28 01 2021

Խաբե՞լ է Փաշինյանը ժողովրդին, այո՛, խաբե՛լ է, շատերիդ համաձայնությամբ ու ցանկությամբ

Խաբե՞լ է Փաշինյանը ժողովրդին, այո՛, խաբե՛լ է, շատերիդ համաձայնությամբ ու ցանկությամբ

Մի կայուն ֆրազ կա, որ Հայաստանն ու Արցախը աղետի մատնելուց հետո հաճախ է  գործածվում ամնեատարբեր մարդկանց խոսքուզրույցում: Ահա այն. «Դե, Նիկոլը խաբեց ժողովրդին...»: Այո, Նիկոլ Փաշինյանը և նրա «նիկոլախումբը» խաբեցին ժողովրդին:

Բայց նախ, «ժողովրդի» մասին: Ավելի ճիշտ՝ այն չակերտավորելու: Ժողովուրդը երկրի բոլոր բնակիչներն են, սկսած՝ անգրագետ Պողոսից, վերջացրած՝ ակադեմիկոս Քալանթարյանով, օրինակ: Բոլո՛րը՝ անկախ իրենց կրթական ցենզից, սոցիալական վիճակից ու հասարակական կարգավիճակից: Հետևաբար, սխալ է ամեն մի հարմար-անհարմար առիթով գործածել «ժողովուրդ» բառը, առավել ևս, այս կամ այն երևույթը վերագրել միանգամից ժողովրդին, այսինքն՝ բոլորին: Սա՝ ի միջի այլոց:

Բուն հարցը: Խաբե՞լ է Փաշինյանը ժողովրդին: Այո՛, Նիկոլ Փաշինյանը բազմիցս ու շարունակաբար, ամենատարբեր հարցերի, խնդիրների ու երևույթների հետ կապված, ցինիկաբար խաբել է, անպատկառորեն ստել, արել է տրամաբանորեն միմյանց կտրուկ հակասող հայտարարություններ:

...Արդեն երկուսուկես տարի է, ինչ Նիկոլի ստախոսությունը դարձել է համապետական պրոբլեմ: Այնպիսի խնդիր, որը հանգեցրեց մարդկային անդառնալի ու եղեռնագործական ծավալի կորուստների, հանգեցրեց ազգային ու պետական աղետի: Ու դեռ հանգեցնում է: Բայց դիտարկվող հարցի նրբերանգը մի փոքր այլ է:

Այո՛, Նիկոլ Փաշինյանն ու կապիտուլյանտ-հողատուների իր «ուսապարկային» անբույր ու անդուր «փունջը» բացահայտորեն խաբել ու ստել են ամբողջ ժողովրդի առջև՝ հերոս Աբաջյանի կեղծ «պապիկով», «տուշոնկաներով» ու անհաշիվ այլ օրինակներով: Դա արել են բազմիցս, կրկնեմ՝ բացեիբաց, անթաքույց, այսպես ասած՝ օրը ցերեկով, չնայած իրենց մութ ու սև գործերին և խավար հոգուն:

Բայց նախ, նրանք չեն խաբել ամբողջ ժողովրդին: Այն պարզ պատճառով, որ ժողովրդի մեջ, օրինակ, տողերիս հեղինակի նման քչերը չեն լռել, հակառակը՝ հրապարակավ ցույց են տվել այդ ստերը, իմ շատ գործընկերներ բացահայտել են ներկայացվող ստերն ու կեղծիքները, բարձրաձայնել ու բարձրաձայնում են դրա մասին:

Սակայն առանցքային հարցն այն է, որ շատ-շատերը ոչ պակաս պարզորոշ հասկացել են, որ այո, Նիկոլ Փաշինյանը ստում է, խաբում է ժողովրդին, ինչպես հիմա են այդ մասսայի բազմաթիվ ներկայացուցիչներ ծոր տալիս անմիջական զրույցներում և սոցցանցերում: Հասկացե՛լ, բացահայտ տեսել են, որ նա, ում «թավշյա» ոգևորությամբ, առանց հարցեր տալու, բերել ու երկրի ղեկավար են կարգել, խաբում է ժողովրդին, խաբո՛ւմ:

Հասկացել ու... փոքրոգությունից, գուցե՝ կեղծավորությունից ու երեսպաշտությունից մղված, գուցե՝ որևէ այլ շարժառիթով ԼՌԵ՛Լ են: Ծպտո՛ւն չեն հանել: Կարճ ասած, համաձայնե՛լ են, թույլ են տվել, որ իրենց խաբե՛ն: Համաձայնել են, որ իրենց ընտրյալը իրենց ֆռռացնի, իրենց կամ շատերին երկարականջ կենդանու տեղ դնի:

Դեռ նկատի չունենք այն «զանգվածին», որի համար ընդհանրապես նշանակություն չունի, թե ինչ է ասում կամ հայտարարում Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը ստեց, թե՝ Արցախի հարցով բանակցություններ չի վարում: Պարզվեց՝ վարում է, այն էլ ինչպես: Հետո ասաց՝ «ինչ պետք է, այն էլ բանակցում ենք»: Դա էլ կուլ տվեցին ու շարունակում են կուլ տալ: Հպարտացան, թե՝ «օդը փակել են», պարզվեց՝ «օդը բացից էլ բաց է»:

Հա, Նիկոլ Փաշինյանը ստոր խաբեբա՛ է: Սակայն հարցն այն է, թե ո՞վ կամ ովքե՞ր են բոլոր նրանք, որ տեսել են այդ ստերը, այդ խաբեբայությունը ու... լռել են, ու կուլ են տվել ու տալիս: Ու հիմա, մեկումեջ ասում են՝ «Նիկոլը խաբեց ժողովրդին»: Ասեք՝ Նիկոլը խաբեց կոնկրետ ձեզ, խոստովանեք, որ թույլ տվեցիք, որ նա խաբի՛ ձեզ, որ դուք նույնիսկ ուզում էիք, որ ձեզ խաբեն: Լայն փակված աչքերով: Կույր ու խուլ ձևանալով, հոժարակամ խաբվեցի՛ք:

Թե չէ այն, որ «Նիկոլը խաբե՜ց...», ինչ-որ մի հայտնագործություն չէ: Բա էլ ի՞նչ պիտի աներ պաթոլոգիկ ստախոսը:

Խնդիրն այն է, թե ինչ եք անում՝ հասկանալով կամ գոնե խոստովանելով, որ ձեզ խաբել են: Ինչպե՛ս եք վարվում խաբեբայի հետ, որի ստերի հանդուրժումը հազար-հազարների կյանք արժեցավ, ու դեռ շարունակվող աղետի հանգեցրեց:

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ