08 02 2021

«Թքածը լիզելու» գծով չեմպիոն ու բացարձակ ռեկորդակիր է

«Թքածը լիզելու» գծով չեմպիոն ու բացարձակ ռեկորդակիր է

Փաշինյանական երկրավեր ու տնաքանդ խմբավորումն արժեր «Հետքայլ» վերանվանել: Այդ տարբերակով այն ավելի կհամապատասխաներ… Քիչ էր մնում, որ գրեի՝ բովանդակությանը, մինչդեռ դրանք բովանդակազուրկ են: Կհամապատասխաներ իրենց վարքուբարքին:

Ոչ այնքան վաղուց, հազիվ մի քանի օր առաջ, Փաշինյանն ու «քայլոները» միաբերան այն էին խոսում, թե՝ «ինչի՞ ընդդիմությունը չի ուզում արտահերթ ընտրությունների գնալ… ա-հա՜ տեսնում են, որ համաժողովրդական աջակցություն չունեն, դրա համա՞ր… մենք ասում ենք՝ եկեք գնանք արտահերթ ընտրությունների… բլա-բլա-բլա…» (զանազան ալենսիմոնյաններ, լենանազարյաններ և «առաջին պլանի» այլ «քայլոներ» այդ կարգի հայտարարություններ էին անում, կհիշեք): Իբր, տեսեք-տեսեք՝ փաշինյանական «քայլը» սրտանց ուզում է, անգամ՝ անհրաժե՛շտ է համարում ստեղծված խորագույն ճգնաժամից դուրս ելնելու համար արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը, իսկ այ, իրենց անհապաղ հեռացումը պահանջող ընդդիմադիրները չեն ցանկանում արտահերթ ընտրությունների գնալ…

Ու մեկ էլ՝ հո՛պ, փաշինյանական «քայլի» երգը, եթե չասենք՝ կռավոցը կտրուկ փոխվեց, թե՝ չէ՜, ի՞նչ եք ասում, ի՞նչ արտահերթ ընտրություններ-մնտրություններ: Հա, կիրակի օրով հավաքվել են, իբր թե՝ լոբի-ձավար են արել ու հանգել հետևության, թե՝ «…հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ, «Իմ քայլը» խմբակցությունը շարունակում է աջակցել վարչապետին…»:

Հանգիստ թողնենք «հասարակության լայն շերտերը», որովհետև եթե բացահայտ տեսնեն, թե ինչ պահանջ կա հասարակության այդ շերտերում, ապա «քայլոները», հայտնի ֆիլմի բացասական հերոսի նման՝ զուգարաններից դուրս չեն գա:

Պարզից էլ պարզ է, թե ինչո՛ւ այդպես կտրուկ շրջադարձվեց սրանց մոտեցումը: Խնդիրն այն է, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանն օրերս հայտարարեց, որ լիովին պատրաստ են մասնակցել նաև արտահերթ ընտրություններին ու կրե՛լ: Դրանից անմիջապես հետո, միանգամայն կանխատեսելիորեն, Փաշինյանը հետ-գլուխկոնծի է տալիս, թե՝ չէ, չէ, մենք արտահերթի չենք գնա…

Բա, հո իզո՞ւր չէ ասված՝ երկու վախը մի մահ է: Եվ, եթե ժողովրդական բառուբանին անցանք, նաև նկատենք, որ փաշինյանական ռեժիմը՝ «գերագույնի» գլխավորությամբ, «թքածը լիզելու» գծով չեմպիոն ու բացարձակ ռեկորդակիր է: Որպես բոնուս՝ սրանց երեսին թքում են, ասում են՝ անձրև է գալիս…

Ամեն ինչ այնքան մակերեսային է, որ խորքային վերլուծության անհրաժեշտություն էլ չկա: Մի խմբավորում, որը գործնականում զավթել է Հայաստանի իշխանությունն ու երկրը և ժողովրդին մատնել տակավին շարունակվող աղետի, գրեթե երկու ամիս զահլա տարավ, թե՝ «գնանք արտահերթ ընտրությունների»:

Դրանց հեռացման պահանջ դրած քաղաքական ուժերն ու գործիչները բացատրում էին, որ ճիշտը սուսոփուս հեռանալն է ու ժողովրդի դատին հանձնվելը, ի լրումն, որ նման իրավիճակում արտահերթ ընտրությունները լրացուցիչ լարվածություն էին հարուցելու, մինչդեռ հիմա պետությունն ու հասարակությունը կայունացնելու արագ քայլերի անհրաժեշտություն կա: Քայլեր, որոնք չի կարող ու չպետք է անի կապիտուլյանտների իշխանությունը:

Բայց այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ եթե փաշինյանականները շատ են ուզում արտահերթ լինի, ապա՝ խնդիր չէ, կմասնակցեն ու կհաղթեն, քաջնազարական Նիկոլ Փաշինյանի լեզուն կուլ գնաց:

Լավ, հիմա, որ փաշինյանական «հետքայլը» ասում է, թե՝ «չէ՜, ի՜նչ արտահերթ ընտրություններ…», դա ի՞նչ է նշանակում: Նախ, նշանակում է, որ իրենք էլ հրաշալի հասկացել են, որ չունեն ոչ մի վարկանիշ, որ եթե այդ ընտրություններում 5 տոկոս ձայն ստանան, ապա պիտի թուրքական արտադրության իրենց «դուխով» գրությամբ կեպիները թուրքական արտադրության ուսապարկերից հանեն ու վեր թռցնեն:

Երկրորդ, դա նշանակում է, որ սրանց իշխանությունից հեռացնելու քաղաքական ևս մեկ, կամուրջ այրվեց: Թերևս, վերջի՛ն կամուրջը: Իսկ դրանից հետևում է, պայքարի՝ ազգային-ազատագրական ընդգծված բնույթ ստանալու անխուսափելիությունը: Մյուս հավանական ենթադրությունն այն է, որ փաշինյանական ռեժիմը պատրաստվում է արյունարբու բռնաճնշումների:

Այնուամենայնիվ, էլի մի զուգահեռ արդյունք կարելի է արձանագրել. «արտահերթի գնալու» խաղեր տալու ընթացքում Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, բացահայտեց իր գրպանի բոլոր «մարդ-կուսակցություններն» ու գրպանային «մանրը»:

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ