20 02 2021

Արժևորելով ազգային հերոսներին և ըստ արժանվույն գնահատելով նրանց մեծ վաստակը

Արժևորելով ազգային հերոսներին և ըստ արժանվույն գնահատելով նրանց մեծ վաստակը

2000 թվականի փետրվարի 20-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցավ Անդրանիկ Օզանյանի աճյունի վերահուղարկավորումը:  Զորավարի աճյունը Փարիզից էր տեղափոխվել Երևան։ Այո, հերոսների, ազգի մեծերի գործունեության ու նրանց վաստակի գնահատմամբ ու արժևորմամբ է միայն հնարավոր լիարժեք հիմքեր ստեղծել նոր մեծագործությունների, սխրանքների ու նվաճումների համար:

Մեր ազգի ճակատագիրը, իր բազմահազարամյա ընթացքով ու բազմաթիվ արժանահիշատակ իրադարձություններով ու պատմական դեմքերով հարուստ լինելով հանդերձ, այնուամենայնիվ, այնպիսի վայրիվերումներով է ընթացել, որ մեր մեծերից շատերի նվիրական շիրիմները կամ դամբարանները, մեր սրբավայրերը, ուխտատեղիները մեր ներկայիս պետականության տարածքից դուրս են: Լավագույն դեպքում՝ արտերկրում են, վատագույն դեպքում՝ այժմ թշնամու տիրապետմանն անցած մեր հայրենիքի 9/10-րդի մի անկյունում:

Երևի մեծ բարեբախտություն է, որ Մեսրոպ Մաշտոցի մարմինը Օշականում է ամփոփված, որ Արշակունի արքաների դամբարանն Աղձքում է կամ Սմբատ և Գագիկ Բագրատունի արքաների մարմինները, ըստ ավանդության, հանգչում են արծիվների խաղալու վայրում՝ Հաղարծնի վանական համալիրի տարածքում, որոնք այսօր ՀՀ իշխանություն համարվողները դեռ չեն հասցրել նվիրել մեր թշնամիներին:

Ամեն դեպքում, ազգի բազմաթիվ այլ նվիրյալ զավակներիտ հանդեպ ճակատագիրն այդքան բարեհաճ չի գտնվել: Ու այդ իսկ պատճառով հավելյալ բովանդակություն է ստանում մեր ազգի պատմական դեմքերի, թեկուզ խորհրդանշական վերահուղարկավորումը կամ հայրենի հողում ամփոփված լինելու պատգամի կատարումը: Առավել ևս, երբ խոսքն այնպիսի մեծությունների մասին է, ինչպիսին է զորավար Անդրանիկը՝ Անդրանիկ Օզանյանը:

Զորավարի աճյունը դեռ անցյալ դարի 20-ականների վերջին պիտի ամփոփվեր Հայաստանում, ըստ իր պատգամի, բայց ստացվեց այնպես, որ Զորավարի աճյունը Կալիֆորնիայից դեպի Խորհրդային Հայաստան ճանապարհին, սովետահայ իշխանությունների մերժման հետևանքով, 1928-ին հանգրվան գտավ Փարիզում, հայտնի Պեր Լաշեզ գերեզմանատանը:

Հայաստանի անկախության վերականգնումից հետո, տարբեր նախաձեռնություններ են եղել՝ Զորավար Անդրանիկի աճյունը Հայրենիք տեղափոխելու և վերահուղարկավորելու հետ կապված: Այդ հարցում առավել ակտիվ էր հանրահռչակ ազատ ոճի ըմբշամարտիկ, Հայաստանը ներկայացնող առաջին աշխարհի չեմպիոն և գավաթակիր (1958թ.) Նորայր Մուշեղյանի և նրա գլխավորած «Զորավար Անդրանիկ» միությունը:

Ուղիղ 21 տարի առաջ, 2000 թվականի փետրվարի 20-ին, զորավար Անդրանիկի ծննդյան 135-ամյակից մի քանի օր առաջ, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցավ Անդրանիկ Օզանյանի աճյունի վերահուղարկավորումը:  Զորավարի աճյունը 2000-ի փետրվարի 18-ին Փարիզից տեղափոխվել էր Երևան: Փետրվարի 19-ին և 20-ին ժողովուրդը հնարավորություն ունեցավ իր հարգանքի տուրքը մատուցել սիրելի Զորավարին ու Ազգային հերոսին: Եվ փետրվարի 20-ին Զորավար Անդրանիկի աճյունը, զինվորական հատուկ պատվո կարգով, ամփոփվեց «Եռաբլուր» պանթեոնում:

Հասկանալի է, որ դա հնարավոր եղավ կազմակերպել պետական համապատասխան գերատեսչությունների, կոնկրետ պաշտպանության նախարարության հանձնախմբի միջոցով: Հասկանալի է նաև, որ Հայաստանի այն ժամանակվա իշխանության համար, կոնկրետ՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պարագան նկատի ունենալով, արագորեն լուծվեցին զորավարի աճյունը Փարիզից տեղափոխելու հետ կապված հարցերը. քավ լիցի, բարեկամական Ֆրանսիայի հետ հարաբերություններն այնպիսի մակարդակի վրա էին, որ նման հարցերը միանգամայն արագորեն կարող էին լուծվել:

Այս ամենի հետ կապված, կարծում ենք, ամենից էականն այն է, թե օրվա իշխանությունները, ի դեմս պետության ղեկավարի, ինչ վերաբերմունք ունեին, ինչպես էին գնահատում ազգի մեծերի, կոնկրետ դեպքում՝ զորավար Անդրանիկ Օզանյանի և նրա գործունեության արժեքը, Ազգային հերոսի կերպարը:

Սա էական հանգամանքն է այս իրադարձության հետ կապված, քանզի հենց այդ արժևորումն է, որ ամբողջացնում է եղելության բովանդակությունը: Այդ բովանդակային մոտեցման արտահայտությունն է և այն, որ ընդամենը ամիսներ անց՝ նույն թվականի մայիսին, Հայաստանի անկախության վերականգնման տոնի նախօրյակին, Հայաստան տեղափոխվեց նաև զորավար Դրոյի՝ Դրաստամատ Կանայանի աճյունը, որն ամփոփվում է Ապարանում...

Այո, հերոսների, ազգի մեծերի գործունեության ու նրանց վաստակի գնահատմամբ ու արժևորմամբ է միայն հնարավոր լիարժեք հիմքեր ստեղծել նոր մեծագործությունների, սխրանքների ու նվաճումների համար: Սրանք ամենևին հնչեղ խոսքեր չեն:

Անհնար է չտեսնել, որ մեր ձախողումները, հատկապես՝ այս վերջին խայտառակությունը, սկսվեց այն պահից, երբ որոշակի ճղճիմաբարո սուբյեկտներ սկսեցին ամեն կերպ նշավակել ազատամարտի հերսներին, առհասարակ՝ վաստակ ունեցող ռազմակա ու պետական գործիչներին: Երբ սկսում ես թուլացնել կամ ջարդել ազգի անցյալի ու ռազմական փառքի աղյուսները, մի օր կարող է դիմադրողունակության պարսպապատն ուղղակի փլվել՝ փլատակների տակ թողնելով նաև նրանց, ովքեր անհասկանալի խանդավառությամբ թռչկոտում էին, երբ ոմանք թուլացնում էին աղյուսները:

Սահակ Մեսրոպյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ