06 01 2021

Փաշինյանը հասկացա՞վ, որ ժողովուրդն ու եկեղեցին մերժում են իր ներկայությունը պատարագին

Փաշինյանը հասկացա՞վ, որ ժողովուրդն ու եկեղեցին մերժում են իր ներկայությունը պատարագին

Հայ ժողովուրդն այսօր իր Առաքելական եկեղեցու հետ միասնաբար նշում է իր լինելիության հավաստիքը, հիշատակում է Սուրբ Ծնունդն ու մկրտությունը, նշանավորում է սուրբ Աստվածահայտնության եղելությունը, հաստատում է Հայոց աշխարհի խավարը լուսավորելու, փրկության ու նոր կյանքի հույսը։ Եվ այս ամենին բացակա է մեր երկրի վարչապետի աթոռին դեռ կառչածը։ Ժողովուրդը մերժել է նրա ներկայությունը։ Հավատավոր հայ ժողովուրդը փակել է դավաճանի ճանապարհը դեպի մեր Առաքելական եկեղեցի, թույլ չի տվել թշնամու հրահանգով հազարավոր հայորդիներ զոհաբերած ու գերության մատնած մեղապարտի ներկայությունը սուրբծննդյան պատարագին:

Օրեր առաջ հայ քահանան հրաժարվեց սեղմել հայ ժողովրդի վստահությունը սպառած ու արհամարհանքը վաստակած, հայկական բնակավայրերը մեկը մյուսի հետևից թշնամուն նվիրաբերող, սեփական ժողովրդից ոստիկանական սպառազեն շարասյուներով մեկուսացած ինքնիշխանի մեկնած աջը և խրատ-հորդոր հնչեցրեց. «սպասիր Աստծո դատաստանին»։ Այսօր ժողովրդը կատարեց ի՛ր «դատաստանի» միայն առաջին քայլը և բացահայտ ցույց տվեց, թե իր իշխանությունը յուրացրած, իր զինվորների սրբազան Եռաբլուր դամբարան ուժով, խաբկանքով, զոռով ներխուժող, թշնամու հետ հեռագնա ազգադավ պլաններ կազմած ինքնակալը որքան է հեռու հայոց Առաքելական եկեղեցուց, հայկական արժեհամակարգից ու մշակույթից, որքան է օտարված հայ ժողովրդից ու հայկական արմատներից։ Այսօր Նիկոլ Փաշինյանը եկեղեցի չգալով՝ ինքը ևս ցույց տվեց, հավատից, եկեղեցուց խորթանալը։ Ուստի և. տեղին ու միանշանակ արդար է Շուշին ու Դադիվանքը հանձնելու հրաման տվողի, ժողովրդից «համաճարակային իրավիճակով պայմանավորված ինքնամեկուսացած»-ի նկատմամբ ժողովրդի այսօրվա պահանջը. «Հա՛յր, մի ների՛ր սրան, որովհետև գիտեր, թե ինչ էր անում»։

Գևորգ Հարությունյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ