Ռուսական գազի մատակարարումները դադարեցնելու սպառնալիքի ֆոնին Սլովակիայի վաչապետ Ռոբերտ Ֆիցոն մեկնել է Ռուսաստան և հանդիում ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչները դեռ ուրբաթ տեղեկացվել են իմ ուղևորության և նրա նպատակի մասին։ Իմ այսօրվա հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու արձագանքն է, որը հինգշաբթի պատասխանել է իմ անձնական հարցին, որ նա դեմ է գազի ցանկացած տարանցման Ուկրաինայով մեր տարածք»,- գրել է Ֆիցոն ֆեյսբուքյան իր էջում։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի նախագահը կողմ է ռուսական ատոմային ճյուղի դեմ պատժամիջոցներին։ «Այդ դիրքորոշումը ֆինանսական վնաս է պատճառում Սլովակիային և սպառնալիքի տակ դնում էլեկտրաէներգիայի արտադրությունը սլովակյան ատոմային էլեկտրակայաններում, ինչն անընդունելի է»,- նշել է Ֆիցոն։ Նա ավելացրել է, որ Պուտինը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ շարունակել գազ մատակարարել Սլովակիա, բայց դա «գրեթե անհնար կլինի 2025թ. հունվարի 1-ից հետո՝ հաշվի առնելով Ուկրաինայի նախագահի դիրքորոշումը»։
Ֆիցոյի և Պուտինի առերես հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 22-ի երեկոյան Կրեմլում, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Բանակցություններն ավարտվել են առանց մամուլի համար համատեղ հայտարարությունների։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը