18 02 2021

Ամենա, ամենա Նիկոլը․ Այսքանից հետո է՞լ ինչով կարող է պարծենալ Նիկոլը

Ամենա, ամենա Նիկոլը․ Այսքանից հետո է՞լ ինչով կարող է պարծենալ Նիկոլը

Նիկոլը մարդամեջ դուրս գալու քաջություն չունի` ծայրահեղ վախկոտ է։ Նա նաև անսահման ցինիկ ու անամոթ է։ Անպարագիծ ցինիզմը, անամոթությունը ու վախը ստիպում են նրան` կառչած մնալ աթոռին։ Այլապես` ստիպված է լինելու պատասխան տալ կատարած ամեն քայլի համար։ Իսկ պատասխաններ նա չունի։ Առավելագույնը, որ նա ընդունակ է ասել` անձնապես գործած դավաճանությունները ու իր հայակործան կառավարումը արդարանալու համար, կարող է լինել այն` ինչ ասում էին ֆաշիստ հանցագործները Նյուրնբերգյան դատավարության ժամանակ. «ես միայն հրամաններ եմ կատարել»։

Մինչդեռ Նիկոլի ու գերմանացի ֆաշիստների միջև մի էական տարբերություն կա։ Վերջինները կատարել են իրե՛նց երկրի այդ պահի ղեկավարի հրամանները, իսկ այս պահին դեռ մեր երկրի ղեկավար մնացածը հնարավոր է` կատարել է ա՛յլ, թշնամի երկրներից ու օտար հատուկ ծառայություններից ստացած հրամաններ։ Տեղեկություններ կան, պնդումներ կան, փաստեր, հրապարակաված են ու չեն հերքվել. Երևի թե անհերքելի են։ 

Նիկոլի համար պրոգրեսիվ են թուրքական գերությունից ազատվածների բացառիկ մեծաթիվության ու Եռաբլուրի տարածքը աննախադեպ ընդարձակելու ցուցանիշերը։ Այսինքն. նա պարծենում է, որ իր կառավարման հետևանքով առավել թվով հայորդիներ են գերեվարվել և իր սադրած պատերազմի ընթացքում առավել թվով զինվորներ են զոհվել։ Մինչդեռ. սա ո՛չ թե պրոգրեսի, այլ ծայրահեղ, անզուսպ դեգրադացիայի եզրն է։

Այս եզրագիծն անցնելուց հետո Նիկոլը կարող է պարծենալ, որ ինքը երկրի ղեկավարներից ամենախելապակասն է աշխարհում, որ համաշխարային պատմության մեջ ոչ մի գերագույն գլխավոր հրամանատար իրենից ավելի հապճեպ կապիտուլյացիա չի ստորագրել, որ որպես վարչապետ ինքն անգերազանցելի է սակավամտության ու անիրազեկության ասպարեզում, որ վախկոտության ու ստախոսության ցուցանիշով մոլորակի ռեկորդակիրը հենց ինքն է, որ ինքն է այն միակ հաճարեղ մանիպուլյատորը երկրագնդում, ում անամոթությունն ու ցինիզմը բավարարել են` իր ստորագրած անվերապահ կապիտուլյացիան իր անձանական հաղթանակը հռչակելու համար, որ մարդկությանը հայտնի չէ մի այլ պաշտոնյա, ում իր ժողովուրդը առավել ատի ու թշնամին առավել սիրի, քան ինքն է...  

Հիմա ինքն առաջնորդվում ու մեզ սադրում է «կամ թողեք ես կառչած մնամ իմ զավթած աթոռին, կամ դուք չեք ունենա ձեր պետությունը» խաբեբայական, շանտաժային թեզով։

Ի վերջո. եթե քրեական օրենսգիրքը միանշանակ սահմանում է, որ օրենքի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից, ապա ինչո՞ւ պետք է մեր երկրի ղեկավարը չկրի պատասխանատվություն սեփական անիրազեկության կամ անկարողության հետևանքով տեղի ունեցած սխալների, ժողովրդին ու պետությանը պատճառված անվերականգնելի կորուստների, նպատակաուղղված ու անշեղորեն երկիրը պարտության մատնելու համար։ Մի՞թե ղեկավարելու ունակություններ չունենալով երկրի ղեկավար դառնալն ինքնին հանցագործություն չէ։

 

Գևորգ Հարությունյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ