Ինչպես և սպասելի էր, այս տարի ևս շարունակվում է Հայաստանի տնտեսական վիճակի վատթարացումը։ Անցյալ տարի տնտեսական անկումը կազմել էր 7,5 տոկոս։ Ներդրողները և ֆիզիկական անձիք իրենց գումարները հանում են մեր երկրից, ապրանքների և հատկապես սննդամթերքի գները բարձրանում են անընդհատ և թռիչքային տեմպով, մարդկանց եկամուտները չեն «հասցնում» գնաճի հետևից, աղքատությունը խորանում է, տնտեսական ակտիվությունը՝ մարում։ Այս ամենը զգացվում է պետական եկամուտների վրա։ Մասնավորապես, հարկային եկամուտները այս տարվա երկու ամիսներին նախորդ տարվա համեմատ կտրուկ նվազել են։
ՊԵԿ հրապարակած տեղեկատվության համաձայն, այս տարվա փետրվար ամսին հավաքվել է 81 մլրդ դրամ հարկային եկամուտ։ Նախորդ տարվա փետրվարին այդ ցուցանիշը 85 մլրդ դրամ էր։ Մեկ ամսում հարկային եկամուտները նվազել են 4 մլրդ դրամով։
Այս տարվա հունվար-փետրվարին հարկային եկամուտները կազմել են 211 մլրդ դրամ, անցած տարվա նույն ժամանակահատվածում՝ 232 մլրդ դրամ։ Երկու ամսում պակաս են ստացվել մոտ 21 մլրդ դրամի հարկային եկամուտներ։ Այս ընթացքը շարունակվելու դեպքում, տարեկան արդյունքում նախորդ տարվա համեմատ պակաս կհավաքվի առնվազն 100-120 մլրդ դրամ։ Ընդ որում, շեշտենք, որ առանց այդ էլ անցյալ տարի՝ 2020թ․-ին պետական բյուջեի եկամուտները երկու անգամ ճշգրտվեցին և նվազեցվեցին։ Ինչը նշանակում է, որ անգամ անցյալ տարվա նվազեցված հարկային եկիամուտների համեմատ ավելի քիչ են հարկեր հավաքվում այս տարի։
Ստեղծված իրավիճակին համարժեք արձագանքելու ունակություն կառավարությունը չունի։ Նիկոլ Փաշինյանն իր անկանխատեսելի և անհավասարակշիռ գործողություններով վանում է ոչ միայն օտարեկրյա և տեղական ներդրողներին, այլև ծանր հարված է հասցնում փոքր բիզնեսին։ ՀԴՄ կտրոններով իրականացվող հարկային տեռորը և խոշոր տուգանքները ծանրացնում են փոքր բիզնեսի առանց այն էլ բարդ վիճակը։ Փոխարենը, վարչապետի աթոռին հայտնվածը ՀԴՄ կտրոնների թվեր ներկայացնելով, խոսում է տնտեսության իբր աշխուժացման մասին։
Իրավիճակին արձագանքելու փորձեր է անում Կենտրոնական բանկը։ Անցած տարվա վերջին եռամսյակում սկսված բարձր գնաճը մեղմելու նպատակով ԿԲ-ն երկու անգամ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Սակայն, դա բացասաբար է ազդում տնտեսական ակտիվության վրա, քանի որ խստացվում է ֆինանսների հասանելիությունը բիզնեսի համար։ Ուստի, 4,25 տոկոսից բարձրացնելով մինչև 5,5 տոկոսի, Կենտրոնական բանկի խորհուրդը իր վերջին նիստի ժամանակ վերաֆինանսավորման տոկոսադրույքը անփոփոխ թողեց։
Միանշանակ է, որ ԿԲ-ն ևս հայտնվել է բարդ կացության առջև։ Կառավարությունը ոչ միայն ոչինչ չի անում տնտեսության աշխուժացման համար, այլ մի բան էլ նպաստում է տնտեսական անկմանը։ Մյուս կողմից էլ, տնտեսական կացության վատթարացումն ուղեկցվում է բարձր գնաճով։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը կամ իջեցումը հանգեցնելու է կամ տնտեսական անկման խորացմանը, կամ գնաճի բարձրացմանը։ Այդ իրավիճակում միգուցե ճիշտն անփոփոխ թողնե՞լն է։
Այսպես, թե այնպես, Հայաստանի տնտեսությունը շարունակվում է ցնցվել՝ այն տենդի մեջ է, որից դուրս գալու ելքեր այս իշխանության դեպքում պարզապես գոյություն չունեն։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը