Մեր նախորդ հրապարակման մեջ նշել էինք, թե ինչ աղետալի անկման մեջ է հայտնվել մեր տնտեսությունը Նիկոլ Փաշինյանի կառավարման երեք տարիների ընթացքում, հակառակ «լավ կյանքի» մասին նրա խոստումների։ Սակայն, չնայած այս ակնհայտ իրողություններին, նա կրկին փորձում է մոլորեցնել մարդկանց` կառավարության նիստերից մեկի ժամանակ հայտարարելով, թե տնտեսությունը վերակենդանացման նշաններ է ցույց տալիս։ Այն, որ ՀԴՄ-ներ կտրոնների քանակով չի որոշվում տնտեսության կացությունը անդրադարձել ենք մեկ այլ հրապարակմամբ ներկայացնելով այս տարվա առաջին ամսվա հարկային եկամուտների մոտ 10 տոկոսով պակաս հավաքելու ցուցանիշը, որը տնտեսության ահագնացող անկման ցուցիչներից է։
Օրերս վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2021 թ․-ի հունվար ամսվա սոցիալ-տնտեսական ցուցանիշները, որոնք փաստում են, որ տնտեսական անկումը շարունակվում է նույն տեմպով, որ պարտք վերցնելով եւ աշխատավարձեր, թոշակներ ու պարգեւավճարներ բաժանելով, տնտեսությունը չի զարգանում։ Ընդ որում, շարունակում ենք վերապահումով մոտենալ վիճկոմի հրապարակած տվյալների արժանահավատությանը, քանի որ այն բազմիցս կատարել է կառավարության պատվերը եւ «չի տեսել» այն, ինչը կարող էր ցույց տալ տնտեսության իրական պատկերը։
Այսպիսով, ըստ վիճկոմի, հունվարին Հայաստանի տնտեսական ակտիվությունը նվազել է 7,5 տոկոսով։ Հիշեցնենք, որ 2020 թ․-ի տնտեսական անկումը կազմել էր 7,6 տոկոս։ Այժմ ըստ տնտեսության ճյուղերի ցուցանիշները։
Արդյունաբերությունում, ցավոք, անկումը շարունակում է խորանալ՝ այն կազմել է 1,8 տոկոս նախորդ տարվա հունվարի համեմատ։ Առեւտրում, որտեղ զբաղված է բնակչության մի զգալի հատված, անկումը ավելի խորն է՝ 15,1 տոկոս։ Սա փաստում է բնակչության եկամուտների նվազման մասին՝ մարդիկ սկսել են ավելի քիչ գնումներ անել։ Դա էլ բերում է առեւտրի ոլորտում գործողների եկամուտների նվազմանը։ Ծառայությունների ոլորտում անկումը կազմել է 10,3 տոկոս։ Այս ոլորտը նույնպես արտացոլում է բնակչության եկամուտների նվազման գործընթացը։ Շինարարությունում այս տարվա հունվարին, ըստ վիճկոմի, արձանագրվել է 0,8 տոկոս աճ։ Անցյալ տարի այստեղ 9,5 տոկոս անկում էր։ Մեկ ամսվա ցուցանիշը թերեւս այն «փրկօղակն» է, որով վիճկոմը ցանկացել է թույլ չտալ ընդհանուր տնտեսական անկման ավելի աղետալի պատկերը երեւա։ Գյուղատնտեսության ցուցանիշները բացակայում են, քանի որ հրապարակվում են եռամսյակը մեկ։ Մեծ հավանակնությամբ, այս ճյուղում եւս վիճկոմը թղթային «հաջողություններ» է ցույց տալու։
Բնականաբար, կտրուկ նվազել են թե’ արտահանման, թե’ ներմուծման ցուցանիշները։ Արտահանումը նվազել է 11,3 տոկոսով, ներմուծումը՝ արդեն 20 տոկոսով։ Սրանք, թերեւս, մեր տնտեսության եւ սոցիալական վիճակի լավագույն ցուցիչներ են, քանի որ ապրանքաշրջանառությունը արձանագրվում է նաեւ գործընկեր երկրների մոտ եւ կարելի է հստակ պարզել, թե մեր վիճկոմը իրական տվյալներ է ներկայացնում, թե՞ հորինած։
Մի խոսքով, Հայաստանի տնտեսությունը շարունակում է գահավիժման ընթացքը, իսկ բնակչության սոցիալական վիճակը ավելի ու ավելի է վատթարանում։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը