում էին, որ երկրորդ նախագահի նկատմամբ պարզապես քաղաքական հետապնդում է եղել, պարզապես մեկ հոգու ցանկությամբ քրեական գործ են սարքել ու 537 օր պահել փակի տակ, նիկոլական իրավաբաններն ու հատկանշական է, որ այդ թվում իրենց իրավապաշտպան հայտարարողներն ասում էին, թե ի՞նչ սահմանադրություն, ի՞նչ օրենք, պետք է չորով առաջ գնալ ու պարտադիր փակի տակ պահել նախկին նախագահին։
Սորոսականները վերջնականապես բացեցին իրենց խաղաքարտերը, նրանք վայրկյանը մեկ ստատուսներ էին գրում ու իշխանությանը կոչ անում փոխել մեղադրանքը, բայց այնպես, որ Ռոբերտ Քոչարյանն անպայման խափանման միջոցի տակ լինի։ Այսինքն, ոչ թե նրանք՝ այդ իրավաբան կոչեցյալները, քաղաքացու իրավունքների պաշտպանները դժգոհ էին, ցավ էին հայտնում, որ ապօրինի որոշման արդյունքում ճաղերի հետևում մարդ է հայտնվել ու մեղադրյալի աթոռին են նստել գեներալներ, այլ նրանք դժգոհում էին, թե՝ բա մենք ինչի՞ համար ենք քեզ բերել, Նիկոլ, ինչի՞ համար ենք Սահմանադրական դատարանի կազմ փոխել, նստացրե՛ք։
Սա աբսուրդ է և որևէ կապ չունի իրավական և ընդհանհրապես՝ պետության հետ։ Հայաստանը զավթել են հակապետական տարրերը։
Բայց, ի վերջո, պետք է հասկանալ մեկ բան՝ Սահմանադրական դատարանի որոշումը ոչ թե մեկնաբանելու համար է, այլ՝ պարզապես կատարելու։ Չկա որևէ ուժ, որևէ դատարան, որևէ պաշտոնյա, անգամ՝ վարչապետ, որը կարող է ազդել Բարձր դատարանի կայացրած որոշման վրա։ Դա ձեր համար սեփական բուդկա չէ։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը