Հրապարակվել են երկրի տնտեսության ամբողջ ծավալի՝ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) տվյալները գումարային արտահայտությամբ։ Հիշեցնենք, որ վիճակագրական կոմիտեի այլ հրապարակման համաձայն, անցած տարի՝ 2020թ․-ին Հայաստանում տնտեսական անկումը կազմել էր 7,6 տոկոս։ Այդ ժամանակ նշեցինք, որ այդպիսով մեր տնտեսությունը հետ է շպրտվել առնվազն երկու տարով: Գումարային ցուցանիշները հնարավորություն են տալիս ավելի լիարժեք պատկերացում կազմել, թե որքա՞ն է նվազել մեր տնտեսության ծավալը ընդհանուր առմամբ եւ ըստ տնտեսության ճյուղերի՝ առանձին-առանձին։
Այսպիսով, դրամային արտահայտությամ անցած տարի Հայաստանի տնտեսության ամբողջ ծավալը՝ ՀՆԱ-ն կազմել է 6 տրլն 183 մլրդ դրամ։ Այս ցուցանիշը ընդհուպ մոտեցել է 2018թ․-ի ՀՆԱ-ին, որը կազմել է 6 տրլն 17 մլրդ դրամ։ Համեմատության համար նշենք, որ 2016-2017 թվականներին մեր տնտեսությունը աճել էր գրեթե 1 տրլն դրամով։
Արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալն անցած տարի կազմել է 2 տրլն 70 մլրդ դրամ։ Այն միակ ճյուղն էր, որ շնորհիվ հանքարդյունաբերության պահպանում էր աճի որոշակի տեմպ։ Սակայն, 2020 թ․-ին Սոթքի ոսկու հանքը Ադրբեջանին հանձնելուց հետո, այս ճյուղը եւս սկսեց անկում արձանագրել եւ դարձյալ մոտեցավ 2018 թ․-ի՝ 1 տրլն 937 մլրդ դրամ ցուցանիշին։
Գյուղատնտեսությունում ուշագրավ ցուցանիշ է արձանագրվել։ Չնայած այստեղ վիճկոմը արձանագրել է տոկոսային փոքր՝ 1,4 տոկոս աճ, սակայն գումարային առումով այս ճյուղը պարզապես թավագլոր անկում է ունեցել։ Անցած տարի գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 819 մլրդ դրամ։ Նման ցածր ցուցանիշ չի արձանագրվել 2011 թ․-ից ի վեր։ Այս ոլորտում գների աննախադեպ բարձր աճ փաստում է իրական աղետալի վիճակը, որ ամեն ինչից բացի, նաեւ ազգային անվտանգությանն ուղղված լուրջ սպառնալիք է։
Սակայն ամենազավեշտալին Նիկոլ Փաշինյանի քարոզչական փուչիկ շինարարության գումարային ծավալն է։ Այն անցած տարի կազմել է 413 մլրդ դրամ։ Այս ցուցանիշը գումարային առումով մոտեցել է 2016 թ․-ի ցուցանիշին՝ 410 մլրդ դրամ։ Այսինքն, 2020 թ․-ին, մեր շինարարության ծավալներ հետ են գնացել չորս տարով։
Ծառայությունների ծավալը հետ է գնացել երկու տարով եւ ավելի պակաս է կազմել, քան 2018 թ․-ի ծավալն է եղել։ Այսպես, 2020 թ․-ին գումարային առումով մատուցվել են 1 տրլն 708 մլրդ դրամի ծառայություններ, իսկ 2018 թ․-ին՝ 1 տրլն 725 մլրդ դրամի։
Առեւտրի ծավալը, որը մեր տնտեսության ամենամեծ ճյուղն է 2020 թ․-ին կազմել է 2 տրլն 258 մլրդ դրամ, որը մոտ է 2017 թ․-ի ծավալին՝ 2 տրլն 605 մլրդ դրամ։ Այսինքն, այստեղ էլ հետ ենք ընկել երեք տարով։
Ինչպես տեսնում ենք, տնտեսության բոլոր ճյուղերում ունենք անկասելի հետընթաց։ Այն շարունակվելու է նաեւ այս տարի, քանի որ գործող իշխանությունը ոչ միայն չունի տնտեսական զարգացման ոչ մի ծրագիր, այլեւ իր գործողություններով միայն նպաստում է անկմանը։ Երկու տարի անց, մենք շատ ավելի վատ պայմաններով հետ ենք շպրտվել ելման կետ։ Մեր երկիր ոչ միայն ներդրումներ չեն կատարվում, այլեւ ներդրողները իրենց գումարները հանում են դուրս։ Մասնավոր փոխանցումների առումով եւս պատկերը նույնն է՝ անցյալ տարվա դեկտեմբերին արձանագրվել է զուտ ներհոսքի բացասական ցուցանիշ։ Այսինքն, մարդիկ Հայաստանից ավելի շատ հանում են իրենց գումարները, քան թե արտերկրից գումարներ են ստացվում։ Միաժամանակ, արտահանման ծավալները նվազում են, ազգային արժույթը արժեզրկվում, գնաճը ահագնանում․․․
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը